Ղարաքիլիսայի ճակատամարտը
Հայաստանի առաջին հանրապետության ձևավորմանը նախորդած Մայիսյան հերոսամարտերի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Ղարաքիլիսայի մատույցներում Հայկական կորպուսի և աշխարհազորայինների մղած 4-օրյա անհավասար ճակատամարտը։
Ավետիս Ահարոնյանի կողմից «20-րդ դարի Ավարայր» բնորոշումը ստացած այս պատմական իրադարձությունը 1918-ի մայիսին Արևելյան Հայաստանի տարածքում տեղի ունեցած երեք հիմնական ռազմաբախումներից, անկասկած, ամենախոշորն էր, որի արդյունքում թուրքական բանակն ունեցավ մեծ կորուստներ։ Եթե Սարդարապատում ձեռք բերված և Բաշ-Ապարանում ամրապնդված առաջին հաղթանակներից հետո Հայկական կորպուսի հիմնական ուժերը Ղարաքիլիսայի մատույցներում ուժասպառության եզրին չհասցնեին հակառակորդի խոշորագույն խմբավորմանը, ապա թերևս անհնարին կլիներ խափանել Թիֆլիսը գրավելու՝ թուրքական հրամանատարության նախնական մտահղացումը։
Ավելին՝ նման պայմաններում հնարավոր չէր լինի կանխել նաև Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատներում կուտակված հայկական զինուժի թևանցումը Ղարաքիլիսա-Դիլիջան գծով, որն անհնարին կդարձներ մայիսի 28-ին հռչակված Հայաստանի անկախության հռչակագրում մատնանշված «հայաբնակ տարածքների» վերահսկողությունը հայկական զինուժի կողմից։ Ղարաքիլիսայի հերոսամարտի շնորհիվ ապահովվեց նաև շուրջ 20.000 գաղթականի անվտանգությունը:
Իզուր չէ, որ թուրք հրամանատարն ասել է՝ «Ղարաքիլիսայում հայերն ապացուցեցին, որ կարող են լինել աշխարհի լավագույն զինորները»:
Այդ պատերազմին չմասնակցեց Անդրանիկ Օզանյանը, նույն ինքը՝ զորավար Անդրանիկը: Ղարաքիլիսայի ճակատամարտում իր մեծ դերն ունեցավ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանըանը, որն ասել է. «Եթե պատերազմում մեր լոզունգը լիներ թալանը, գուցե ավելի հաջողություն ունենայինք»։
Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորել են հայ բնակչությանը (շուրջ 5000 մարդ), ավերել բնակավայրերը և անցել Ղազախ: Ղարաքիլիսայի ճակատամարտի շնորհիվ թուրքական զավթիչները հրաժարվել են Թիֆլիս գնալու մտադրությունից և չեն կարողացել մտնել Սևանի ավազան:
Ղարաքիլիսայի ճակատամարտի քաջերն իրենց անձնուրաց հերոսությամբ կատարեցին Արամ Մանուկյանի պատգամը՝ թուրքական գերակշիռ ուժերին Ղարաքիլիսայում պահելով ոչ թե երեք, այլ չորս օր՝ մինչև մայիսի 28-ը: Այդ գործում իրենց ժողովրդին մեծագույն ծառայություն մատուցեցին Ղարաքիլիսայի հերոսամարտի ռազմական գործողությունների փաստացի անզուգական հրամանատար Գարեգին Նժդեհը և ճակատամարտում հերոսաբար անմահացած երիտասարդ կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանը: Ղարաքիլիսայի ճակատամարտի ընթացքում իրենց անունը փառքով պսակեցին մի շարք հայ սպաներ՝ Գեորգիևյան Ա կարգի շքանշանակիր գնդապետ Նիկոլայ Ղորղանյանը, գնդապետներ Սմբատ Սամարցյանը, Հովսեփյանը և Գամազյանը, փոխգնդապետ Ալոբյանը և շատ ուրիշներ:
Ավելացնել նոր մեկնաբանություն