Հնարավոր է՝ ռուսական կողմը ստիպված լինի առաջնագծից կամ երկրորդ գծից ռեսուրսներ տեղափոխել. ռազմական փորձագետ

Հնարավոր է՝ ռուսական կողմը ստիպված լինի առաջնագծից կամ երկրորդ գծից ռեսուրսներ տեղափոխել. ռազմական փորձագետ

«Պրիգոժինը երևի թե հույս ունի, որ կկարողանա իր կողմ քաշել բանակի ինչ-որ ստորաբաժանումներ, հնարավոր է՝ այլ ուժայինների ստորաբաժանումներ (օրինակ՝ «Ռոսգվարդիայի»), քանի որ միայն իր հայտարարած 25.000 ռեսուրսով չի կարող հաղթել։ Ամեն ինչ կախված է նրանից, թե իր կողմը ինչ-որ ուժեր (ուժայիններից) կանցնեն, թե ոչ»,- «Դետքի» հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադանալով Ռուսաստանում ընթացող դեպքերին։

Նա հավելեց, որ կարծես թե այս պահին գոնե հայտարարությունների մակարդակով ռուսական իշխանության շատ տարբեր օղակներ (օրինակ՝ նահանգապետներ) հայտարարում են Պուտինին իրենց հավատարմության մասին։ Ըստ փորձագետի՝ դա հատուկ է արվում, որպեսզի, օրինակ, զինվորականների շրջանում ինչ-որ «գայթակղություններ» (խոսքը Պրիգոժինի կողմն անցնելու մասին է - խմբ.) չառաջանան. բավականին բարդ իրավիճակ է, և բարդ է կանխատեսումներ անել։

«Պետք է հասկանալ, որ, օրինակ, «Վագների» ղեկավարի հայտարարությունում նշվածը, թե 25.000 հոգով են գնում Մոսկվա, դժվար թե ստույգ թիվ լինի։ Իրական թիվը պարզ չէ։ Նաև պարզ չէ, թե Ռուսաստանի իշխանությունները ձեռքի տակ ազատ ի՞նչ ռեսուրսներ ունեն, որոնք, ամենակարևորը, կարող են օպերատիվ բերել և «Վագների» ճանապարհին կանգնեցնել»,- ասաց Վրթանեսյանը։

Անդրադառնալով Ուկրաինայի՝ ստեղծված իրավիճակում հավանական մեծ թափով գործողությունների անցնելուն՝ փորձագետը նշեց. «Մի կողմից այդպիսի հավանականություն իհարկե կա, առավել ևս, որ Ուկրաինան հենց հիմա հարձակում էր գործում, թեպետև ոչ այն թափով, հաջողություններով ու արդյունքներով, որ սպասվում էր»։

Ըստ Վրթանեսյանի՝ այս իրավիճակում հնարավոր է, որ ռուսական կողմը ստիպված լինի առաջնագծից կամ երկրորդ գծից ինչ-որ ռեսուրսներ տեղափոխել՝ «Վագների» երթը կանգնեցնելու համար։ Եվ չի բացառվում, որ ուկրաինացիները փորձեն դրանից օգտվել. «Ուղղակի այստեղ մեկ այլ գործոն էլ կա. օրինակ՝ ուկրաինացիների ակտիվացումը կարող է տատանվող ուժայիններին սթափեցնել և հետ պահել Պրիգոժինին միանալուց։ Գուցե ուկրաինացիները նաև հաշվարկեն և չփորձեն քայլեր ձեռնարկել։ Այս առումով էլ բավականին դժվար է կանխատեսելը, երբ այնտեղ չես գտնվում»։

Նշենք, որ հունիսի 23-ին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր Ռուսաստանում ռազմական հեղաշրջման փորձի մասին։ «Վագների» վարձկանները գրավել են Ռուսաստանի մարզկենտրոններից մեկը՝ Դոնի Ռոստովը։ Զինված մարդիկ շրջափակել են Հարավային ռազմական օկրուգի շտաբը, քաղաքային վարչությունը, ԱԴԾ-ի և ՆԳՆ-ի շենքերը։

«Մենք արգելափակում ենք Ռոստովը և գնում ենք Մոսկվա»,- ասել էր Պրիգոժինը: «Reuters»-ին ռուսական հատուկ ծառայություններում սեփական աղբյուրը հայտնել էր, որ «Վագների» զինյալները գրավել են Վորոնեժի ռազմական օբյեկտները։ Գործակալությունը, սակայն, չի նշել, թե որ օբյեկտներն են գրավել «վագներականները»։ Ավելի վաղ Վորոնեժի շրջանի կառավարությունը հայտնել էր, որ վերջինիս ուղղությամբ ռազմական տեխնիկայի շարասյուն է շարժվում։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն