Ի՞նչ վտանգներ է պարունակում հայ-թուրքական սահմանի վերաբացումը

Ի՞նչ վտանգներ է պարունակում հայ-թուրքական սահմանի վերաբացումը

1991 թ. դեկտեմբերի 24-ին Թուրքիայի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը, սակայն Հայաստանի և Թուրքիայի միջև չհաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ:

1993 թ. Թուրքիան միակողմանիորեն փակեց Հայաստանի հետ օդային և ցամաքային սահմանները՝ հաջակցություն Ադրբեջանի, քանի որ վերջինս բազմաթիվ պարտություններ էր կրել Արցախյան պատերազմում։ Հայերի՝ Քարվաճառն ազատագրելուց հետո Թուրքիան փակեց սահմանը, ընդ որում՝ սահմանը փակվեց միակողմանիորեն: Օդային սահմանը վերաբացվեց միայն 1995 թ.: Հայ-թուրքական ցամաքային սահմանի վերաբացման համար նախորդ շուրջ 30 տարիների ընթացքում Անկարան հայկական կողմից պահանջում էր Ադրբեջանին հանձնել Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանները, որոնք Բաքուն օկուպացրեց 44-օրյա պատերազմի ժամանակ։

Վերջին շրջանում շատ է խոսվում ցամաքային սահմանի վերաբացման մասին՝ նշելով, որ դրանում շահագրգռված է Թուրքիան։ Եթե հետհայացք կատարենք սահմանի փակման նախապատմությանը, կտեսնենք, որ Թուրքիան, փակելով այն, մի նպատակ էր հետապնդում՝ ճնշել հայկական կողմին և Հայաստանը տնտեսական շրջափակման ենթարկել։ Այսօր Թուրքիան առաջնորդվում է ճիշտ նույն մտածողությամբ՝ սահմանը բացելու պարագայում։

Բնականաբար Հայաստանի հարևան երկրների միջև սահմանի՝ բեռների փոխադրման համար փակ լինելն իր որոշակի բացասական ազդեցությունն է գործում Հայաստանի՝ որպես ներդրումներ կատարող և տնտեսական գործունեություն ծավալող երկիր։ Հարևան երկրների հետ ուղիղ կապերի բացակայությունը Հայաստանի համար լուրջ դժվարություններ է ստեղծում տարածաշրջանային բազմակողմ համագործակցություններից առավելագույնս օգտվելու հարցում:

Բացի դրանից՝ Հայաստան-Թուրքիա միջնորդավորված առևտրի դեպքում զգալիորեն ավելանում են տրանսպորտային ծախսերը: Թուրքիան Հայաստանի համար  ապրանքների իրացման շուկա է, և արդյունաբերողները հումք են ներմուծում Թուրքիայից Իրանի և Վրաստանի տարածքով: Այսինքն՝ սահմանի վերաբացման արդյունքում Հայաստանի արտաքին առևտրում կնվազեն տրանսպորտային ծախսերը, և կավելանան առևտրային հոսքերը:

Կարող ենք փաստել, որ սահմանի վերաբացումը հայկական կողմի համար միայն տնտեսական բարեկեցության ակնկալիք է։ Բայց պետք չէ մոռանալ նաև այն հանգամանքը, որ թուրքական ապրանքները կարող են հորդել Հայաստան՝ դուրս մղելով տեղական արտադրողներին տնտեսության այնպիսի ճյուղերից, ինչպիսիք են տեքստիլ արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը։

Խնդիրներն այսքանով չեն սահմանափակվի. կան մի շարք սպառնալիքներ անվտանգային, տնտեսական, ռազմաքաղաքական ոլորտներում։

Օրինակ՝ Թուրքիան բազմիցս նշել է, որ Հայաստանի տարածքում գործում են այսպես կոչված քրդական «ահաբեկչական» կառույցներ։ Նկատենք, որ նույն դրույթն առաջ տանելով՝ Թուրքիան այսօր «հակաահաբեկչական գործողություններ» է իրականացնում Սիրիայի և Իրաքի տարածքում։ Սահմանի վերաբացման պարագայում նույն սցենարի կրկնությունն անակնկալ չի լինի Հայաստանի համար։

Մեկ այլ վտանգ իրենից կներկայացնի Թուրքիայի ազգային փոքրամասնությունների, մասնավորապես քրդերի արտահոսքը Հայաստան, որը հղի կլինի վտանգավոր զարգացումներով։

Բացառված չէ, որ սահմանի հնարավոր վերաբացումից հետո Թուրքիան Հայաստանից կպահանջի հրաժարվել Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչմանն աջակցելուց, ինչպես նաև ընդունել Թուրքիայի սահմանները։

Շատ կարևոր է նաև իսլամի տարածման սպառնալիքը։ Մշակութային «համագործակցության» արդյունքում մզկիթների ստեղծումը կարող է ստեղծել թուրքական համայնքներ, որոնք էլ իրենց հերթին կառաջացնեն այլ վտանգներ։

 

#Դետքի_հետագծով

Ավելացնել նոր մեկնաբանություն