Հեղափոխական ուժերի համախմբումը Չինաստանում

Սինհայական հեղափոխությունը Չինաստանում. պատճառները, գաղափարախոսությունը և արդյունքները

Հեղափոխական ուժերի համախմբումը Չինաստանում

20-րդ դարում Չինաստանը թևակոխեց անկայունության և արևմտյան կախվածության ժամանակաշրջան, որն ասիական այս խոշորագույն պետությունը վերջնականապես դարձրեց այսպես կոչված կիսագաղութ: Իշխանության գլուխ շարունակում էր կանգնած լինել մանչժուրյան Ցին դինաստիան, որի օրոք պետությունը չէր կարողանում բավարար չափով արդիականացնել իր տնտեսությունը, բանակը և պետական կառավարման ձևը։ Դեռևս 1898 թվականին, երբ պետությունը փորձում էր բարեփոխումներ կատարել, դրանք ձախողվում էին, ինչի հետևանքով Չինաստանում բռնկվում է իհեթուանների ապստամբությունը: Ըմբոստացած ժողովուրդը կարգախոսներ է հնչեցնում արտաքին ուժերի դեմ։ Շուտով՝ 1900 թվականի սեպտեմբերին, չինական կառավարությունն արևմտյան պետությունների հետ մեկտեղ ճնշում է բռնկված ապստամբությունը։ Սակայն այդ խոշտանգումները չեն կարողանում խոչընդոտել երկրում ավելի մեծ ապստամբությունը, որը պատմության մեջ հայտնի է որպես Սինհայական հեղափոխություն։ 1908 թվականին երկրի կառավարիչ է դառնում երեքամյա Պու Լին, սակայն երկիրը փաստացի կառավարում էր Չուն իշխանը: Նրա օրոք արդեն հայտարարվում է ընտրությունների անցկացման մասին շրջանային կամ պրովինցիալ խորհրդատվական ժողովների ժամանակ խոստացված սահմանադրական բարեփոխումների շրջանակում, որի առանձնահատկությունն այն էր, որ մի գաղափարի շուրջը հավաքվեցին կապիտալիստական մոդեռնիզացիայի շատ կողմնակիցներ։ Սակայն շուտով հայտնի դարձավ, որ Ցին դինաստիան այնուամենայնիվ չի շտապում իրականացնել այդ բարեփոխումները: Այդ պատճառով խորհրդատվական ժողովներից շատ անդամներ անցան ընդդիմության՝ լիբերալ սահմանադիրների և հեղափոխական ժողովրդավարության կողմնակիցների կողմ՝ Սուն Յաթսենի գլխավորությամբ։

Սուն Յաթսենը և նրա սկզբունքները

Ընդդիմության առաջին խմբավորումը գլխավորում էր Սուն Յաթսենը։ Սուն Յաթսենը ծնվել է 1866 թվականին Գուանդուն շրջանի գյուղական ընտանիքում: Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Հավայան կղզիներում, ինչից հետո վերադառնալով հայրենիք՝ մասնակցել է Ցին դինաստիայի դեմ հակակառավարական ելույթներին։ Ճանապարհորդելով Եվրոպայում և ապրելով Ճապոնիայում՝ նա Չինաստանի վերակառուցման իր տարբերակն է առաջարկել։ Սուն Յաթսենը կարծում էր, որ ճգնաժամից դուրս գալու միակ տարբերակն ավանդական չինական քաղաքակրթության և արևմտյան նորարարությունների խառնուրդն է։ 1905 թվականին Սուն Յաթսենը և նրա կողմնակիցները Ճապոնիայում ստեղծեցին քաղաքական նոր կազմակերպություն, որը ստացավ «Չինական միացյալ հեղափոխական միություն» անվանումը։ Վերջինիս ծրագիրը՝ «Ժողովրդական երեք սկզբունքները», կազմել է Սուն Յաթսենը։ Այն ստացել է ոչ միայն համախոհների հավանությունը, այլև մեծ գնահատանքի է արժանացել Ռուսաստանի, Արևմտյան Եվրոպայի և Ճապոնիայի կողմից։

·  Առաջին սկզբունքը կոչվում էր նացիոնալիզմ, որի առաջնահերթ խնդիրը Ցին դինաստիայի տապալումն էր և իշխանության վերադարձը չինական կառավարությանը։

·  Երկրորդ սկզբունքը կոչվում էր ժողովրդավարություն, ինչը նշանակում էր Ցին դինաստիայի տապալումից հետո երկրում հաստատել բուրժուա- դեմոկրատական հանրապետություն։

·  Երրորդ սկզբունքը՝ ժողովրդական բարեկեցությունը, ենթադրում էր Չինաստանի համար կարևորագույն հարցի՝ գյուղատնտեսության արդարացի լուծումը։

