Եգիպտոսը 1920-1930 թթ. (մաս 1)
Թեև Առաջին աշխարհամարտը մղվում էր արաբական երկրների համար ատելի Օսմանյան կայսրության դեմ, պատերազմի ավարտից անմիջապես հետո Եգիպտոսը պայքար սկսեց բրիտանական պրոտեկտորատի վերացման և իր անկախության համար։ Լոնդոնում հասկանում էին, որ անհնար է ամեն ինչ անփոփոխ թողնել, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել լարվածությունը մեղմելու համար, այդ պատճառով բրիտանական կառավարությունն արտահայտվեց հօգուտ Եգիպտոսի կառավարման համակարգում որոշ բարեփոխումների կիրառման։
1917 թ. ստեղծվեց բարեփոխումների անգլո-եգիպտական հանձնաժողով, բրիտանական կողմը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց Եգիպտոսի նոր սահմանադրության նախագիծը, որն ընդունվեց նրա կողմից։ Սակայն նոր սահմանադրությունը ոչ մի կերպ չի կարելի համարել բարեփոխում, այն ավելի էր սահմանափակում Եգիպտոսի իրավունքներն ու ամրապնդում բրիտանական տիրապետությունը Եգիպտոսում։ Դա չտեսնված դժգոհություն առաջացրեց ամբողջ երկրում։ 1918 թ. նոյեմբերի 13-ին Գերմանիայի հետ Կոմպենյան զինադադարի կնքումից հետո Եգիպտոսում բրիտանական գլխավոր կոմիսար Ռեջինալդ Վինգեյտին այցելեց մի պատվիրակություն՝ Եգիպտոսի Ազգային ժողովի փոխնախագահ Սաադ Զաղլուլի գլխավորությամբ։ Նա եգիպտական ժողովրդի անունից բրիտանական կոմիսարին ներկայացրեց երեք կետից բաղկացած պահանջ՝ վերացնել բրիտանական պրոտեկտորատը, ճանաչել Եգիպտոսի անկախությունը և դուրս բերել անգլիական զորքերը Եգիպտոսից։
Բացի դրանից՝ Սաադ Զաղլուլը 1918 թ. նոյեմբերի 20-ին դիմեց անգլիական իշխանություններին Անգլիա մեկնելու թույլտվություն ստանալու խնդրանքով։ Անգլիա ժամանելու և եգիպտական պահանջները բրիտանացիներին ներկայացնելու ցանկություն էր հայտնել նաև եգիպտական կառավարությունը, որը պատրաստ էր վարչապետ Հուսեյն Ռուշդի գլխավորությամբ պաշտոնական պատվիրակություն ուղարկել Լոնդոն։ Սակայն բրիտանական կառավարությունը վարչապետ Ռուշդիի այցը նույնպես համարեց անցանկալի։ Սաադ Զաղլուլը և նրա համախոհները կազմակերպեցին եգիպտական պատվիրակություն՝ Վաֆդ ալ-Միսրի, որի առաջնային նպատակն էր Փարիզ մեկնել և այնտեղ իր աշխատանքները սկսած Խաղաղության միջազգային կոնֆերանսին ներկայացնել Եգիպտոսի պահանջները։
1919 թ. ապստամբությունը
Նախքան Փարիզ մեկնելը Վաֆդը մշակեց և ընդունեց գործողությունների ծրագիր, որը ստացավ «Ազգային պահանջների խարտիա» անվանումը։ Հայրենասիրական և հակաբրիտանական ալիքի աննախադեպ բարձրացման պայմաններում 1919 թ. մարտի 1-ին Հուսեյն Ռուշդիի կառավարությունը հրաժարական տվեց։ 1919 թ. մարտի 8-ին անգլիական իշխանությունները ձերբակալեցին Սաադ Զաղլուլին և Վաֆդի մյուս ղեկավարներին։
Այս ձերբակալությունն առիթ ծառայեց 1919 թ. եգիպտական ապստամբության համար։ Ապստամբությունն իսկական համաժողովրդական բնույթ ստացավ, երբ պայքարին միացան ֆելահները՝ գյուղացիները։ Հակաիմպերիալիստական ելույթներն ընդգրկեցին Եգիպտոսի գրեթե բոլոր քաղաքները և գյուղական վայրերը՝ Ալեքսանդրիան, Բիխեյրը, Շարկիյան, Մանսուրը, Ասուանը և այլն։ Բնակչությունը զինված դիմադրություն էր ցույց տալիս անգլիական բանակի կանոնավոր զորամասերին։ Այս ապստամբության առանձնահատկություններից մեկն էլ այն էր, որ Եգիպտոսի պատմության մեջ առաջին անգամ կանայք մասնակցեցին հակագաղութային պայքարին։
Ստեղծված պայմաններում Անգլիան դիմեց ավելի կտրուկ գործողությունների, Եգիպտոսում բրիտանական գլխավոր կոմիսար նշանակվեց գեներալ Ալլենբին։ Վերջինս ստեղծեց պատժիչ խմբեր, որոնց գլուխն անցած՝ նա մեկը մյուսի հետևից սկսեց ճնշել ապստամբական կենտրոնները։ Անգլիացի զինվորները նրա հրամանով կրակում էին խաղաղ ցուցարարների վրա, հիմնահատակ ավերում և հրկիզում գյուղերը։
1919 թ. ապրիլին ազատ արձակվեցին Սաադ Զաղլուլը և նրա զինակիցները։ Դեռ ավելին՝ Անգլիան թույլատրեց նրանց մեկնել Փարիզ և Խաղաղության կոնֆերանսին ներկայացնել Եգիպտոսի պահանջները։ Այս բոլոր միջոցառումների արդյունքում Անգլիային հաջողվեց ճնշել ապստամբությունը։ Փարիզի կոնֆերանսում միմյանց բախվեցին Սաադ Զաղլուլի և Լլոյդ Ջորջի տեսակետները։ Անգլիային հաջողվեց կոնֆերանսին ընդունել տալ որոշում առ այն, որ նա հաստատում է բրիտանական պրոտեկտորատը Եգիպտոսի վրա։ Եգիպտոսի հայրենասիրական ուժերի պայքարը երկրի անկախության համար չդադարեց։ 1919-1921 թթ. երկրի տարբեր վայրերում տեղի էին ունենում հակաբրիտանական ելույթներ, որոնք բրիտանական իշխանություններին լարվածության մեջ էին պահում։
1921 թ. դեկտեմբերին Եգիպտոսում սկսվեց մի նոր ապստամբություն։ 1919 և 1921 թթ. զույգ ապստամբությունները, նրանց միջև ընկած ժամանակահատվածում առկա մշտական և կայուն լարվածությունը ցույց էին տալիս, որ Մեծ Բրիտանիայի համար ավելի ու ավելի դժվար էր դառնում պահպանել իր տիրապետությունը Եգիպտոսում։ 1922 թ. փետրվարի 28-ին Մեծ Բրիտանիայի կառավարությունը միակողմանիորեն հայտարարեց, որ ինքը հրաժարվում է պրոտեկտորատից և ճանաչում է Եգիպտոսը՝ որպես անկախ, ինքնիշխան պետություն։ Սակայն անգամ սրանից հետո Եգիպտոսում պահպանվում էր բրիտանական կոմիսարի և խորհրդականների ինստիտուտը, որոնց պահպանումով Անգլիան շարունակում էր իր ձեռքում պահել եգիպտական կառավարության վրա ներազդելու լծակները։
Ավելացնել նոր մեկնաբանություն