Անկարայում ինչ-որ բան է «եփվում», որի արդյունքներն ակնառու կլինեն երկու- երեք օր անց․ Սաֆրաստյան
Թուրքիայում կայացած համապետական ընտրություններից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում էական փոփոխություններ չեն լինի։ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման նախապայմանն, իհարկե, կմնա, ինչը կարևոր հանգամանք է Թուրքիայի արտաքին քաղաքականության համար։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով հարցին, թե Թուրքիայում կայացած համապետական ընտրություններից հետո ինչ հեռանկար է սպասում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։
Սաֆրաստյանը հիշեցրեց, որ Վաշինգտոնում պետք է կայանար Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որն անորոշ ժամանակով հետաձգվեց։ Նոր կառավարության անդրանիկ նիստում քննարկվել է նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը, Անկարայում ինչ-որ բան եփվում է, որի արդյունքներն, ըստ Սաֆրաստյանի, ակնառու կլինեն երկու-երեք օր անց։
«Նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը որոշակի դժգոհություն է հայտնել հայ-ադրբեջանական բանակցությունների գործընթացի առթիվ, հենց նրա հորդորով էլ ադրբեջանական կողմը հետաձգել է այդ հանդիպումը։ Հաշվի առնելով Ֆիդանի նախորդ շրջանի գործունեությունն ու գաղտնի դիվանագիտության ասպարեզում նրա հմտությունները, պարզ է դառնում, որ նրա միջնորդությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացվող մաքսիմալիստական պահանջները կդառնան ավելի կոշտ։ Վաղը կայանալու է նաև Էրդողանի այցն Ադրբեջան։ Որպես նորընտիր նախագահ՝ նա արդեն իսկ հայտարարել էր, որ հաղթանակի դեպքում առաջինը կայցելի Ադրբեջան։ Այդ այցի ընթացքում Էրդողանը Թուրքիայի մոտեցումները կներկայացնի Իլհամ Ալիևին»,- ասաց թուրքագետը։
Խոսելով Թուրքիայի նոր ձևավորված կառավարության մասին՝ Սաֆրաստյանն ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ գործադիրի կազմը փաստորեն լիովին փոխվեց, մինչդեռ նախկինում սովորաբար մի մասը մնում էր անփոփոխ։ Նոր կառավարության ներկայացուցիչները հիմնականում երիտասարդ գործիչներ են։ Էրդողանն այժմ փորձում է նոր մարդկանց գտնել, որոնք նոր եռանդով ու ավյունով կկարողանան իրականացնել իր հետագա ծրագրերը։
«Աչքի է զարնում այն հանգամանքը, որ կառավարության առանցքային պաշտոններում նշանակվել են Էրդողանին հավատարիմ անձինք, նրա մտերիմ շրջանակի ներկայացուցիչները՝ հատկապես Հաքան Ֆիդանը, ով 2010 թվականից ստանձնել էր Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև Իբրահիմ Քալընը, ով տարիներ շարունակ եղել է Էրդողանի մամլո խոսնակը։ Հատկանշական է նաև Հայաստանի հետ բանակցային գործընթացի պատասխանատու Սերդար Քըլըչի երիտասարդ ազգականի նշանակումը նախագահի մամլո խոսնակի պաշտոնում»,- նշեց Սաֆրաստյանը։
Նրա դիտարկմամբ՝ Էրդողանն, իհարկե, կշարունակի ավելի շատ նայել Թուրքիայից դուրս՝ իրականացնելով նույն քաղաքականությունը, որն, ըստ էության, մեկ նպատակ է հետապնդում՝ երկիրը դասել այն պետությունների շարքին, որոնք որոշում են աշխարհի բախտը։ Այդ ռազմավարությունը լինելու է արտաքին քաղաքականության հիմքում, հետևաբար Հաքան Ֆիդանի նշանակումն արտգործնախարարի պաշտոնում պատահական չէ։ Նախկինում նա բազմաթիվ դիվանագիտական գաղտնի հանձնառություններ է իրականացրել՝ կատարելով Էրդողանի անձնական առաջադրանքները։
Այդուհանդերձ, կա մի կարևոր հանգամանք, որն, ըստ թուրքագետի, կստիպի Թուրքիայի ղեկավարին ավելի շատ ժամանակ հատկացնել ներքին քաղաքականությանը։ Նախևառաջ` դա երկրի ֆինանսատնտեսական ծանր վիճակն է, որը գնալով վատթարանում է։ Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել։ Ընտրությունների նախաշեմին նախկին կառավարությունը լիրայի հետագա գահավիժումը կանխելու նպատակով մեծ քանակությամբ ֆինանսական միջոցներ նետեց շուկա։
«Հիմա էլ առաջնահերթություն է ֆինանսատնտեսական ճգնաժամի հանգուցալուծումը, և այդ առումով կարևոր է նաև ֆինանսների նախարարի՝ Մեհմեդ Շիմշեքի նշանակումը, իսկ երիտասարդ Հաֆիզե Էրքանը ստանձնել է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը, ով բարձրագույն կրթություն է ստացել ԱՄՆ-ի Բրսիբենի համալսարանում և կարևոոր պաշտոններ զբաղեցրել ամերիկյան հաստատություններում՝ ունենալով շատ բարձր հեղինակություն, ուստի կարող է լիովին օգտագործել իր ֆինանսատնտեսական կապերն արևմտյան շրջանակների հետ՝ ակնկալելով որոշակի աջակցություն»,- ասաց Սաֆրաստյանը։
Նա նաև հավելեց, որ նախարարների նորաստեղծ կաբինետին չափազանց մեծ ու պատասխանատու աշխատանք է սպասում ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու և հսկայածավալ ներդրումներ ապահովելու առումով։
Ավելացնել նոր մեկնաբանություն