Երիտթուրքական հեղափոխության բնույթը
Մուսուլմանները եղբայրանում էին ոչ մուսուլմանների հետ։ Բանտերից դուրս եկան տասնյակ հազարավոր բանտարկյալներ։ Վերադարձան աքսորվածները և արտագաղթածները։ Գրաքննության վերացմամբ աշխուժացան գրականությունն ու հրապարակախոսությունը։ Առաջացան մի շարք նոր թերթեր և ամսագրեր։ Երիտթուրքական հեղափոխության «գարունը» շարունակվում էր, սակայն այն երկար չտևեց։ Շուտով պարզ դարձավ, որ երիտթուրքերը, այդքան արագ հաղթանակ տանելով հին ռեժիմի նկատմամբ (ավելի ճիշտ՝ կիսահաղթանակ, քանի որ նրանք գահընկեց չարեցին/չտապալեցին Աբդուլ Համիդին և պաշտոնանկ չարեցին նախկին նախարարներից և պաշտոնյաներից գրեթե ոչ մեկին), հետագայում իրենք նպաստեցին հակազդեցության ուժեղացմանը։ Դա անխուսափելիորեն բխում էր հենց երիտթուրքական հեղափոխության բնույթից։ Երիտթուրքերն իրենց գլխավոր խնդիրն էին համարում «օրինական», «սահմանադրական» շրջանակներում հեղափոխությունը տարածելը, երկրում «կարգուկանոն» պահպանելը, որի ներքո նրանք հասկանում էին աշխատավորների դասային պայքարի և ոչ թուրք ժողովուրդների ազգային-ազատագրական շարժման կասեցումը։ Առաջացած գործադուլները ճնշվում էին զորքերի օգնությամբ և երիտթուրքական կոմիտեների ակտիվ աջակցությամբ։ 1908 թ. սեպտեմբերին երիտթուրքերը հրապարակեցին մանրամասն քաղաքական ծրագիր։ Դրանում շատ էր խոսվում խորհրդարանական ընտրությունների և 1876 թ. Սահմանադրության փոփոխությունների մասին, բայց չկար ոչինչ, ինչը կարող էր բավարարել աշխատավոր զանգվածների սոցիալական պահանջները։ Գյուղացիներին հող հանձնելու փոխարեն այդ ծրագիրը մատնանշում էր «գյուղացիների կողմից հողային սեփականության ձեռքբերումները հեշտացնելու համար միջոցներ ձեռք բերելու անհրաժեշտությունը՝ պայմանով, որ չխախտվեն ներկայիս հողատերերի՝ օրենքով պահպանվող սեփականության իրավունքները»։ Պաշտոնական լեզու հայտարարվեց միայն թուրքերենը։ Բոլոր պետական դպրոցներում դասավանդումը պետք է իրականացվեր միայն թուրքերենով։ Դրանից կարճ ժամանակ անց հրապարակված ընտրական օրենքն էլ ավելի էր ընդգծում ազգային փոքրամասնությունների փաստացի անհավասարությունը։ Խորհրդարանում ընտրվելու իրավունք ունեին միայն թուրքերենին տիրապետող անձինք։ Երբ սկսվեցին թուրքական իշխանությունների ընտրությունները (1908 թ. հոկտեմբերին), երիտթուրքական հանձնաժողովները սկսեցին այնպիսի անմիտ ճնշումներ գործադրել, որ մի շարք տեղերում ոչ թուրք բնակչությունն ընդհանրապես հրաժարվեց քվեարկությանը մասնակցելուց։ Ազգային հարցում երիտթուրքերն իրենց պաշտոնական ուսմունքն (դոկտրինն) էին հռչակել «օսմանիզմը»։ Ֆորմալ առումով «օսմանիզմը» նշանակում է սուլթանի բոլոր հպատակների հավասարությունն օրենքի առաջ, բայց փաստացի երիտթուրքերը, հերքելով Թուրքիայում ազգային հարցի առկայությունը, ցանկանում էին բռնի ուժով ձուլել ազգային փոքրամասնություններին։ Նրանք հայտարարում էին, որ կարող են թույլ տալ ազգային փոքրամասնություններին պահպանել իրենց կրոնը, բայց ոչ իրենց մայրենի լեզուն, և պահանջում էին պահպանել «միասնական և անբաժան» Օսմանյան կայսրությունը։ Երիտթուրքերի հակաժողովրդավարական քաղաքականությունը հեշտացնում էր ռեակցիոն ուժերի գործունեությունը, որոնց համար անընդունելի էին բոլոր տեսակի փոփոխությունները։ Երիտթուրքական հեղափոխության դեմ հանդես եկան իմպերիալիստական տերությունները։ Որքան էլ թույլ լիներ այդ հեղափոխությունը, իմպերիալիստները, այնուամենայնիվ, մտավախություն ունեին, որ հետագայում հեղափոխական շարժումը սպառնալիք կարող է դառնալ իրենց շահերի համար։ Իմպերիալիստական երկրների քաղաքական գործիչները և մամուլը երիտթուրքերին հավաստիացնում էին իրենց համակրանքի մեջ, բայց իրականում համառորեն պատրաստվում էին Թուրքիայի կողոպուտի նոր ակտերին։
