Էրդողան-Ալիև հանդիպման հիմնական ուղերձները

Էրդողան-Ալիև հանդիպման հիմնական ուղերձները

 

Թուրքիայի նախագահ Էրդողանն Ադրբեջան է մեկնել Հյուսիսային Կիպրոսից հետո, որտեղ վերընտրվելուց հետո կատարել է իր առաջին արտասահմանյան այցը։

Նշենք, որ Էրդողանը և նրան նախորդող նախագահներն ընտրություններից հետո միշտ էլ այցելել են առաջինը Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետություն, հետո՝ Ադրբեջան: Թուրքիան Ադրբեջանին միշտ էլ կոչել է եղբայր և բազմիցս պնդել, որ ադրբեջանական շահերն ընկալում է որպես սեփական շահ: Հայաստանի հետ հարաբերություններում մշտապես առաջնորդվել է ադրբեջանական շահերով։

Ելույթ ունենալով մայրաքաղաք Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում և պատվիրակությունների միջև առանձնազրույցից հետո՝ Էրդողանն ասել է. «Մենք  հավատարիմ ենք «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսին։

Գաղտնիք չէ, որ Թուրքիան միշտ էլ անթաքույց սատարում է Ադրբեջանին։ Կարգախոսին համապատասխան, քաղաքական հստակ աջակցությունից բացի, եղբայր պետությանը Թուրքիան աջակցում է ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական ոլորտներում։ Թուրքիան վարժեցնում է ադրբեջանական բանակի զինվորականներին ու տրամադրում «Bayraktar»-ներ, որոնք, ըստ փորձագետների, մեծապես օգնեցին Բաքվին հաղթանակի հասնել Արցախյան վերջին պատերազմում։

Այս առնչությամբ Ալիևը համոզմունք է հայտնել, որ առաջիկա տարիներին Բաքուն և Անկարան կամրապնդեն բարեկամական հարաբերությունները, այդ թվում՝ ռազմական ոլորտում։ Նրա խոսքով՝ այս տարի 16 համատեղ զորավարժություն կանցկացվի։ Ալիևը շեշտել է՝ Ադրբեջանի բանակը զարգանում է թուրքական մոդելով։

«Այսօր աշխարհում առաջին պլան է մղվում ուժի գործոնը։ Ցավոք, միջազգային իրավունքը չի աշխատում, բանակցություններն ու քննարկումներն արդյունք չեն տալիս։ Մենք արդյունքի ենք հասել մեր ուժի շնորհիվ։ Թուրք-ադրբեջանական միասնությունն էլ է միջազգային գործոն։ Վստահ եմ՝ ընտրություններից հետո Թուրքիա-Ադրբեջան եղբայրական շփումներում նոր հնարավորություններ են բացվելու։ Թուրքիա-Ադրբեջան միասնությունը շատ կարևոր է տարբեր տեսանկյուններից»,- ասել է Բաքվի բռնապետը։

Մամուլի ասուլիսին շեշտելով, որ իրենք (Թուրքիան - խմբ․) հպարտանում են Ադրբեջանի զարգացմամբ, Էրդողանն ասել է. «Ես մտածում եմ 20 տարի առաջվա Ադրբեջանի և այսօրվա Ղարաբաղի մասին։ Կարող ենք ասել, որ Մինսկի եռյակը 30 տարի շեղել է բոլորի ուշադրությունը Ղարաբաղի հարցով․․․ Դուք կստանաք ցանկալի արդյունք, երբ վճռական լինեք: Ադրբեջանը նույնպես ստացել է այս ցանկալի արդյունքը։ Հուսով եմ՝ Ադրբեջանն ավելի առաջ կգնա, երբ կատարի հաջորդ քայլերը»։

Էրդողանի վերոնշյալ հաջորդ քայլերը, որը Ադրբեջանը պետք է կատարի, կանխատեսելի են հայերիս համար, քանի որ վերջին շրջանում Ադրբեջանը քողարկված ոչինչ չի անում, ավելին՝ Բաքվի բռնապետի հայտարարությունների մեջ չկան տողատակեր։ Խոսքը կարող է լինել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման, ադրբեջանցիների՝ «իրենց հայրենիք՝ Արևմտյան Ադրբեջան վերադարձի և այլնի  մասին։ Նշենք, որ «Արևմտյան Ադրբեջան» արհեստածին ձևակերպման ներքո ենթադրվում է ՀՀ ներկայիս ամբողջ սուվերեն տարածքը։

Քննարկվող թեմաների մեջ է եղել նաև ադրբեջանա-թուրքական համալսարանի բացման ծրագիրը։ Բացվելիք համալսարանում առաջնային տեղ պետք է հատկացվի ռազմատեխնիկական մասնագիտություններին։ Ըստ Էրդողանի՝ օրենսդրական կարգավորումներ են իրականացվում այս ուղղությամբ, որպեսզի որքան հնարավոր է, շուտ բացվի այն։

Անդրադառնալով երկրներում ծնելիության մակարդակին՝ Էրդողանը, բերելով Թուրքիայի օրինակը, հորդորել է, որ Ադրբեջանում յուրաքանչյուր ընտանիքում ծնվի առնվազն հինգ երեխա․ Թուրքիայում այդ թիվը երեքն է։

Ըստ Էրդողանի՝ երկրի հզորությունն ապահովում է բնակչությունը, իսկ 12 միլիոնին մոտեցող բնակչությունը պետք է խրախուսվի։

Բնականաբար Ադրբեջանի բնակչության թիվն ուռճացված է, իսկ բնակչության աճը խորապես քաղաքականացված է, քանի որ ժողովրդագրությունը Կովկասի տարածաշրջանում զգայուն հարց է: Ադրբեջանի հակառակորդի՝ Հայաստանի բնակչությունն աստիճանաբար նվազում է լայնամասշտաբ միգրացիայի պատճառով, մի փաստ, որ ադրբեջանական լրատվամիջոցները պարբերաբար ներկայացնում են որպես իրենց երկրի գերազանցության վկայություն:

Անդրադառնալով հաղորդակցությունների թեմային՝ Ալիևը նշել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն անխուսափելի է, որքան շուտ այն իրականանա, այնքան լավ, դա բոլոր պետությունների համար էլ նոր հնարավորություններ կստեղծի։

Էրդողանը նույնպես անդրադարձել է թեմային։ Ուշագրավ է, որ Թուրքիայի նախագահը, խոսելով Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապվող ճանապարհի մասին, չի օգտագործել միջանցք բառը։

«Զանգեզուրի թեման արագ լուծելու դեպքում երկու կարևոր օգուտ կլինի՝ կբացվեն ցամաքային և երկաթուղային ճանապարհները։ Դրանք Թուրքիան ավելի ամուր կկապեն ինչպես Նախիջևանին, այնպես էլ Ադրբեջանին»,- հայտարարել է Էրդողանը։

Վերջում կողմերը պայմանավորվել են այսուհետ արտաքին քաղաքականության ոլորտում շարունակել հանդես գալ միասնական դիրքորոշմամբ։

Ավելացնել նոր մեկնաբանություն