30 տարի առաջ այս օրը Արցախյան Ազատամարտը թևակոխեց վերջնական հաղթանակի իր փուլը

30 տարի առաջ այս օրն Արցախյան ազատամարտը թևակոխեց վերջնական հաղթանակի իր փուլը

1993 թվականը վճռորոշ էր Ադրբեջան-ԼՂՀ հակամարտության ռազմական փուլի համար: Այն առավել ևս կարևոր էր Արցախի ինքնապաշտպանության ուժերի համար ռազմաճակատում արմատական բեկում մտցնելու առումով: Թեև 1993 թ. հարուստ էր փայլուն ռազմագործողություններով ու տպավորիչ հաղթանակներով, բայց այդ շարքում Մարտակերտ քաղաքի ազատագրումն ունի իր յուրահատուկ նշանակությունը:

1993 թ. ապրիլի սկզբին Արցախի ինքնապաշտպանության ուժերը, ավարտելով հակառակորդի քելբաջարյան խմբավորման ջախջախման ռազմագործողությունը, ծրագրեցին և ուժերի ու միջոցների վերախմբավորում կատարելով, ձեռնամուխ եղան տարվա առաջին կիսամյակի մարտական գործողությունների եզրափակիչ փուլի՝ Մարտակերտի ազատագրման նախապատրաստմանը: Հունիսի 12-ին Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի և Կենտրոնական պաշտպանական շրջանների հարվածային ստորաբաժանումները սկսեցին Մարտակերտ քաղաքի և համանուն շրջանի բռնազավթված մասի ազատագրման խոշորածավալ գործողությունը: Ընկճելով հակառակորդի 3-րդ մոտոհրաձգային բրիգադի, ներքին զորքերի բրիգադի, տանկային բրիգադի զորամասերի համառ դիմադրությունը, հաղթահարելով համատարած ականադաշտերի, հակառակորդի հրետանու, տանկերի հարուցած արգելքները, ինչպես նաև ի չիք դարձնելով սպառազինության առումով և օդում ունեցած նրա բացարձակ տիրապետությունը՝  Արցախի ինքնապաշտպանության ուժերի ազատամարտիկներն Աղդամի ուղղությունում գրավեցին օպերատիվ ու մարտավարական  նշանակության բարձունքներ ու բնագծեր, ապա դուրս եկան Աղդամ-Մարտակերտ մայրուղին: Հակառակորդը, զգալի կորուստներ կրելով Մարզիլլի, Խրամորթ, Փափրավենդ գյուղերի շրջանում, ստիպված էր ռազմաճակատի այլ, հատկապես Մարտակերտի ուղղությունից այդ բնագիծ տեղափոխել կենդանի ուժ և տեխնիկա՝ դրանով իսկ բարենպաստ պայմաններ ստեղծելով Մարտակերտի լեռնաշղթայի վրա հակառակորդի ջախջախման, Մարտակերտ քաղաքն ազատագրելու և այդ հիմնական ուժերը Խրամորթ-Բոյահմեդլի-Փափրավենդ-Մարտակերտ-Մատաղիս բնագիծ դուրս բերելու գլխավոր նպատակն իրագործելու համար:

Տևական, համառ մարտերից հետո՝ 1993 թ. հունիսի 26-ին,  ազատագրվեցին Հեռուստաաշտարակ,  Պուշկեն-յալ կոչվող ռազմավարական նշանակության բարձունքները: Փաստորեն, նույն օրն էլ 4-րդ պաշտպանական շրջանի  զորամասերը մտան Մարտակերտ քաղաքը, որով ավարտին հասցվեց մարտակերտյան ռազմագործողությունը: 3-րդ, 5-րդ, 6-րդ ՊՇ զորամասերն անցան գերիշխող բարձունքների, մասնավորապես Յոթնաբլուր, Սառցալեռ, Բոյահմեդլի, Փափրավենդ, Պուշկեն-յալ, Հեռուստաաշտարակ բնագծերի և հիմնական ճանապարհների պաշտպանությանը:

Հաջորդ օրը՝ հունիսի 27-ին, ինքնապաշտպանական ուժերի ազատամարտիկներն ամրապնդվեցին ոչ միայն Մարտակերտ քաղաքում, այլև Ներքին Հոռաթաղ, Աղաբեկալինջ, ինչպես նաև Մատաղիսի մոտակա բարձունքների վրա:

Մարտակերտ քաղաքի ազատագրումն ունեցավ ռազմաքաղաքական ու բարոյահոգեբանական նշանակություն: Խոսելով այդ մասին՝ նախևառաջ անհրաժեշտ է ընդգծել դրա ունեցած բարոյահոգեբանական առումով բարենպաստ ներգործությունը Մարտակերտի շրջան վերադարձող խաղաղ բնակչության, բազմաչարչար փախստականների վերաբնակեցման, Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ավերված բնակավայրերի  շրջանի երբեմնի տնտեսական ներուժը վերականգնելու համար:

Խոսելով Մարտակերտ քաղաքի ազատագրման   ռազմաքաղաքական կարևոր նշանակության մասին՝ կարելի է հատկանշել, որ նախ՝ շշմեցուցիչ հարվածներ ստացավ հակառակորդի մարտակերտյան խմբավորումը, որը  սկսած 1992 թ. հունիսի 12-ից, մշտական սպառնալիք էր ոչ միայն մեր հանրապետության ամենամեծ շրջանի, այլև հենց մայրաքաղաքի համար: Ի դեպ, մարտակերտյան խմբավորումը համարվում էր Ադրբեջանի զինված ուժերի ամենամարտունակ հարվածային ուժը, որի ունեցած ժամանակավոր հաջողությունները նրա բարձրաստիճան հրամանատարներին Ազգային հերոսի կոչում և այլ պետական բարձր պարգևներ էին բերել: Ահա թե ինչու նաև այդ խմբավորման ջախջախումը բարոյալքող ազդեցություն ունեցավ հակառակորդի զինված ուժերի համար: Դրան հակառակ, Արցախի ԻՊՈՒ-ի համար այդ հաղթանակը ոգևորության նոր աղբյուր հանդիսացավ, ինչը 1993 թ. ձմեռային ռազմարշավի հաջողություններից ստացած լիցքերի հետ էլ ավելի ամրապնդեց հայ ազատամարտիկների մարտական ոգին և հավատն իր ուժերի ու հնարավորությունների նկատմամբ: Դա հատկապես տեսանելի ու շոշափելի է դառնում ինչպես Մարտակերտի շրջանում՝ ընդհանրապես, այնպես էլ բուն Մարտակերտ քաղաքի մատույցներում՝ մասնավորապես, ԻՊՈՒ-ի նախորդ ջանքերի ու դժվար փորձությունների համապատկերի վրա:  Մարտավարական առումով Մարտակերտի ռազմագործողությունը նշանավորվեց նրանով, որ ԻՊՈՒ ստորաբաժանումները տիրեցին նպաստավոր բնագծերի՝ ավելի հուսալի դարձնելով մեր հանրապետության  հյուսիսարևելյան սահմանների պաշտպանությունը: Ակնհայտորեն, առանց Մարտակերտի ազատագրման անհնար էր ավելի քան մեկ ամիս անց ճնշել Աղդամի վտանգավոր կրակակետերը:

Մարտակերտից  ադրբեջանցի զավթիչների վտարումը մարեց հեղաշրջման արդյունքում գնդապետ Ս. Հուսեյնովի և Հ. Ալիևի իշխանության գալու հետ հակառակորդի ճամբարում արթնացած հույսերը:

Հանրապետության հյուսիսային շրջանում մեր զորքերի ունեցած հաջողությունը շրջադարձային ազդեցություն ունեցավ մարտական գործողությունների հետագա ընթացքի վրա: 1993 թ. ամառվա ընթացքում ղարաբաղյան ուժերը ոչ միայն ազատագրեցին Մարտակերտի տարածքի մեծ մասը, այլև ճնշեցին հակառակորդի ռազմական խոշոր հենակետերն Աղդամում և հանրապետության հարավարևելյան շփման գոտում:

Ավելացնել նոր մեկնաբանություն