Թուրքիայի ռազմածովային ուժեր. դերն ու նշանակությունը

Թուրքիայի ռազմածովային ուժեր. դերն ու նշանակությունը (մաս 2)

2009 թ. «ROKETSAN» ընկերությունն «ASELSAN» ընկերության հետ աշխատանքներ սկսեց «ATMACA» անվանումը ստացած հականավային հրթիռային համալիրների արտադրության նախագծի իրականացման ուղղությամբ, որի արժեքը կազմում էր 80 մլն եվրո:

Նույն թվականին ԶՈՒ ԳՇ-ի հավանությանն արժանացավ և ՊԱԳՎ-ի ու թուրքական ընկերությունների միջև ստորագրվեց 24 մլն եվրո արժողությամբ Ազգային ծանր տորպեդոների զարգացման նախագիծը: Մեկ տարի անց թուրքական «ROKETSAN» և հարավկորեական «LIG Next» ընկերությունների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, ըստ որի՝ հարավկորեական ընկերությունը տեխնոլոգիական աջակցություն էր ցույց տալու թուրքական նախագծի իրականացման ժամանակ: Նախագիծն իրականացվում էր Թուրքիայի ռազմածովային ուժերի հետազոտական կենտրոնի հրամանատարության (ARMERKOM) տնօրինությամբ՝ «ROKETSAN» ընկերության ու «TÜBITAK»-ի մասնակցությամբ: 2012 թ. արդեն արտադրվել էր ՌԾՈՒ-ի կարիքների համար «AKYA» անվանակոչված տորպեդոների առաջին խմբաքանակը:

«HAVELSAN» ընկերությունը նախագծել և մշակել է նավերի ինտեգրված պատերազմի կառավարման համակարգ (GENESİS), որն ի վիճակի է ինքնուրույն հայտնաբերելու նշանակետերը, նավին սպառնացող հրթիռներն ու տորպեդոները, ինչպես նաև մարտական ղեկավարման ու կառավարման գործառույթներ է իրականացնում օդային, վերջրյա և ստորջրյա ռազմական գործողությունների ժամանակ: 2010 թ. դրությամբ ընկերությունը կատարում էր Թուրքիայի ՌԾՈՒ-ի 8 նավի՝ նման համակարգով համալրման աշխատանքներ: Առաջին համակարգի փորձարկումն ու հանձնումն իրականացվել է 2007 թ., իսկ ևս 2-ինը՝ 2008 թ.: Նախագիծը նախաձեռնվել էր Թուրքիայի ՌԾՈՒ-ի «Perry» ֆրեգատների համալրման համար: Ընկերությունը նման համակարգերի ներդրման ու այլ երկրներ արտահանման հետ կապված համագործակցում է թուրքական նավաշինական ընկերությունների ու ամերիկյան «RAYTHEON» ընկերության հետ: Համագործակցությունը հիմնականում նախատեսում է համակարգերը ներդնել տարբեր երկրների ՌԾՈՒ-ի «FFG 7» դասի ֆրեգատների համար: «HAVELSAN» ընկերությունը 2007 թ. բրիտանական «Ultra Electronic» ընկերության հետ պայմանագիր ստորագրեց ՌԾՈՒ-ի նավերի համար «SEA SENTOR» հակատորպեդային պաշտպանության համակարգերի արտադրության ու ձեռքբերման վերաբերյալ։

Ավելացնել նոր մեկնաբանություն