Ասիայի զարթոնքը. երիտթուրքական շարժում
Երկրում հեղափոխական տրամադրությունների աճը հնարավորություն տվեց «Միություն և առաջադիմություն» կուսակցությանն իր նստավայրը տեղափոխելու Սալոնիկից (Մակեդոնիայի գլխավոր քաղաքը, որն այդ ժամանակ Օսմանյան կայսրության մի մասն էր)։ 1907 թ. վերջին Փարիզում հրավիրված վեհաժողովում կազմավորվեց Օսմանյան բուրժուադեմոկրատական կազմակերպությունների դաշինք «Միություն և առաջադիմություն» կուսակցության գլխավորությամբ։ Այդ դաշինքին միացավ նաև հայկական բուրժուական-ազգայնական կուսակցությունը՝ «Դաշնակցությունը», իսկ հետագայում նաև մակեդոնական հեղափոխական կազմակերպությունը՝ «ձախականները» (ձախ, հեղափոխական-դեմոկրատական թև)։ Վեհաժողովը որոշումներ ընդունեց, որտեղ սուլթանական ինքնավարության դեմ պայքարի միջոցների մասին այլ որոշումների հետ մեկտեղ առաջին անգամ ներառվեց «զինված ապստամբություն» եզրույթը։
1908 թ. Մակեդոնիայի ապստամբությունը. սահմանադրության հռչակումը
Մակեդոնիան վաղուց թուրքական ֆեոդալական լծի դեմ բուռն ապստամբության օջախ էր դարձել։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին այդ ապստամբություններն ընդունեցին ազգային-ազատագրական հստակ բնույթ։ Իմպերիալիստական տերությունների և հարևան բալկանյան պետությունների միջամտությունը բարդացնում էր մակեդոնական ժողովրդի պայքարը, բայց այն տարեցտարի ընդլայնվում և ավելի էր ուժեղանում։ 1908 թ. սկզբին Մակեդոնիայում իրավիճակը հասել էր ծայրահեղ լարվածության։ Պարտիզանական շարժումն այնպիսի թափ էր ձեռք բերել, որ ոչ թուրքական զորքերը, ոչ էլ օտարերկրյա սպաների կողմից ղեկավարվող ժանդարմերիան ի զորու չէին դրա դեմ պայքարելու։ Միաժամանակ սրվել էր եվրոպական տերությունների մրցակցությունը մակեդոնական հարցում։ 1908 թ. հունվարին Ավստրո-Հունգարիան հայտարարեց Սալոնիկի մոտ նախատեսվող երկաթուղու անցկացման մասին լուրը, որը հավանության էր արժանացել սուլթանի կողմից. դա վկայում էր հունգարական իմպերիալիստների՝ Մակեդոնիայում ամրապնդվելու մտադրության և 1903 թ. Մակեդոնիայի նկատմամբ համատեղ քաղաքականության վերաբերյալ ավստրո-ռուսական համաձայնագրից նրանց հեռանալու մասին։ Այդ հայտարարության պատասխանը եղել է ռուս և անգլիացի թագավորների հանդիպումը 1908 թ. հունիսին Ռևելում։ Այնտեղ նախանշված նոր «բարեփոխումները» Մակեդոնիայի համար նախատեսում էին օտար՝ այս անգամ անգլո-ռուսական վերահսկողության ավելի մեծացում։ Պարզ է դառնում, որ Մակեդոնիայի վերջնական անջատումը Թուրքիայից միայն ժամանակի հարց էր։ Այս ամենը մեծ տագնապ առաջացրեց երիտթուրքերի շրջանում, որոնք ձգտում էին Մակեդոնիան պահպանել Թուրքական կայսրության կազմում, և սա խթան հանդիսացավ նրանց հեղափոխական ելույթի համար։ 1908 թ. հունիսի կեսերից սկսվեց ապստամբության անմիջական նախապատրաստությունը։ Այդ ժամանակ Մակեդոնիայում երիտթուրքական գաղտնի կազմակերպությունը չափազանց մեծացավ. նրա անդամների թիվը հասնում էր 15 հազարի։ Բոլոր քաղաքներում և նույնիսկ փոքր վայրերում գործում էր «Միություն և առաջադիմություն» կուսակցության բաժանմունքը։ Հեղափոխական քարոզչությունն առավել մեծ հաջողությունների էր հասել Մակեդոնիայում տեղակայված թուրքական բանակի 3-րդ կորպուսի սպաների շրջանում։ Ընդդիմադիր տրամադրությունների ուժեղացման վրա ազդած ընդհանուր իրավիճակից բացի՝ մեծ նշանակություն է ունեցել նաև այն հանգամանքը, որ Մակեդոնիայում հատկապես ակնհայտ դրսևորվել են գոյություն ունեցող կարգի արատները։ Թուրք սպաներն այստեղ բախվել են ժանդարմերիան գլխավորող օտարերկրյա սպաներին, տեսնելով, թե ինչպես է այդ նահանգը «հեռանում» թուրքական իշխանությունների ձեռքից, սեփական փորձով համոզվել սուլթանական ռեժիմի հանդեպ ժողովրդական զանգվածների ատելության մեջ։ Սպաների շրջանում դժգոհության աճին նպաստել են նաև այնպիսի պատճառներ, ինչպիսիք են աշխատավարձի ուշացումը, աշխատանքից հեռացման մշտական սպառնալիքները, սուլթանական «ֆավորիտներին» աստիճանների և շքանշանների բաշխումը և այլն։
1908 թ. հունիսի 28-ին մակեդոնական Ռեսնա քաղաքում երիտթուրքերի ընդամենը 40-հոգանոց կազմակերպությունը որոշեց ստեղծել պարտիզանական ջոկատ և զինված պայքար սկսել Աբդուլ Համիդ 2-րդի ավտորիտար ռեժիմի դեմ 1876 թ. Սահմանադրության վերականգնման համար։ Հաջորդ օրն այդ որոշումը վավերացվեց «Միություն և առաջադիմություն» կուսակցության մարզային կոմիտեի կողմից։ Ապստամբությունը գլխավորում էր Սալոնիկի երիտթուրքերի կենտրոնական կոմիտեն։ Ռեսնայական պարտիզանական ջոկատի հրամանատարն Ահմեդ Նիյազ բեյն էր՝ ծագումով ալբանացի։ Հուլիսի 6-ին Դեմիր-Հիսարա շրջանում հանդես եկավ մեկ այլ հեղափոխական-պարտիզանական ջոկատ՝ Էնվեր բեյի գլխավորությամբ։ Նիյազը և Էնվերը, որոնք առաջինն էին բարձրացնում հեղափոխության դրոշը, մեծ ժողովրդականություն էին ձեռք բերել։ Նրանց սկսել էին կոչել «ազատության հերոսներ»։ Սակայն նրանցից ոչ մեկը ստիպված չէր ոչ մի ճակատամարտ անցկացնել։ 3-րդ կորպուսի գումարտակներն ու դիվիզիաները (իսկ հետո նաև 2-րդ կորպուսի, որը տեղակայված էր Ադրիանապոլսի վիլայեթում) մեկը մյուսի հետևից անցնում էին հեղափոխության կողմը։ Մակեդոնական և ալբանական պարտիզանական ջոկատները ևս միացել էին երիտթուրքերին։ Սուլթանը հրամայել էր անատոլիական գնդերը տեղափոխել Մակեդոնիա, բայց առաջնորդվելով երիտթուրքական գաղափարներով՝ նրանք հրաժարվեցին հեղափոխականների դեմ հանդես գալուց։ Կառավարական ապարատը Մակեդոնիայում կաթվածահար էր եղել։ Նույնիսկ բարձրագույն զինվորական և քաղաքացիական պաշտոնյաների մի մասը սեփական կյանքի նկատմամբ վախից, իսկ մյուս մասը երիտթուրքերի հետ համաձայնության գալու հույսով լիակատար պասիվություն էին ցուցաբերում։ Իրավիճակի վերահսկողի դերում հանդես էր գալիս Սալոնիկի «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը, որն իրեն էր ենթարկում նահանգի քաղաքացիական և ռազմական իշխանություններին։ 1908 թ. հուլիսի 23-ին հեղափոխական ջոկատները, որոնց մեծ խանդավառությամբ ողջունում էին տեղի բնակչությունը և զորքերը, մտան Սալոնիկ, Մոնաստիր և Մակեդոնիայի այլ քաղաքներ։ Ամենուր «բանակի և ժողովրդի» անունից բազմամարդ հանրահավաքներում հանդիսավորությամբ հռչակվեց 1876 թ. Սահմանադրության վերականգնումը։ Այդ օրը՝ հուլիսի 23-ը, դարձավ երիտթուրքական հեղափոխության հաղթանակի օրը։ Կառավարությունը եկավ այն եզրակացությանը, որ հետագա դիմադրությունն անիմաստ է։ Հուլիսի 24-ին սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը ստորագրեց 1876 թ. Սահմանադրության վերականգնման և պատգամավորների պալատի ընտրությունների մասին հրամանագիրը։
Ավելացնել նոր մեկնաբանություն