Բոնապարտը Եգիպտոսում. Գիզայի ճակատամարտը, մամլուքների պարտությունը և Կահիրեի գրավումը ֆրանսիացիների կողմից

Բոնապարտը Եգիպտոսում. Գիզայի ճակատամարտը, մամլուքների պարտությունը և Կահիրեի գրավումը ֆրանսիացիների կողմից

Բոնապարտը Եգիպտոսում. Գիզայի ճակատամարտը, մամլուքների պարտությունը և Կահիրեի գրավումը ֆրանսիացիների կողմից

Եգիպտոսն այդ ժամանակ գտնվում էր Մուրադ և Իբրահիմ բեյերի համատեղ կառավարման ներքո: Երբ Կահիրե հասավ Բոնապարտի՝ Ալեքսանդրիա մտնելու լուրը, այստեղ գումարվեց մամլուքներից կազմված ռազմական խորհրդի նիստը՝ որոշելու, թե ինչ քայլերի պետք է դիմել: Ընդունված որոշումների մեջ կար երկու հիմնական կետ: Առաջին՝ օգնության համար դիմել օսմանյան սուլթան Սելիմ III-ին, և երկրորդ՝ բոլոր միջոցներով կազմակերպել Եգիպտոսի պաշտպանությունը: Այդ պարտականությունը դրվեց Մուրադ բեյի վրա: Որոշվեց այլևս չսպասել ֆրանսիական զորքերի առաջխաղացմանը Կահիրեի ուղղությամբ և ճակատամարտը տալ մինչև մայրաքաղաքին նրանց մոտենալը: Մամլուքները, որոնք հստակ պատկերացում չունեին ֆրանսիական զորքերի և նրանց հրամանատարի մասին, լրիվ չէին գիտակցում այն վտանգը, որ կախվել էր իրենց գլխին: Ռազմական խորհրդի որոշմամբ Մուրադ բեյը, իր զորքերի գլուխն անցած, Կահիրեից դուրս եկավ և շարժվեց ֆրանսիական զորքերին ընդառաջ: Նրա զորքը բաղկացած էր հեծելազորից, հետևակից և ռազմածովային ուժերից: Եգիպտական զորքերի տրամադրության տակ կար նաև հրետանի: Մուրադ բեյի հրամանով Մուգազա վայրի մոտ՝ Նեղոսի վրա, երկաթյա շղթաներից եգիպտացիները պատնեշ կառուցեցին՝ կասեցնելու ֆրանսիական նավերի նավարկությունը Նեղոս գետի ջրերով: Մուրադ բեյը պատնեշի մյուս կողմում տեղավորեց եգիպտական նավերը, իսկ եգիպտական հետևակը և հեծելազորը դասավորեց Նեղոսի երկու ափերով: 1798 թ. հուլիսի 13-ին ֆրանսիական զորքերը գրոհեցին եգիպտացիների վրա: Այդ ռազմական բախումը տևեց ընդամենը մեկ ժամ: Ֆրանսիացիները պայթեցրին ու այրեցին եգիպտական նավերից մեկը, ինչը բավարար եղավ, որ եգիպտական բանակը խուճապի մատնվի: Խուճապի առաջացման մեջ մեղքի իր բաժինն ունեցավ նաև Մուրադ բեյը, որը, սարսափած այդ տեսարանից, փախուստի դիմեց՝ բախտի քմահաճույքին թողնելով իր զորքերը, և շունչ առավ Կահիրեում: Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ նույն թվականի հուլիսի 21-ին Կահիրեից ոչ հեռու՝ Գիզայում: Մամլուքյան զորքը գլխովին ջախջախվեց: Մուրադ բեյը կրկին փախուստի դիմեց, այս անգամ դեպի Վերին Եգիպտոս, իսկ Իբրահիմ բեյն ապաստան գտավ Սիրիայում: Ֆրանսիացիները դաժան հաշվեհարդար տեսան ոչ միայն մամլուքյան զինվորների հետ, որոնցից հազարավորներն ընկան ճակատամարտում կամ մահապատժի ենթարկվեցին, այլև բնակչության հետ, որոնք մասնակցել էին Կահիրեի պաշտպանությանը և օժանդակել մամլուքյան բանակին: Ֆրանսիացիները գրավեցին և կողոպտեցին Կահիրեն:

 

«Բոնապարտը Եգիպտոսում» շարքի առաջին հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն