Թուրքիայի ռազմածովային ուժեր. դերն ու նշանակությունը (մաս 1)
Թուրքիայի ՌԾՈՒ-ն ԶՈՒ-ի հիմնական զորքի տեսակներից մեկն է, որը քանակական և մարտական հնարավորություններով ու համալրվածությամբ համարվում է տարածաշրջանում ամենամեծն ու մարտունակը: ԽՍՀՄ փլուզումից ու խորհրդային սևծովյան նավատորմի՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բաժանումից հետո թուրքական ՌԾՈՒ-ն դարձավ ամենահզորը Սև ծովում: Հետսառըպատերազմյան շրջանում թուրքական ՌԾՈՒ-ն Թուրքիայի անվտանգության ու պաշտպանության նկատառումներով ստացավ ավելի ընդգրկուն ու ծավալուն գործառույթներ՝ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային նոր զարգացումներին համարժեք: Թուրքիայի՝ որպես տարածաշրջանային դերակատարի հավակնությունները, տարածաշրջանային էներգետիկ, հաղորդակցային նախագծերն ու ռազմաքաղաքական զարգացումները Թուրքիայի զինվորական ու քաղաքական իշխանությունների համար էլ ավելի կարևոր դարձրին Սևծովյան տարածաշրջանում թուրքական հզոր նավատորմի և մարտունակ ու նորագույն սպառազինությամբ համալրված ՌԾՈՒ-ի գերակայությունը:
1980-ական թթ. վերջին Թուրքիայի ՌԾՈՒ-ի կազմում հիմնականում ամերիկյան ու գերմանական հնացած ռազմանավեր էին, որոնք վերջին անգամ արդիականացվել էին 1960-70-ական թթ., սակայն դրանց քանակը մեծ չէր: ՌԾՈՒ-ի արդիականացման ու վերակազմավորման ծրագրերով նախատեսվում էր մեծացնել ռազմանավերի թիվը, արդիականացնել առկա տեխնիկան և համալրել նորագույն զենքի տեսակները: Նորագույն ռազմանավերի ու սպառազինության համալրումը նախատեսվում էր իրականացնել ինչպես արտասահմանյան օգնության, այնպես էլ ուղղակի գնումների միջոցով: Միևնույն ժամանակ քայլեր էին ձեռնարկվում ազգային նավաշինական հիմքի վրա արտադրությունը մեծացնելու ուղղությամբ: 1990-ական թթ. Սև ծովում թուրքական ռազմական նավատորմի մեծությունն ու ավելի մեծ դերակատարություն ապահովելու հավակնությունները մտահոգություն առաջացրին Ռուսաստանում, ինչի մասին 1994 թ. իր հոդվածում արտահայտվել է ռուս ծովակալ Ալեքսեյ Կալինինը՝ նշելով, որ «թուրքական նավատորմը Սև ծովի իրական տերը դառնալու հնարավորություն ունի, և նրա հզորությունը հետևողականորեն մեծանում է»: Ըստ նրա հրապարակած տվյալների՝ 1994 թ. վերջերին թուրքական ռազմական նավատորմի նավերի ընդհանուր թիվը մոտեցել է շուրջ 260-ի: Ռազմածովային նավատորմը հիմնականում համալրված էր արևմտյան երկրների արտադրության նավերով, որոնք Թուրքիային էին տրամադրվել ռազմական օգնության տարբեր ծրագրերի շրջանակում: ՌԾՈՒ-ի հրամանատարության համար առաջնահերթ խնդիրներ էին տարբեր դասի ռազմական նավերի արդիականացումը, տեղական ռազմարդյունաբերության ու այլ երկրների հետ համատեղ արտադրական նախագծերն ու ռազմական ուժի հզորացմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Թուրքական նավատորմի արդիականացման ծրագիրը մեկնարկեց դեռևս 1985 թ., քանի որ ՌԾՈՒ-ի սպառազինությունը բավական հին էր և չէր համապատասխանում ժամանակի չափանիշներին: 1990-ական թթ. թուրքական նավատորմը զգալիորեն արդիականացվեց հիմնականում ամերիկյան կողմի տրամադրած աջակցության շնորհիվ: Նոր ռազմական նավերի ու սուզանավերի արտադրությունը, ինչպես նաև ԱՄՆ-ից նորագույն ռազմանավերի ձեռքբերումը զգալիորեն բարձրացրին ՌԾՈՒ-ի մարտական հնարավորությունները, որոնք արդեն թույլ էին տալիս համակարգված գործել ՆԱՏՕ-ի առաքելությունների ու գործողությունների շրջանակում: ԱՄՆ-ի աջակցությամբ նաև արդիականացվեցին ՌԾՈՒ-ի սպառազինությունն ու ռազմական, այդ թվում՝ հրթիռային համակարգերը: 1980-90 ական թթ. Թուրքիայի ազգային նավաշինական գործարաններում Գերմանիայի աջակցությամբ արտադրվել է «ATILAY» և «PREVEZE» դասի 6 սուզանավ, ինչպես նաև այդ երկրից ձեռք բերվել «MEKO 200» դասի 4 ֆրեգատ, 8 միավոր «Doğan» հրթիռային մոտորանավակ: 1990-ական թթ. դեռևս շարունակվում էր մի քանի սուզանավերի ու հրթիռային մոտորանավակների արտադրությունը: ՌԾՈՒ-ի համալրման գործում զգալի աջակցություն է տրամադրել հատկապես Միացյալ Նահանգները: Չնայած Թուրքիան ցանկանում էր ԱՄՆ-ից ձեռք բերել «Perry» դասի ռազմական նավեր, այդուհանդերձ մատակարարման որոշ խնդիրների պատճառով 1992 թ. թուրքական կողմը դիմեց ԱՄՆ-ին «Knox» դասի ռազմանավեր մատակարարելու համար: 1994 թ. հուլիսին թուրքական «Gölcük» ռազմածովային բազայում Թուրքիայի նախագահի ու վարչապետի մասնակցությամբ նավերը հանդիսավորությամբ հանձնվեցին ՌԾՈՒ-ի հրամանատարությանը: 1990-ական թթ. երկրորդ կեսին ԱՄՆ Կոնգրեսը վավերացրեց ավելի վաղ ընդունված որոշումը, որով Թուրքիային որպես ռազմական օգնություն հատկացվեց «Oliver Hazard Perry» (FFG-7) դասի 3 ֆրեգատ: Տարբեր երկրների հետ համագործակցությամբ թուրքական ռազմական նավատորմի արդիականացման նոր փուլ սկսվեց, որտեղ հիմնական առաջնահերթությունը տրվեց տեղական նավաշինական բազայի զարգացմանը: ՌԾՈՒ-ի արդիականացման, նոր միջոցներով համալրման ու տեխնոլոգիական ժամանակակից ռազմական համակարգերի զարգացման ուղղությամբ հատկացվում էին զգալի գումարներ: Թուրքիայում ակտիվ գործունեություն էր ծավալում ծովային միջոցների ու նավաշինության ոլորտում մասնագիտացած ռազմարդյունաբերական մի քանի ընկերություն: 2006 թ. ՊԱԳՎ-ն 16 միավոր պարեկային նավի արտադրության մրցույթ հայտարարեց տեղական նավաշինական ընկերությունների շրջանում. փաթեթ-առաջարկներ ներկայացրեց թուրքական մի քանի ընկերություն, այդ թվում՝ «Dearsan»-ը, «RMK Marine»-ը, «Ģelik Tekne»-ն: Տարբեր նշանակության ռազմական նավերի արտադրության ոլորտում խոշորագույններից համարվող, 1980 թ. հիմնադրված «Dearsan Gemi İnşaat Sanayi» թուրքական ընկերությունը հիմնականում իրականացրել է «Aquila Tug» տիպի նավերի ու քիմիական տանկերների արտադրություն: 2006 թ. այդ ընկերությունը հաղթող ճանաչվեց Թուրքիայի ՌԾՈՒ-ի համար 16 միավոր նոր տիպի պարեկային նավի արտադրության համար հայտարարված մրցույթում: Արտադրվելիք նավերը համալրված են լինելու 40 մմ երկփողանի հրանոթով, 12.7 մմ մեխանիկական հրափողով, ստորջրյա հրթիռային պաշտպանության ու ջրային ականների վնասազերծման համակարգերով: Ընկերության վերակազմավորման արդյունքում ստեղծվել է Մարտական համակարգերի բաժին, որում ներգրավված են ՌԾՈՒ-ի թոշակառու սպաներ ու ռազմական ինժեներներ: Ընկերությունն առաջիկայում նախատեսում է մեծացնել ռազմական նավերի արտադրական բազան: Մեկ այլ՝ թուրքական «Yonca-Onuk» ընկերությունն իր արտադրական գործընթացում իրականացնում էր տարբեր դասի մոտորանավակների արտադրություն, որոնք կիրառվում են հիմնականում առափնյա անվտանգության ոլորտում:
Թուրքական «RMK Marine» նավաշինական ընկերությունը, որը հիմնադրվել է 1974 թ., 1997 թ. միացավ թուրքական խոշորագույն «Koç Holding» ընկերությանը: Ընկերությունը հիմնականում արտադրել է առևտրային ու տրանսպորտային նավեր, իսկ վերջին տարիներին սկսել է լուրջ ուշադրություն դարձնել ռազմական նավաշինությանը: Ընկերությունը 2007 թ. պայմանագիր ստորագրեց ՊԱԳՎ-ի հետ, որով ստանձնեց ԱԱՀ-ի որոնողափրկարարական նավերի արտադրության 352.5 մլն եվրո արժողության նախագծի իրականացման պատասխանատվությունը, որի շրջանակում արտադրվելու է նման դասի 4 նավ: Նավերի հրամանատարական հսկման ու կապի համակարգերը մշակելու էր «ASELSAN» ընկերությունը: 2009 թ. հունվարին իտալական «Oto Melara» ընկերության հետ պայմանագիր ստորագրվեց վերոնշյալ նավերի համար 40 մմ տրամաչափի երկփողանի հրանոթի մատակարարման վերաբերյալ: 2008 թ. դրությամբ Թուրքիան ԱՄՆ-ից ռազմական օժանդակության տեսքով ստանալու էր «Perry» դասի 2 ֆրեգատ: Դրանցից մեկն այդ երկրին էր տրամադրվելու որպես ռազմական օգնություն, իսկ մյուսը՝ վաճառքի տեսքով: 2007 թ. ԱՄՆ-ն մշակել էր դաշնակից երկրների կարիքների համար ռազմական նավերի տրամադրման ծրագիր, որի շրջանակում էլ Թուրքիային առաջարկվել էին վերոնշյալ տեսակի նավերը: Նշենք, որ Թուրքիան նախորդ տարիներին ԱՄՆ-ից ձեռք էր բերել 8 միավոր նման ռազմանավ, և նախատեսվող ֆրեգատների հետ միասին դրանց ընդհանուր թիվը ՌԾՈՒ-ում կազմում է 10 միավոր: Թուրքիան նաև լուրջ ներդրումներ էր կատարում սուզանավերի ձեռքբերման ուղղությամբ: 1980-ականներին թուրքական նավատորմի սուզանավերը նույնպես բավական հին էին և հիմնականում Երկրորդ աշխարհամարտից մնացած: Սուզանավերի ձեռքբերման գործում Թուրքիան սկսեց համագործակցել հատկապես Գերմանիայի հետ: 1975 թ. սկսած՝ Թուրքիան ձեռք էր բերել գերմանական արտադրության սուզանավեր, որոնց մի մասն արտադրվել էր թուրքական «Gölcük» նավաշինարանում: 1990-ական թթ. նախատեսված էր նավատորմին մատակարարել ավելի կատարելագործված 4 սուզանավ:
Թուրքական նավատորմի նոր սուզանավերի ձեռքբերման համար հայտարարված մրցույթի շրջանակում 2008 թ. հուլիսին Պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստում հաղթող ճանաչվեց գերմանական HDW և անգլիական MFI ընկերությունների համատեղ նախաձեռնությամբ արտադրված «U214» մոդելի սուզանավը: Թուրքական կողմը ձեռք էր բերելու 6 միավոր նման սուզանավ, որի ընդհանուր արժեքը կազմում էր 2.5 մլրդ եվրո: Հիմնական արտադրության գործընթացում մասնակցելու էին նաև թուրքական ընկերությունները: Մասնավորապես այդ սուզանավերի որոշ համակարգեր ու կապի միջոցներն արտադրելու էին թուրքական «ASELSAN», «HAVELSAN», «TÜBITAK» ընկերությունները: 2009 թ. ապրիլին «ASELSAN» ընկերությունն իտալական առաջատար «Finmeccanica» ընկերության մաս կազմող «WASS» կազմակերպության հետ պայմանագիր ստորագրեց նոր տեսակի սուզանավերի պաշտպանական համակարգերի համատեղ զարգացման վերաբերյալ: Պայմանագրի համաձայն՝ թուրքական և իտալական ընկերությունները «WASS» կազմակերպության արտադրության «Black Shark» տորպեդոներն ինտեգրելու են Թուրքիայի համար ձեռք բերվելիք նոր սուզանավերի հակատորպեդային պաշտպանության համակարգին: Ըստ այդ ընկերությունների ներկայացուցիչների՝ հետագա համագործակցության արդյունքում հնարավոր է սկսել տորպեդոների համատեղ արտադրության ծրագրեր:
Միևնույն ժամանակ Թուրքիայի ՌԾՈՒ հրամանատարությունը դիմել էր ԱՄՆ-ին 100 միավոր «MK-54» տեսակի տորպեդոներ գնելու համար, որոնց ընդհանուր արժեքը կազմում էր 105 մլն դոլար: Ձեռք բերվելիք այդ հրթիռները նախատեսված էին «Perry» տեսակի ֆրեգատների ու ՌԾՈՒ-ի «S-70B SEAHAWK» ուղղաթիռների կիրառման համար: 2007 թ. հուլիսին ԱՄՆ Կոնգրեսը հավանություն տվեց, որ Պենտագոնը Թուրքիային վաճառի շուրջ 51 «Block II Tactical Harpoon» հականավային հրթիռ, ինչպես նաև առանձին սարքավորումներ և անհրաժեշտ ծառայություններ տրամադրի 159 մլն դոլար ընդհանուր արժողությամբ:
Ավելացնել նոր մեկնաբանություն