Թուրքիայի ռազմածովային ուժեր. դերն ու նշանակությունը (մաս 3)
Թուրքիայում նոր դասի պարեկային նավերի արտադրության կապալառու, թուրքական «Dearsan» ընկերության ու «ASELSAN»-ի միջև 2008 թ. ստորագրվեց համագործակցության պայմանագիր, որի շրջանակում ընկերությունը ստանձնեց արտադրվելիք 16 միավոր պարեկային նավի էլեկտրաօպտիկական ուղղորդիչների, միասնական տեղեկատվական համակարգերի ու կրակի կառավարման համակարգերի ու կայունարարով մեխանիկական հրանոթների բազայի արտադրությունն ու դրանց տեղակայումը նավերի վրա: ՌԾՈՒ-ի համար ինտեգրված մարտական համակարգերի ուղղությամբ աշխատանքներ էր իրականացնում նաև «ASELSAN» ընկերությունը AMICOS (ASELSAN Modular Integrated Combat System) նախագծի շրջանակում, որը նախատեսում էր ռազմական նավերը համալրել մարտի վարման ինտեգրված համակարգով:
Ընկերությունն իրականացնում էր նաև ռազմական նավերի տեղեկատվական համակարգերի արդիականացման աշխատանքներ, որի շրջանակում 2010 թ. դրությամբ ավարտել էր ՌԾՈՒ-ին պատկանող 4 հարձակողական նավի նշված համակարգերի արդիականացումը: ՌԾՈՒ հրամանատարության ու ընկերության համագործակցության արդյունքում իրականացվում էին ռազմական նավերի համար էլեկտրաօպտիկական համակարգերի, ջերմային ու լազերային դիտարկման միջոցների (ASIR-D) արտադրության ու նավերին դրանց հարմարեցման աշխատանքներ: 2006 թ. մայիսին ՊԱԳՎ-ի ու «ASELSAN» ընկերության և ՌԾՈՒ-ի հրամանատարության հետազոտական կենտրոնի հրամանատարության (ARMERKOM) միջև ստորագրված պայմանագրով իրականացվում է ռազմանավերի (հետախուզական) 76 մմ տրամաչափի հրանոթների կրակի կառավարման համակարգերի (TAKS) արտադրության ծրագիրը: 2007 թ. հուլիսին «ASELSAN» ընկերությունը ՊԱԳՎ-ի հետ 85 մլն դոլար արժողության պայմանագիր ստորագրեց ՌԾՈՒ-ի կարիքների համար ստորջրյա և վերջրյա հսկողության ու հայտնաբերման (Survelliance and Detection) համակարգի նախագծի (YUNUS) իրականացման վերաբերյալ, որը 24-ժամյա անընդմեջ հատուկ դիտարկում ու վերահսկողություն է իրականացնելու ռազմածովային բազաներում ու կարևորագույն նավահանգիստներում: Թուրքիայի ՌԾՈՒ-ն սկսեց իրագործել լայնամասշտաբ մի նախագիծ, որի շրջանակում Թուրքիայում պետք է արտադրվի 12 միավոր բազմաֆունկցիոնալ հետախուզական ռազմանավ: Նավերի արտադրության «MILGEM» (թուրք.՝ Milli Gemi - ազգային նավ) նախագիծը, որը մեկնարկել է 1993 թ. ՌԾՈՒ-ի հրամանատարության կողմից, 1996 թ. նավերի նախագծման հետ կապված սկսեց աշխատանքներ իրականացնել Ստամբուլի տեխնիկական համալսարանի հետ:
2000 թ. մայիսին ՊԱԳՎ-ի կողմից նավերի նախագծման ու արտադրության ոլորտում հիմնական ընկերությունների մասնակցության մրցույթ հայտարարվեց, որը սակայն 2001 թ. չեղյալ համարվեց, և միայն 2004 թ. որոշում կայացվեց առաջին նավի նախատիպի աշխատանքները սկսելու մասին: Նախագծի հետագա ընթացքի հստակեցման վերաբերյալ 2005 թ. հունվարին ՊԱԳՎ-ի ու ՌԾՈՒ հրամանատարության միջև ստորագրվեց արձանագրություն: Նավի նախատիպի նախագծման, արտադրության ու համալրման, անհրաժեշտ համակարգերի, սարքավորումների ու ծառայությունների մատակարարման գործընթացը սկսվեց 2005 թ. հուլիսին, Ստամբուլի տեխնիկական համալսարանի նավաշինության ու ծովային գիտությունների ֆակուլտետի հետ ՊԱԳՎ-ի կնքած պայմանագրով, որին հաջորդեցին մի շարք այլ պայմանագրեր «TÜBITAK»-ի տարբեր գիտահետազոտական ինստիտուտների, «TÜRK Loydu», «ASELSAN», STM և MTU ընկերությունների հետ: Նախագծի հետ կապված վերջին պայմանագիրը ստորագրվել է 2007 թ. մայիսին «ASELSAN-HAVELSAN» աշխատանքային համատեղ խմբի հետ, որն իրականացնելու է նավի մարտական համակարգերի արտադրությունն ու համալրումը: 2009 թ. հոկտեմբերին ստորագրված մեկ այլ՝ 86 մլն եվրո արժողության պայմանագրի շրջանակում «ASELSAN-HAVELSAN» ընկերությունների համատեղ աշխատանքային խումբն իրականացնելու է նաև «MILGEM» նախագծով արտադրվելիք 2-րդ ռազմանավի մարտական համակարգերի մատակարարումը: 2008 թ. սեպտեմբերին ՌԾՈՒ-ի Ստամբուլի նավաշինական հանգույցում ծով իջեցվեցին «MILGEM» նախագծով որպես նախատիպ արտադրված, «Heybeliada» անունը ստացած առաջին ռազմանավն ու ականազերծող «Akçay» նավը, և մեկնարկեց «Büyükada» անունը կրող երկրորդ նավի շինարարությունը: 2011 թ. սեպտեմբերին հանդիսավոր արարողությամբ «Heybeliada» ռազմանավը հանձնվեց ՌԾՈՒ նավատորմին: Այդ կապակցությամբ իր ելույթում վարչապետ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան իր տեղն է զբաղեցնում ռազմական նավեր նախագծող ու արտադրող առաջատար 10 երկրների շարքում՝ նշելով, որ ազգային պաշտպանությունն արդյունավետ ու հնարավոր կլինի միայն ազգային արդյունաբերության շնորհիվ: 2013 թ. սեպտեմբերի 26-ին կայացած Պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստում որոշում կայացվեց չեղյալ հայտարարել «MILGEM» ռազմական նավերի հաջորդ միավորների արտադրության նախագիծը և նոր հայտամրցույթ հայտարարել: Արտադրված և հետագայում արտադրվելիք ռազմանավերը մարտական հերթապահություն են իրականացնելու ծովային կարևոր ու ռազմավարական նշանակության գոտիներում՝ ապահովելով ռազմաբազաների ու նավահանգիստների հսկողությունն ու պաշտպանությունը: Ընդհանուր առմամբ, ռազմական նավաշինության ոլորտում փորձ է արվում անցնել ինքնուրույն նախագծերի՝ դրանցում ներգրավելով նաև մասնավոր ընկերություններին, որոնք հիմնականում գործում են առևտրային նավերի արտադրության ոլորտում: Դա տարիների ընթացքում հնարավորություն կտա համախմբելու մասնագիտական ու ենթակառուցվածքային ռեսուրսները նոր որակի նախագծերի համար: Չնայած մի շարք ռազմանավերի ու մոտորանավակների արտադրության ոլորտում թուրքական ընկերությունները հասել են որոշ հաջողությունների, այնուամենայնիվ, դեռևս զգալիորեն օգտվում են արտասահմանյան մի շարք երկրների տեխնոլոգիական հնարավորություններից, ինչպես, օրինակ, սուզանավերի արտադրության ոլորտում: Այսպիսով՝ Թուրքիան մեծ ուշադրություն է դարձնում ՌԾՈՒ-ի զարգացմանը, մշտապես այն մարտունակ վիճակում պահելուն և ՆԱՏՕ-ական առաջատար համակարգերին համապատասխանեցնելուն: ՌԾՈՒ-ի արդիականացման ծրագրերը կարևորվում են նաև այն հանգամանքով, որ Թուրքիան ձգտում է դառնալ էներգետիկ-տրանզիտային կարևոր կենտրոն, ինչի հետ կապված՝ այն զգալիորեն պետք է մեծացնի իր ծովային տարածքների ու գոտիների, նավահանգստային ու ռազմավարական կենտրոնների անվտանգությունը: Հատկանշական է այն փաստը, որ Թուրքիայի ընդհանուր արտաքին առևտրի շուրջ 90%-ն իրականացվում է ծովային ուղիներով:
Պատահական չէ, որ 2008 թ. օգոստոսի վրաց-օսական 5-օրյա պատերազմից հետո Թուրքիայի ՌԾՈՒ-ի հրամանատարությունը նախատեսում էր նոր ռազմաբազա հիմնել սևծովյան Տրապիզոն նավահանգստում՝ տարածաշրջանում ռազմավարական դիտարկումներ իրականացնելու: Բացի դրանից՝ զարգացած ու հզոր ՌԾՈՒ-ի գոյությունը զգալի չափով պայմանավորված է Սևծովյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական անկայուն իրավիճակով ու իր ռազմական նավատորմի գերակայության պահպանման ձգտումներով, Էգեյան ու Միջերկրական ծովերում Հունաստանի հետ մրցակցությամբ, Կիպրոսի հիմնախնդրով ու հնարավոր անկանխատեսելի զարգացումներով:
Ավելացնել նոր մեկնաբանություն