Այս տարիկաթը յուրահատուկ է, քանի որ նրա ծագումը կապվում է Փոքր Ասիայից մի պարսիկ էմիգրանտի հետ, որը պատկանում էր առավելապես Խորասանի, քան Բաղդադի դպրոցին: Մավլավիների տարիկաթի գործունեությունը սահմանափակվում էր Փոքր Ասիայով և Օսմանյան կայսրության եվրոպական շրջաններով:

Մավլավիական եղբայրություն

Մավլավիական եղբայրություն

Այս տարիկաթը յուրահատուկ է, քանի որ նրա ծագումը կապվում է Փոքր Ասիայից մի պարսիկ էմիգրանտի հետ, որը պատկանում էր առավելապես Խորասանի, քան Բաղդադի դպրոցին: Մավլավիների տարիկաթի գործունեությունը սահմանափակվում էր Փոքր Ասիայով և Օսմանյան կայսրության եվրոպական շրջաններով:

Ջալալադդինը ծնվել է 1207 թ. Բալխ քաղաքում, մոնղոլների արշավանքները ստիպեցին նրա ընտանիքին հեռանալ այդտեղից, և շուտով նրանք հայտնվեցին Սելջուկյան իշխանության ներքո գտնվող Ռումա շրջանում: Ջալալադդինի հայրը Խորեզմի սուֆիական միստիկական ուղու հետևորդն էր, ուստի նրա սուֆիական պատրաստվածությունը շարունակվեց: Սակայն 1244 թ. նա հանդիպեց Շամսադդին անունով դերվիշի Թավրիզից, ինչից հետո Ջալալադդինը վերածվեց երազողի, որն իր տեսիլքները մարմնավորում էր պարսկական պոեզիայի պատկերներով: Դրանից հետո Ջալալադդինի մուրիդները սպանեցին այդ դերվիշին: Վերջինիս հետ շփումը, սակայն, Ջալալադդինին տարավ միստիկական ճանաչման այլ ճանապարհով, որի անվանումը գալիս է մավլան՝ «մեր ուսուցիչը» անունից: Իբն Բատուտան այս ուղին անվանում է ջալիլիայի ճանաչում: Այն սկսեց զարգանալ որպես առանձին կազմակերպություն Ջալալադդինի մահից՝ 1273 թվականից հետո:

Այս տարիկաթը հայտնի է «Մասնավի» միստիկական պոեմի շնորհիվ, որը գրել է տարիկաթի առաջնորդը: «Մասնավին» իրենից ներկայացնում է հեղինակի քնարական մտորումների, տարբեր դրվագների վերաբերյալ մտածմունքների, պոետական ձևով ներկայացված անալոգիաների ժողովածու: Մավլավին համարում է, որ պոեմը պարզաբանում է Ղուրանի ներքին իմաստը: Այս եղբայրությունը նշանակալի դեր է ունեցել Թուրքիայի մշակութային կյանքում և օգնել է քրիստոնեության տարբեր ուղղությունները համաձայնեցնել իսլամի հետ: Ամենասկզբից եղբայրությունը ժառանգական էր: Ջալալադդին Ռումիից հետո այս տարիկաթի հետագա զարգացումը կապվում է Մավլանի անվան հետ, որի աշխատությունները մուրիդի միստիցիզմին տպավորիչ հուզականություն հաղորդեցին:  

Մավլավիների եղբայրության ներկայացուցիչներն աչքի էին ընկնում երաժշտության նկատմամբ իրենց սիրով և զիքրի առանձնահատկություններով, ինչի շնորհիվ Եվրոպայում նրանք հայտնի են որպես «պտտվող դերվիշներ»: Տիեզերական մարմինների շարժումը խորհրդանշող պարն ընդունվում է որպես ամբողջություն՝ չնայած ձևի բարդությանը: Այն շատ է հանդիպում Ջալալադդինի քնարական բանաստեղծություններում, որոնք հայտնի են «Շամսադդին Թավրիզի դիվան» անունով:

Ինչպես արդեն գիտենք, եղբայրությունների հետ սերտ կապեր ունեին ղազիները: Մավլավիների եղբայրության շեյխերի կենսագրություններում, որոնք 14-րդ դարի կեսերին հավաքել է Աֆլաքը, երևում են ղազիի կոչում ստանալու ծիսակատարությունների նկարագրություններ, վերջիններս կարելի է համեմատել Արևմուտքում ասպետի կոչում ստանալու հետ: Պատմվում է, թե ինչպես է Այդիններից մի էմիրի մավլավի շեյխը տվել «ղազիների սուլթան» կոչումը: Մավլավիների եղբայրությունը համարվում է արիստոկրատների տարիկաթ, և պատահական չէ, որ այն մեծ տարածում գտավ հենց այս շերտի շրջանում:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն