Թուրքիայի անօրինական գաղտնի ռազմական կառույցներն ու կազմակերպությունները

Թուրքիայի անօրինական գաղտնի ռազմական կառույցներն ու կազմակերպությունները

Թուրքիայի անվտանգության համակարգի առանձնահատկություններից մեկն այն է, որ անվտանգության պետական մարմիններից բացի՝ ոչ օրինական դաշտում տարիներ շարունակ ստեղծվել և գործել են գերգաղտնի անվտանգային-հետախուզական տարբեր մարմիններ ու կառույցներ: Նման կառույցների ու ստորաբաժանումների ստեղծումն ու գործունեությունն ակտիվ փուլ են մտել հատկապես 1990-ական թթ., և միայն վերջին տարիներին իրականացված հետաքննությունների արդյունքում է հնարավոր դարձել որոշակիորեն բացահայտել դրանց գոյությունն ու գործունեության որոշ դրվագներ: Դա պայմանավորված է հատկապես «Էրգենեկոն» խմբավորման դատական գործերով և ԱԶԿ-ի («Արդարություն և զարգացում» կուսակցություն) համառությամբ, քանի որ այդպիսի կառույցների ու ստորաբաժանումների գոյությունն ուղղակի սպառնալիք էր ներկայացնում իսլամամետ կուսակցության համար:

Նման կառույցների առկայությունը Թուրքիայում պայմանավորված է եղել դեռ Սառը պատերազմի տարիներին ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի աջակցությամբ հիմնված մի քանի գաղտնի ստորաբաժանումների գոյությամբ, որոնց հիմնական առաքելությունը երկրի ներսում ձախակողմյան շարժումների ու կոմունիստների դեմ պայքարն էր: Այդպիսի ստորաբաժանումներ գործում էին ՆԱՏՕ-ի անդամ մի շարք պետություններում: Թուրքիայում դրանց վերացման հետ մեկտեղ ի հայտ եկան նոր կազմակերպություններ, որոնց գործառութային շրջանակները փոխվեցին սեփական անվտանգային մարտահրավերներին ու սպառնալիքներին համարժեք:

Դեռևս 1940-ական թթ. վերջերին Թուրքիայից մի խումբ զինվորականներ էին գործուղվել ԱՄՆ հակակոմունիստական պայքարի վերապատրաստման նպատակով, որոնց մասնակցությամբ էլ հետագայում Թուրքիայում ստեղծվում է Հատուկ պատերազմի բաժինը (այսուհետ՝ ՀՊԲ, Özel Harp Dairesi) կամ, ինչպես ընդունված է եղել անվանել, կոնտրգերիլլա խմբերը: 1952 թ. ներկայիս ԱԱԽ-ի նախատիպը հանդիսացող Ազգային պաշտպանության բարձրագույն խորհրդի որոշմամբ ԳՇ-ի կազմում ստեղծվում է Մոբիլիզացիոն հետազոտության խորհուրդը (Seferberlik Tetkik Kurulu), որը սկսում է գործել 1954 թ. սկսած: 1967 թ. այդ կառույցն անվանափոխվում է՝ դառնալով ՀՊԲ, որը յուրահատուկ գաղտնի «բանակ» էր հենց բանակի ներսում: Դրա հիմնական գործառույթը հակակոմունիստական պայքարի կազմակերպումն ու երկրի ներսում ձախերի դեմ տարվող պայքարն էր, ԽՍՀՄ-ի հնարավոր ազդեցության չեզոքացումը: Այդ կառույցի անվանումը կապված է մի շարք աղմկահարույց իրադարձությունների հետ: ՀՊԲ-ի նախկին հրամանատարներից գեներալ Սաբրի Յիրմիբեշօղլուն խոստովանել է, որ 1955 թ. սեպտեմբերի 6-7-ը Ստամբուլում և Իզմիրում տեղի ունեցած անկարգությունների հրահրումն ու քրիստոնյաների դեմ գործողությունները կազմակերպված են եղել ՀՊԲ-ի կողմից՝ դա անվանելով «հոյակապ կազմակերպված գործ»։

ՀՊԲ-ն գործունեության լայն դաշտ ստացավ հատկապես 1960-ական թթ. վերջերին և 1970-ական թթ. ընթացքում, երբ Թուրքիայում բավական ակտիվացել էին ձախակողմյան տարբեր շարժումներն ու ծայրահեղական կազմակերպությունները: Երկրում կոմունիստական ու ձախակողմյան շարժումների դեմ պայքարող կոնտրգերիլլա հակապարտիզանական ստորաբաժանումների պայքարը համակարգող ՀՊԲ-ն սերտ կապերի մեջ էր ազգայնական ուժերի՝ մասնավորապես «Գորշ գայլերի» հետ, ինչը նպաստեց նաև այդ ուժի հզորացմանը: ՀՊԲ-ն «Գորշ գայլերին» դիտարկում էր որպես արդյունավետ միջոց ձախակողմյան շարժումների դեմ պայքարելու համար և սկսեց օգտագործել նրանց: 1960-ական թթ. վերջին ՀՊԲ-ի օժանդակությամբ ստեղծվեցին «Գորշ գայլերի» «Կոմանդոս» ճամբարները, որոնք կարևոր դեր խաղացին նրանց ահաբեկչական գործունեության համար: ՀՊԲ-ի և «Գորշ գայլերի» համագործակցության օրինակներից են 1977 թ. Ստամբուլի Թաքսիմ հրապարակի արյունոտ իրադարձությունները, երբ աշխատավորների մայիսմեկյան զանգվածային ցույցի ժամանակ «Գորշ գայլերի» գործողությունների ու սադրանքների պատճառով զոհվեց 3 տասնյակ, վիրավորվեց՝ 100-ից ավելի մարդ:

«Էրգենեկոն» խմբավորման գործով հետաքննության արդյունքում բացահայտվեցին Թուրքիայում տարբեր տարիներին գործած ընդհատակյա գաղտնի, անօրինական որոշ կառույցներ ու կազմակերպություններ, որոնք ներգրավված են եղել հակաօրինական գործողություններում: Դրանցից էր Ժանդարմերիայի հետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի կազմակերպությունը (Jandarma Istihbarat ve Terörle Mucadele, JITEM), որը ստեղծվել էր հիմնականում ՔԲԿ-ի դեմ պայքարի համար։

2012 թ. փետրվարին Մալաթիայի «Զիրվե» հրատարակչության գործով դատաքննության ընթացքում առաջին անգամ հիշատակվեց «Թուրքիայի ազգային ռազմավարությունների և գործողությունների վարչություն» (Türkiye Ulusal Stratejiler ve Harekat Dairesi, TUSHAD) գաղտնի կառույցի մասին: ԱՀԿ-ին և մեջլիսին ուղարկված տարբեր իրազեկող նամակներում հաստատվում էր նման կառույցի գոյությունը: Սակայն ԶՈՒ ԳՇ-ն պաշտոնապես հերքում էր TUSHAD-ի գոյության փաստը: Ըստ տեղեկությունների ու ձեռք բերված փաստաթղթերի՝ այդ կառույցն ակտիվ գործել է մինչև 2008 թ. և «Էրգենեկոնի» դատավարությամբ ու բացահայտումներով պայմանավորված՝ ընդհատել իր գործունեությունը: Տարիների ընթացքում այն ենթարկվել է վերակազմավորումների, և դատական ցուցմունքներից մեկի համաձայն՝ 1999 թ. «քաղաքացիականացվել» է ու ներգրավվել քաղաքական որոշ գործընթացներում: Վերջինիս են վերագրվում 2007 թ. գարնանը Թուրքիայի նախագահական ընտրություններում Ա. Գյուլի թեկնածության և ԱԶԿ-ի դեմ կազմակերպված «հանրապետության հանրահավաքները»։

«Զիրվե» հրատարակչության գործով որպես ամբաստանյալ և վկա անցնող Իլքեր Չընարի ցուցմունքների համաձայն՝ TUSHAD-ը կազմավորվել է որպես «Էրգենեկոն» խմբավորման ռազմական թև, և ազգային փոքրամասնությունների ու քրիստոնյաների դեմ իրականացված գործողությունների հետևում կանգնած է եղել այդ կառույցը։

2013 թ. սկզբներին ԱՀԿ-ն թուրքական խորհրդարանի հեղաշրջումների գործով հանձնաժողովին է ուղարկել մի շարք փաստաթղթեր, որոնց համաձայն՝ Թուրքիայի ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի (Բոսորագույն սաղավարտներ) մոբիլիզացիոն հետազոտության խորհրդին կից գործել է Կապի, որոնողափրկարարական ստորաբաժանումը (MAK), որը, բացի իրեն վերապահված լիազորություններից (ՔԲԿ-ի հետ համագործակցող տարրերի չեզոքացումն ու մեկուսացումը), գործել է անօրինական դաշտում: Այդ ստորաբաժանման հետ են կապված 2007 թ. նախագահական ընտրություններից առաջ Ա. Գյուլի, Բ. Արընչի և այլոց դեմ մահափորձերի ծրագրման միջոցով երկրում քաոսային իրավիճակի ստեղծման փորձը, քաղաքական հետախուզության իրականացումը: Ստորաբաժանումը Թուրքիայի մի շարք նահանգներում հասարակությանն առանձնացրել է թիրախային երեք խմբերի մեջ:

Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ի ենթակայության տակ տարբեր ժամանակներում ստեղծվել և գործել են մի շարք աշխատանքային-հետազոտական խմբեր, կոմիտեներ ու կենտրոններ, որոնց մեծ մասը դուրս է եղել ԶՈՒ-ի իրավասությունների շրջանակից: Դրանց մի մասը վերաբերում էր ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության ոլորտներին, ինչպես օրինակ՝ Կիպրոսի ու Հունաստանի հետ հարաբերությունների ուսումնասիրման «Հունաստան-Կիպրոս» բաժինը (Yunanistan-Kıbrıs Dairesi), անվտանգության խնդիրների հետազոտությունների «Վստահություն» աշխատանքային խումբը (Güven Çalışma Grubu), հարևան երկրներում հրթիռային ոլորտում սպառազինումն ուսումնասիրելու և հակաքայլեր ձեռնարկելուն նպատակաուղղված «Բարբարոս» աշխատանքային խումբը (Barbaros Çalışma Grubu), քրդերի դեմ պայքարի Արևելյան խումբը (Doğu Çalışma Grubu) և այլն: Սակայն ԳՇ-ի ենթակայության տակ ստեղծված աշխատանքային մի քանի նման խմբերի գործունեությունը, որոնք վերաբերում էին արտաքին քաղաքականությանն ու ներքաղաքական գործընթացներին, դուրս էր մնում բանակի իրավասության շրջանակից: 1990-ական թթ. սա պայմանավորված էր Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքում բանակի հրամանատարության ունեցած մեծ ազդեցությամբ, և ԳՇ-ն իրեն էր վերապահում երկրում մի շարք հիմնախնդիրների վերահսկողությունն ու որոշումների կայացումը: Դրանցից էին նույն այդ ժամանակաշրջանում ստեղծված ԵՄ-ի հետ հարաբերությունների ուսումնասիրման ԵՄ աշխատանքային խումբը, Կովկասում տեղի ունեցող գործընթացների հետազոտության Կովկասի աշխատանքային խումբը և երկրի ներսում հետադիմականության ու քաղաքական իսլամի դերակատարությանը հետևելու նպատակով հիմնված Արևմտյան աշխատանքային խումբը (Batı Çalışma Grubu):

Ավելացնել նոր մեկնաբանություն