Սուն Յաթսենն անհրաժեշտ էր համարում հողի նկատմամբ իրավունքների հավասարեցումը, ինչպես նաև դրա ազգայնացումը։ Նրա գլխավոր ընդդիմախոսը համարվում էր լիբերալ սահմանադիրների ղեկավարներից Լյան Ցիչաոն, որը քննադատում էր Ցին դինաստիան տապալելու Սուն Յաթսենի գաղափարը։ Ըստ Լյան Ցիչաոյի՝ դինաստիայի տապալումը չպետք է առաջնահերթ խնդիր լինի, քանի որ երկրում հնարավոր է բռնապետական կարգեր ձևավորվեն։ Բացի դրանից՝ նա կարծում էր, որ հողի ազգայնացումը հնարավոր է նաև չբարելավի միլիոնավոր չինացի գյուղացիների վիճակը երկրում։ Սակայն ոչ Լյան Ցիչաոն, ոչ էլ նրա կողմնակիցներն այլընտրանքային ծրագիր չկարողացան առաջարկել այդ ժամանակ։ Շուտով առաջ է գալիս նաև երրորդ ընդդիմադիր խմբավորումը՝ լիբերալ կալվածատերերը՝ Յուան Շիկայի գլխավորությամբ։ Այս խմբավորման մեջ առաջին հերթին մտնում էին չինական վերնախավի ներկայացուցիչները։ Նրանք խուսափում էին ժողովրդի տարերային ելույնթներից և Չինաստանի ապագան միապետության մեջ էին տեսնում։ 260 տարի իշխող Ցին դինաստիայի դեմ հեղափոխական առաջին տրամադրությունները սկսվեցին 1906-1910 թվականների ընթացքում, երբ Չինաստանի մի շարք շրջաններում բռնկվեցին գյուղացիական ապստամբություններ։ Այն հատվածներում, որտեղ Սուն Յաթսենի կողմնակիցների կողմից ակտիվ քարոզչություն էր տարվում, գյուղացիներին միացան նաև ռեֆորմիստական զորքերի զինվորները։ 1911 թվականի մարտին խոշոր ապստամբություն է բռնկվում Գուանչժոու նահանգում պատրաստված Միացյալ խորհրդի անդամների կողմից։ Սակայն առավել մեծ թափ է ստանում Չինաստանի ամենամեծ կենտրոններից մեկում՝ Ուչանում բռնկված ապստամբությունը, որտեղ զորանոցում վիճաբանություն է առաջանում զինվորականների և հրամանատարներից մեկի միջև։ Այս դեպքը ակտիվ հակակառավարական սկիզբ է դառնում, ինչը և համարվում է Սինհայական հեղափոխության մեկնարկը։ Իր բնույթով հեղափոխությունը բուրժուական էր և առաջին հերթին ուղղված էր Ցին դինաստիայի տապալման դեմ։ Հեղափոխությունը բաժանվում է մի քանի փուլերի։ Առաջին փուլում (1911 թ. հոկտեմբեր-1912 թ. փետրվար) հակամանչժուրյան շարժումները տարածվում են Չինաստանի մեծ մասում։ Արդեն հոկտեմբերի 11-ին Ուչանում որոշում է կայացվում երկրում մտցնել հանրապետական կառավարման ձև։ Որպեսզի արտասահմանցիների ռեակցիան չլինի այնպիսին, ինչպիսին իհեթուանների ապստամբության ժամանակ էր, արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչություններին երաշխավորագիր է տրվում, որ իրենց իրավունքները պաշտպանված կլինեն, ինչպես դա Ցին դինաստիայի օրոք էր։ Այդ քայլն իր ազդեցությունն ունեցավ, և հոկտեմբերի 18-ին արևմտյան տերությունները հայտարարեցին հեղափոխության վերաբերյալ իրենց չեզոքության մասին։ Հեղափոխության առաջին իսկ օրերից երևացին լիբերալների գերիշխող դիրքերը։ Յուան Շիկայը չէր ցանկանում, որպեսզի հեղափոխությունը արմատական բնույթ ստանա, այդ պատճառով նա ձգտում էր հեղափոխության կենտրոնը տեղափոխել Շանհայ։ Նոյեմբերի 2-ին կառավարական ուժերին հաջողվում է գրավել Ուչանի մի մասը, որը և լինում է վերջին խոշոր հաջողությունը։ Սակայն դեկտեմբերի 1-ին հեղափոխական ուժերը գրավում են Նանկին քաղաքը, որն ուժերի հավասարակշռություն է բերում։ Դեկտեմբերի 2-ին Յուան Շիկայը հաշտության առաջարկ է անում անգլիական հյուպատոսի միջոցով։ Դրա արդյունքում Պեկինում իշխանությունը Յուան Շիկային է փոխանցվում։ Դեկտեմբերի 25-ին Շանհայ է վերադառնում երկարատև էմիգրացիայից հետո հեղափոխական դեմոկրատների նախագահ Սուն Յաթսենը, ինչի արդյունքում հեղափոխության արմատական թևն ավելի է ամրապնդվում և ակտիվանում։ Սուն Յաթսենը մեծ հռչակ էր վայելում թե՛ իր համախոհների և թե՛ ընդդիմախոսների շրջանում։ Այդ պատճառով դեկտեմբերի 29-ին նա ընտրվում է Չինական Հանրապետության ժամանակավոր նախագահ: Այդ ժամանակ Յուան Շիկայը հասկանում է, որ հեղափոխականները ոչ մի փոխզիջման չեն գնա երկրի կառավարման ռեժիմի մեջ։ Սակայն միևնույն ժամանակ նա շատ լավ հասկանում էր, որ երկրի կառավարման հանրապետական մոդելը չի կարող խոչընդոտել բռնապետական կարգերի հաստատումը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն