Հայատյացության դրսևորումներն Ադրբեջանում. մշակութային ցեղասպանության քաղաքականությունը
Արցախյան երրորդ պատերազմից հետո Ադրբեջանում հակահայկականությունն ավելի խոր արմատներ է ստացել։ Ադրբեջանի ղեկավարության ցեղասպանական մտածողության ակնհայտ դրսևորումն էր 2021 թ. ապրիլին Բաքվի կենտրոնում բացված ռազմական ավարի պուրակը։ Բաքվից պարբերաբար հնչող հայտարարություններն ապացուցում են այդ երկրում էթնիկ հայ բնակչության նկատմամբ գեներացվող ատելությունը, որը դրսևորվում է տարբեր ուղղություններով, մասնավորապես կրթական և մշակութային։ Ադրբեջանում դաստիարակվում է մի սերունդ, որը հային համարում է ոչ թե պարզապես թշնամի, այլ հայի հանդեպ պատրաստ է ցանկացած անմարդկային դաժանության։ Այդ սերունդն էր 44-օրյա պատերազմի ժամանակ վայրագություններ անում Արցախում, և այդ սերունդն է շարունակում պատրաստվել նոր պատերազմի։ Հետևաբար «խաղաղություն» աշխարհաքաղաքական այս բարդ տարածաշրջանում, որտեղ չունենք «խաղաղասեր» հարևաններ, չի կարող լինել։ Հայատյացության բացահայտ դրսևորումներից մեկն էլ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության քաղաքականությունն է։
Ադրբեջանի մշակութային ցեղասպանության քաղաքականությունը
Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացրած գործողություններն ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում: Ըստ իրավագետ Ռաֆայել Լեմկինի՝ ցեղասպանությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի վերացումն է ֆիզիկական բնաջնջմամբ, այլև նրա ազգային-հոգևոր մշակույթի ոչնչացումը: «Ազգային-մշակութային ցեղասպանություն» հասկացությունը, սակայն, չի մտել Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին ՄԱԿ-ի 1948 թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի մեջ:
Դեռևս Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում Ադրբեջանը դիտավորյալ թիրախավորում էր հայկական հուշարձանները՝ եկեղեցիներ, խաչքարեր, գերեզմանոցներ և այլն։ Մշակութային ցեղասպանության դրսևորումներից է նաև այն, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը հայկական մշակութային կոթողները փորձում է ներկայացնել որպես աղվանական։ 2021 թ. մարտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այցելելով Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի հայկական եկեղեցի, նշել է. «Սա ալբանական եկեղեցի է: Հայերը փորձել են այս եկեղեցին ևս հայկականացնել, այստեղ հայերենով գրություններ են գրել, բայց դա նրանց չի հաջողվել: Սա մեր հնագույն տաճարն է, մեր ուդի եղբայրների տաճարն է, և նրանք այստեղ ևս գալու են: Ինչպես որ մեր մզկիթներն են պղծել, այնպես էլ հնագույն ալբանական տաճար են պղծել հայերը: Բայց մենք վերականգնելու ենք, այս բոլոր գրությունները կեղծ են: Դրանք հետո ավելացված գրություններ են: Նրանք իրենց համար կեղծ պատմություն են ստեղծել: Մինչդեռ դա նրանց չի հաջողվել… թուրքական մզկիթ է: Ամբողջը կեղծել են, դարձրել են աղբանոց: Տեսեք, թե այս վայրն ինչ օրն են գցել, հետո էլ ասում են՝ հայկական է»: Բազմաթիվ են Ադրբեջանի կողմից հայկական հետքի ոչնչացման օրինակները ժամանակավորապես գրավյալ Արցախում։
Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը շարունակվում է մինչ օրս։ Ադրբեջանական վանդալիզմի և հայատյացության հերթական դրսևորում էր Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղի՝ Արցախյան առաջին պատերազմում զոհված զինվորների շիրմաքարերը ջարդելը։
Այսպիսով՝ Ադրբեջանի ցեղասպան դրսևորումներն արտացոլվում են նաև հոգևոր-մշակութային ոլորտում, ինչը խոսում է Հարավային Կովկասում ստեղծված՝ պատմությունից և մշակույթից զուրկ Ադրբեջան կոչվող թուրքական նախագծի «ազգային» բարդույթների մասին։
#Դետքի_հետագծով
Ավելացնել նոր մեկնաբանություն