«Թարթառի գործ»
- Ի՞նչ է «Թարթառի գործը»
Ադրբեջանցի զինվորականների խոշտանգումների դեպքերի առնչությամբ դատական գործերի շարք, որը տեղի է ունեցել 2017 թվականի մայիս և հունիս ամիսներին Ադրբեջանի Թարթառի շրջանում։ Զինվորականները մեղադրվել են ՀՀ ԱԱԾ-ի հետ կապ ունենալու և լրտեսությամբ զբաղվելու մեջ։ Հետաքննություններից հետո զինվորականներին տեղափոխել են Թարթառի շրջան և խոշտանգումների ենթարկել։
- Ի՞նչ է տեղի ունեցել
Ըստ մինչև այսօր հրապարակված պաշտոնական տեղեկության՝ վերոնշյալ ժամանակահատվածում ադրբեջանական ոստիկանության աշխատողները լրտեսության մեջ կասկածվող ադրբեջանցի զինվորականների տներ են մտել և ուժի կիրառմամբ տարել նրանց։ Ըստ հաստատված տեղեկության՝ բռնի ուժով տարվել է շուրջ 100 զինվորական, որոնցից 11-ը սպանվել են, 24-ը՝ դատապարտվել ազատազրկման։
Իսկ ըստ ադրբեջանական ոչ իշխանամետ լրատվամիջոցների՝ խոշտանգումների ենթարկված ադրբեջանցիների թիվը գերազանցում է 150-ը։
- Ինչո՞ւ հենց Թարթառում
Թարթառի շրջանը սահմանակից է Լեռնային Ղարաբաղին, ավելին՝ մեծ մասը վերահսկվում էր հայկական ուժերի կողմից։ Կարծում ենք՝ ընտրված վայրը պատահական չի եղել։ Ըստ ադրբեջանական իշխանությունների գրած սցենարներից մեկի՝ խոշտանգումները, սպանությունները և բռնությունները հարկ եղած դեպքում կարելի էր բարդել հայկական ուժերի վրա։
- Եղե՞լ է արդյոք դավաճանություն
Եթե գնահատենք ապրիլյան իրադարձությունները, ապա մեծ հաշվով Ադրբեջանը ոչ միայն չանցավ ընդհանուր հարձակման, այլև հրադադար խնդրեց, դա նշանակում է, որ ագրեսորին՝ Ադրբեջանին, հասցվել է անհամաչափորեն ավելի մեծ վնաս։
Ադրբեջանը չհասավ իր նպատակին, և պատերազմն ավարտվեց առանց տարածքային լուրջ նվաճումների: Իսկ ո՞վ էր մեղավոր այդ հարցում՝ բանա՞կը, թե՞ իշխանությունը։
Բնականաբար իշխանությունը թույլ չէր տա այդ մեծ պատասխանատվությունն իր վրա վերցնել։ Եվ որպեսզի տպավորություն չստեղծվեր, որ հայկական կողմն ավելի մարտունակ էր, կամ հաղթել հնարավոր չէր, ապա պատերազմի արդյունքների արդարացման համար հնարավոր տարբերակ կարելի էր դիտարկել զինվորականների՝ դավաճանություն կատարելու տարբերակը։ Ըստ ադրբեջանական կողմի՝ ձերբակալվածների մեծ մասը մասնակցել է քառօրյա պատերազմին։
Եթե անգամ եղել է դավաճանություն, ապա հնարավոր չենք համարում, որ Բաքվի բռնապետը չէր կարող գործը «լուծել» ներքին կարգով՝ այդ ամենն անհասանելի դարձնելով ինչպես միջազգային հանրության, այնպես էլ երկրի բնակիչների համար։ Նպատակներից մեկն այս պարագայում ևս պարտությունն «արդարացնելն» էր, ցույց տալը, որ ադրբեջանական բանակը, որն իշխանության ուղիղ ենթակայության տակ է, մարտունակ է, մեղավորները դավաճաններն են, որոնք արժանի պատիժ են ստացել։
- Ինչո՞ւ թեման ակտիվացավ 44-օրյա պատերազմի ժամանակ
2019 թվականին աստիճանաբար սկսեցին բացահայտվել իրադարձությունների մանրամասները, և հանրությունը տեղեկացավ կատարվածից։
«Թարթառի գործից» սկսեցին խոսել միջազգային տարբեր լրատվամիջոցներ։ Սպանվածների, բանտերում ազատազրկման ենթարկվածների հարազատները սկսեցին պատմել կատարվածի մանրամասներից և հրապարակեցին նկարներ։
Կարելի է ենթադրել, որ վերջին պատերազմի ժամանակ իշխանությունը փորձեց թարմացնել բոլորի հիշողությունները և ցույց տվեց, թե ինչեր կարող են լինել հնարավոր դավաճանության դեպքում, իսկ հակառակ դեպքում, այսինքն՝ եթե պատերազմն Ադրբեջանի ցանկացած արդյունքով չվերջանար, օգտագործել նույն խաղաքարտը և ասել, որ ներքին թշնամիների կողմից կրկին դավադրություն եղավ։
Երկրորդ հանգամանքը՝ ցույց տալ, որ դավաճաններին պատժելուց հետո բանակը դարձել է ավելի մարտունակ, և «խնդրի» կարգավորումը միայն ուղղված է եղել բանակի անունը վերականգնելուն։
Իսկ տուժած բնակիչները, օգտվելով միջազգային աջակցությունից և վախենալով նմանօրինակ իրադարձության կրկնությունից, այն օրակարգ բերեցին։
#Դետքի_հետագծով
Ավելացնել նոր մեկնաբանություն