Հեղափոխության արդյունքներն ու հետևանքները
Ըստ էության արդեն 1908 թ. աշնանը երիտթուրքական հեղափոխության դեմ ընդհանուր ճակատով հանդես եկան երկրի ներքին և արտաքին հակազդեցությունները։ Հոկտեմբերի սկզբին Ավստրո-Հունգարիան բռնակցեց Բոսնիան և Հերցեգովինան։ Տարվա վերջին, երբ հավաքվեց թուրքական խորհրդարանը, երիտթուրքերն այնտեղ հանդիպում ունեցան ֆեոդալ- կոմպրադորային ընդդիմության հետ («լիբերալներ»), որին աջակցում էին անգլիացի իմպերիալիստները։ 1909 թ. ապրիլին այդ կուսակցության ակտիվ մասնակցությամբ տեղի ունեցավ Ստամբուլի կայազորի հակահեղափոխական խռովությունը, որը կարճ ժամանակով վերականգնեց Աբդուլ Համիդի ինքնակալությունը։ Մակեդոնիայից ժամանած հեղափոխական ջոկատները ճնշեցին ապստամբությունը։ Այս անգամ «արյունոտ սուլթանը» գահին չմնաց։ Նրան կալանավորեցին, իսկ նոր սուլթան ընտրվեց կամազուրկ Մեհմեդ V-ը, որը պետք է «թագավորեր, բայց ոչ կառավարեր»։
Վերակազմավորված կառավարության մեջ մտան երիտթուրք մի շարք գործիչներ։ Սակայն իշխանության գալով՝ երիտթուրքերն էլ ավելի հեռացան իրենց երբեմնի, գոնե հարաբերական հեղափոխականությունից և փաստացի հաստատեցին բռնատիրական ռեժիմ։ Վերջինիս խորհրդարանական «թաղանթն» ու թուրք մտավորականության վերնախավին բյուրոկրատական գործունեությանը հաղորդակից դարձնելը փաստացի չփոխեցին երիտթուրքական դիկտատուրայի դասական էությունը։ Այն իր հիմքերն ուներ ոչ թե նոր ծիլերի տեսքով, այլ հնի ամուր արմատների՝ ֆեոդալական և կիսաֆեոդալական հարաբերությունների, երկրի տնտեսության և քաղաքականության՝ օտարերկրյա կապիտալի տիրապետությանը ենթարկելու տեսքով։ Բանվորների և գյուղացիների նկատմամբ երիտթուրքական կառավարությունը վարում էր բացահայտ թշնամական քաղաքականություն։ Կայսրության ազգային փոքրամասնությունները երիտթուրքերի կառավարման տարիներին ոչ պակաս աղետներ են տեսել, քան աբդուլհամիդյան «զուլումի» տարիներին։ Վերսկսվեցին հայկական ջարդերը, պատժիչ արշավանքները մակեդոնացիների, ալբանացիների, արաբների դեմ։ Իրենց կառավարման տարիներին երիտթուրքերը չէին թուլացրել Թուրքիայի կախվածությունն իմպերիալիստական պետություններից։ Երիտթուրքերն իրենց խնդիրը տեսնում էին ոչ թե երկրի ազգային անկախության համար պայքարելու, այլ իմպերիալիստական խմբավորումներից մեկին ընտրելու մեջ, որի «հովանավորության» տակ առավել շահավետ կլիներ Թուրքիան ամբողջությամբ տալը։ Գերմանական իմպերիալիստների տնտեսական և քաղաքական ակտիվությունը, պանթյուրքիզմի ու պանիսլամիզմի խրախուսումը, վերջապես անձնական կապերը երիտթուրք շատ առաջնորդների հետ շատ արագ հանգեցրին այն ազդեցության վերականգնմանը, որից Գերմանիան օգտվում էր Աբդուլ Համիդի օրոք, ինչպես նաև հնարավորություն տվեցին շուտով գերմանական իմպերիալիզմի լիակատար տիրապետության հաստատմանը երկրում։
Ավելացնել նոր մեկնաբանություն