Ադրբեջանն ամեն անգամ շրջանցում է «քարտեզային» տրամաբանության թեման․ «Հայացք Երևանից»

Ադրբեջանն ամեն անգամ շրջանցում է «քարտեզային» տրամաբանության թեման․ «Հայացք Երևանից»

Սահմանագծման եւ սահմանազատման համատեքստում ամենաչարչրկված խոսույթը քարտեզային թեմայի շուրջ է միշտ եղել: Ավելի ճիշտ՝ այն քարտեզի թողարկման տարեթվի շուրջ, որը կողմերը կհամաձայնեն ընտրել որպես տվյալ գործընթացի հիմք: Այդ առնչությամբ ի սկզբանե ՌԴ նախագահի մակարդակով հայտարարվել էր, որ իրավական առումով ամենահավաստին անցած դարի 20-ականների քարտեզներն են, որոնց նմուշները միայն Ռուսաստանի ռազմական շտաբի պահոցներում կարելի է գտնել: Հետո սկսեցին շրջանառվել 30-ականներին եւ ավելի ուշ շրջանում հրատարակված քարտեզներ, բայց միասնական դիրքորոշում այդպես էլ չձեւավորվեց:

Նիկոլ Փաշինյանի նախընտրությունը կանգ է առել 1975-ին թողարկված քարտեզի վրա: Չէ՛ պատճառն այն չէ, որ դա իր ծննդյան թվականն է: Ոչ էլ նույնիսկ այն, որ նման հարցերում, հատկապես՝ «կադաստրի թղթի» գծով, ինքն իրեն խորագիտակ է համարում, ինչը 3-4 շաբաթ առաջ փորձում էր ապացուցել ԱԺ-ում: Իր ընտրությունը Փաշինյանն այլ կերպ է հիմնավորում՝ 75-ի քարտեզը, ըստ նրա, լավագույնս է համապատասխանում Ալմա Աթայի 1991 թ. հռչակագրի ոգուն, որով ԱՊՀ-ին անդամակցող՝ նախկին ԽՍՀՄ պետությունները, այդ թվում ՀՀ-ն ու Ադրբեջանը, ճանաչել էին միմյանց տարածքային ամբողջականությունը եւ որով այժմ առաջնորդվում են երկու երկրները խաղաղության պայմանագրի վերջնական տեքստը մշակելիս:

Մի կողմ թողնենք խիստ կասկածահարույց այն դատողությունը, թե վերոնշյալ հռչակագրով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով՝ Հայաստանն արդեն ճանաչել էր Արցախն Ադրբեջանի կազմում: Մասնագետների վկայությամբ՝ դա վարչապետի աթոռը զբաղեցնող անձի, մեղմ ասած, հերթական մանիպուլյացիաների շարքից է, որի մասին շատ է խոսվել եւ անդրադառնալու հարկ չկա: ՌԴ-ն՝ որպես միջնորդ կողմ, սահմանազատման մասով իր մոտեցումը հայտնել է դեռ 2021-ի հոկտեմբերի 22-ին՝ Պուտինի շուրթերով, թե առանց Կրեմլի մասնակցության հնարավոր չէ ոչինչ անել, իսկ ԽՍՀՄ քարտեզները, ըստ նրա, ռուսական ԶՈՒ գլխավոր շտաբում են՝ յոթ կողպեքի տակ:

Այդուհանդերձ՝ ՌԴ-ն ցայսօր չի հստակեցրել, թե կոնկրետ որ քարտեզի մասին է խոսքը. չէ՞ որ ԽՍՀՄ կազմավորումից ի վեր կան միմյանցից որոշակի տարրերով զանազանվող մի քանի քարտեզներ՝ սկսած 1922-23 թվականներից մինչեւ 1991թ.: Հայ քարտեզագետների մեծամասնության կարծիքով՝ Պուտինը նկատի ունի հենց 1922-23 թթ. քարտեզները, որոնք գծագրված են առավել մանրակրկիտ եւ շատ ավելի շահեկան են Հայաստանի համար: Այդ քարտեզների կրկնօրինակը մյուս շահագրգիռ կողմերից ոչ մեկը չունի. ո՛չ Հայաստանն ու Ադրբեջանը եւ ո՛չ էլ ԵՄ-ը: Դա, փաստորեն, ՌԴ-ի մենաշնորհն է եւ ում ինչ գնով ուզի, կարող է վաճառել: Բայց ամենաշատն, իհարկե, այն Հայաստանին է հարկավոր, որպեսզի դրվի հայ-ադրբեջանական սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի հիմքում:

Քարտեզագետ Ռուբեն Գալչյանի փոխանցմամբ՝ 1922-23թթ. քարտեզներն այնքան էլ Ադրբեջանի սրտով չեն, քանի որ դրանցով առաջնորդվելու դեպքում ստիպված են լինելու վերադարձնել ՀՀ ինքնիշխան տարածքի այն հատվածները, որոնք պատերազմից հետո անհասկանալի զարգացումների արդյունքում անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ: «Թերեւս հենց սա է պատճառ հանդիսանում ադրբեջանական կողմի համար՝ հայտարարելու, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատումը կարող է կատարվել կամայական գործընթացի հիման վրա»,- նկատել է Գալչյանը: Ինչ ասել է՝ «կամայական գործընթաց»: Բանն այն է, որ Ադրբեջանն ամեն անգամ շրջանցում է «քարտեզային» տրամաբանության թեման:

Ի՞նչ է, ուրեմն, այդ երկրի ուզածը: Հարցի պատասխանը, կարծես թե, Ադրբեջանի ԱԳՆ հունիսի 5-ին տարածած հայտարարության մեջ է, որին դեռ կգանք: Առհասարակ՝ Քիշնեւում տեղի ունեցած հանդիպումից հետո Բաքուն ավելի է կոշտացրել իր ռազմատենչ հռետորաբանությունը՝ դժգոհելով, թե Հայաստանն, իբր, խուսափում է ստանձնած պարտավորություններից, փորձում է խեղաթյուրել մի շարք հարցերի էությունը եւ այլն։ Քննադատությունը մասամբ վերաբերում է Երեւանի մատնանշած՝ 1975թ. քարտեզին, եւ դա հասկանալի է. սահմանազատումն այդ քարտեզով իրականացնելիս, ինչպես վերը նշվեց, թշնամին ստիպված է լինելու մի քանի կմ հետքայլ կատարել ՀՀ ինքնիշխան տարածքի Սոթքի, Սեւ լճի, Ջերմուկի եւ մյուս հատվածներից, որտեղ ներխուժել ու ամրացել էր՝ սկսած 2021-ի մայիսից:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն