Storm Shadow հրթիռ

Ի՞նչ ընթացք կստանա ռուս-ուկրաինական պայքարը բրիտանական «Storm Shadow» հրթիռների առկայության դեպքում

Հեղինակ
Մերի Գասպարյան
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հաստատել է, որ Ուկրանիային նվիրաբերել է «Storm Shadow» հրթիռների անհայտ քանակություն, որը աննախադեպ առաջընթաց կարող է ստեղծել ռուս-ուկրաինական բախման մեջ

Վերջերս Մեծ Բրիտանիայի կառավարությունը հաստատել է, որ Ուկրաինային նվիրաբերել է «Storm Shadow» հրթիռների անհայտ քանակություն: Այս մասին «Դետք»-ը տեղեկանում է բիրտանական լրատվամիջոցից։

«Storm Shadow» թևավոր հրթիռն ունի ավելի քան 150 մղոն հեռահարություն, որը եռակի մեծ է այն հրթիռների հեռահարությունից, որոնք Ուկրաինան օգտագործել է մինչ այժմ: Ուկրաինայի համար ավելի դյուրին կդառնա ճշգրիտ հարվածներ հասցնելը ռազմավարական նշանակություն ունեցող ռուսական թիրախներին, որոնք նախկինում անհասանելի էին: Ունենալով սահմանափակ թվով հրթիռներ՝ Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, կկենտրոնացնի դրանց օգտագործումն օկուպացված տարածքներում ռուսական ռազմական սարքավորումների վրա:

Մեծ Բրիտանիայի Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի ցամաքային պատերազմի ավագ գիտաշխատող Բեն Բարրին նշել է, որ հաշվի առնելով հրթիռի հեռահարությունը՝ ռուս ռազմական մասնագետները կրկին պետք է մտածեն, թե ինչպես ավելի լավ պաշտպանել մատակարարման, հրամանատարության և կառավարման կենտրոնները և ռազմաճակատի թիկունքում տեղակայված սարքավորումները: Բացի դրանից՝ «Storm Shadow» հրթիռները կարող են թափանցել ինքնաթիռների սրահ, ուստի Ռուսաստանի ավիաբազաներն ավելի խոցելի կլինեն Ուկրաինայի օկուպացված տարածքներում: Ըստ Բարրիի՝ արդյունքում Ռուսաստանը կարող է հետ քաշել իր օդային պաշտպանության մի մասը։

Աղբյուրը հավելել է, որ Ուկրաինայի զինանոցում գտնվող, խորհրդային ժամանակաշրջանի «Su-24 Fencer» կործանիչներն արդեն հագեցած են «Storm Shadow» հրթիռով, ուստի կկարողանան ճշգրիտ հարվածներ հասցնել ավելի ապահով հեռավորությունից:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ռուսաստանը մեղադրել է Ուկրաինային Միացյալ Թագավորության մատակարարած հրթիռն Արևելյան Ուկրաինայի Լուգանսկ քաղաքի արդյունաբերական երկու օբյեկտի ուղղությամբ արձակելու մեջ։ Թեև Ուկրաինան չի հաստատել «Storm Shadow»-ով հարվածելը, այնուամենայնիվ վերջերս պնդում էր, որ հարվածել է ռուսական ռազմական շտաբին, որը գտնվում է Զապորոժիեի հարավարևելյան շրջանի խորքում՝ Բերդիանսկի նավահանգստային քաղաքում։ Բերդիանսկը գտնվում է ուկրաինական առաջնագծի գնահատված դիրքերից մոտավորապես 70 մղոն հեռավորության վրա՝ նախկինում հասանելի հրթիռների շրջանակից դուրս:

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author