1905-1911 the revolution in Iran.

1905-1911 թթ. հեղափոխությունն Իրանում. հեղափոխության սկիզբը, պայքար սահմանադրության ընդունման համար

1905-1911 թթ. հեղափոխությունն Իրանում. հեղափոխության սկիզբը, պայքար սահմանադրության ընդունման համար

1905 թվականի ռուսական հեղափոխության ազդեցությունն Ասիայի երկրների վրա առաջին հերթին զգացվեց Իրանում։ Իրանում առաջադեմ մտածողության տեր մարդիկ գիտակցում էին, որ երկիրը հայտնվել է խոր ճգնաժամի մեջ, որից դուրս գալու համար անհրաժեշտ էր իրագործել որոշ բարենորոգումներ։ Այս հողի վրա 19-րդ դարի վերջին Իրանում սկսեցին ծնունդ առնել ազգայնականության գաղափարները։ Ազգային ինքնագիտակցության ձևավորումն առաջին հերթին իր արտացոլումը գտավ մտավորականության գործունեության մեջ, ընդ որում՝ ինչպես բուն Իրանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Բաքվի նավթային գործարաններում, Կասպից ծովի նավահանգիստներում, Միջին Ասիայի ճանապարհաշինության վրա աշխատող բանվորները հայրենիք լուր են բերում ռուս աշխատավորների իրականացրած հեղափոխության մասին։ Արդեն 1905 թվականի դեկտեմբերին Իրանում տեղի ունեցան առաջին զանգվածային ցույցերը։ Ցուցարարները պահանջում էին Այն էդ-Դոուլեին ազատել վարչապետի պաշտոնից, ինչպես նաև պաշտոնանկ անել մաքսային գերատեսչության պետին։ Շահ Մուզաֆար ադ-Դինը ստիպված էր խոստանալ կատարել այդ պահանջները, բայց միևնույն ժամանակ սկսեց պատժամիջոցներ կիրառել ընդդեմ ցուցարարների։ Ի պատասխան այդ ամենի՝ 1906 թ. հուլիսին Թեհրանում փակվեցին շուկաներն ու խանութները, և հազարավոր մարդիկ, ի նշան բողոքի, նստացույց արեցին։ Հոգևորականների մեծ մասը, որ միացել էր ցուցարարներին, ցուցադրաբար լքեց Թեհրանը և գնաց Կում քաղաք։ Բացի վարչապետին հեռացնելուց՝ առաջ քաշվեց նաև սահմանադրության ընդունման և խորհրդարանի (մեջլիս) ստեղծման պահանջը։ Շարժումը մեծ տարածում գտավ Թավրիզում, Իսֆահանում, Շիրազում և այլ քաղաքներում։ Այդ ամենը ստիպեց շահին զիջումների գնալ։ Օգտվելով ժամանակավոր «լռությունից»՝ որոշ պալատականներ համոզում էին շահին չիրականացնել պահանջները, ինչը, սակայն, նոր լարվածության առիթ դարձավ։ Հատկապես դժգոհության մեծ ալիք բարձրացավ Թավրիզում, որտեղ այդ ժամանակ ստեղծվել էր սոցիալ-դեմոկրատական առաջին խումբը։ 1906 թ. սեպտեմբերին Թավրիզում հայտարարվեց համընդհանուր ցույց։ Սոցիալ-դեմոկրատական ուժերի անմիջական ազդեցությամբ ստեղծվեց մոջահեդների («արդար գործի համար պայքարողների») կազմակերպությունը։ Սեպտեմբերի 9-ին շահը հաստատեց խորհրդարանում ընտրությունների անցկացման երկաստիճան կարգը, որը չէր ներառում աշխատավորների մասնակցությունը. դրանք նախատեսված էին կառավարող դինաստիայի, հատուկ աստիճանակարգ ունեցող մարդկանց համար։
1906 թ. հոկտեմբերի 7-ին բացվեց իրանական առաջին խորհրդարանը։ Հոկտեմբեր- նոյեմբերին այն իրականացրեց առաջադիմական մի շարք միջոցառումներ. սահմանվեց հացի առավելագույն գին, սկսվեց քննարկվել իրանական ազգային բանկի ստեղծումը, նույն ժամանակ կառավարությունը սկսեց նախապատրաստվել հիմնական օրենքի ընդունմանը։

Դեկտեմբերի 30-ին շահը հաստատեց հիմնական օրենքը, որը կազմում էր սահմանադրության առաջին մասը։ Շահի իշխանությունը սահմանափակվում էր մեջլիսի միջոցով, որին պատկանում էին բոլոր օրենքների, երկրի բյուջեի հաստատումը և կառավարումը։ Օտար պետությունների հետ պայմանագրերի կնքումը, բանակցությունները և այլն տեղի էին ունենում միայն մեջլիսի համաձայնության դեպքում։ Ստորին պալատին զուգահեռ՝ նախատեսվում էր նաև վերին պալատի՝ սենատի ստեղծումը։ 1907 թ. Մուզաֆար ադ-Դինի մահից հետո գահ է բարձրանում նրա որդին՝ Մուհամեդ Ալին։ Հունվար-փետրվարին նոր շահի հովանավորությամբ նախապատրաստվում էր հակազդեցություն մեջլիսի և դեմոկրատական շարժման դեմ։ Մայրաքաղաքում կենտրոնացվում էին ռազմական ուժերը։ Դա առիթ հանդիսացավ մի շարք քաղաքներում՝ Թեհրանում, Թավրիզում, Իսֆահանում և այլն, զանգվածային շարժումների առաջացման համար։ Թավրիզում զինված ապստամբություն սկսվեց շահի դեմ, ինչն ի վերջո հանգեցրեց շահի հակազդեցության դադարեցմանը։ Դրանով ավարտվեց հեղափոխության առաջին փուլը։

1907 թ. հասարակության դեմոկրատական շերտի ներկայացուցիչների՝ աշխատավորների, ծառայողների, քաղաքային մանր բուրժուազիայի ակտիվությունը մեծացավ, և նրանք սկսեցին առաջ քաշել սեփական պահանջները։ Երկրում սկիզբ առավ հակաիմպերիալիստական շարժում։ Իսֆահանում, Շիրազում անցկացվում էին անգլիական ստորաբաժանումների բոյկոտներ։ Գյուղացիները հրաժարվում էին հարկերը վճարելուց, ֆեոդալների պահանջները կատարելուց, բերքի մի մասը տրամադրելուց և այլն։ Իրանի պատմության մեջ 1-ին անգամ տեղի ունեցան աշխատավորների և գյուղացիների բողոքի ցույցեր։ Ստեղծվեցին աշխատավորական առաջին ընկերությունները՝ գրագիրների, հեռախոսավարների միությունները։ Մեծ տարածում գտավ դեմոկրատական մամուլը։ Հեղափոխության տարիներին Իրանում ստեղծվեցին մի շարք թերթեր և լրագրեր։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն