Ռիշելյեն տվեց «պետական շահ» հասկացության սահմանումը: Այդուհետ պետությունները շարժվում էին ոչ թե կրոնի թելադրանքով կամ էլ միապետի քմահաճույքով, այլ պետությունների գերակա շահով:

Վեստֆալյան համակարգ

Ռիշելյեն տվեց «պետական շահ» հասկացության սահմանումը: Այդուհետ պետությունները շարժվում էին ոչ թե կրոնի թելադրանքով կամ էլ միապետի քմահաճույքով, այլ պետությունների գերակա շահով:

 

Վեստֆալյան հաշտությանը հաջորդած դարի ընթացքում պետական շահի դոկտրինը եվրոպական դիվանագիտության առանցքային սկզբունքը դարձավ: Այն ճանաչեց անկախության, ինքնիշխանության սկզբունքը։ Սա նշանակում էր, որ համաձայնագրի յուրաքանչյուր կողմ իր վրա պարտավորություն էր վերցնում հարգել մյուս կողմերի տարածքային իրավունքները և չմիջամտել նրանց ներքին գործերին։ Վեստֆալյան հաշտությամբ կաթոլիկներին, լյութերականներին ու կալվինականներին հավասար իրավունքներ տրվեցին։ Սա, բնականաբար, հարված էր Հռոմի պապին, որն այդպես էլ չէր հաշտվում այս նոր իրողության հետ: Երեսնամյա պատերազմը կրոնական հողի վրա ծագած վերջին խոշոր պատերազմն էր Եվրոպայում: Հետագայում, իհարկե, պատերազմները չդադարեցին, բայց դրանք արդեն ունեին քաղաքական կամ տնտեսական բնույթ: Երեսնամյա պատերազմի և Վեստֆալյան խաղաղության շնորհիվ պետությունները դարձան միակ օրինական քաղաքական միավորները: Եվս մեկ նորություն էր այն, որ կրոնի և դիվանագիտության համընդհանուր լեզու լատիներենին փոխարինելու եկան ազգային լեզուները: Եթե մինչև 1648 թ. Եվրոպայում պատերազմում էին միապետները, ապա հաշտությունից հետո սկսեցին պատերազմել պետությունները՝ ի դեմս միապետների: Եվ ուրվագծվեց «կրոնական պատերազմների» ավարտը: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ Վեստֆալյան հաշտությամբ ստեղծվեց միջազգային համակարգ, որի սկզբունքները դարձան համաշխարհային: Եվ ահա Վեստֆալյան հաշտությունից հետո Ֆրանսիան դարձավ ամենահզոր պետությունը մայրցամաքում և հավակնեց Եվրոպայում գերիշխանության: Ֆրանսիայի հաղթանակները կանխորոշեցին նաև նրա դերը դիվանագիտության մեջ: Այս ժամանակաշրջանում էր, որ ֆրանսերենը դարձավ դիվանագիտության և միջազգային պայմանագրերի պաշտոնական լեզուն: Ֆրանսիան իր հզորության շնորհիվ իրագործեց «բնական սահմանների» պահանջը՝ միացնելով իրեն Էլզասն ու Լոթարինգիան, որոնք հետագա դարերի ընթացքում դարձան Գերմանիայի և Ֆրանսիայի միջև պայքարի առարկա:

Միևնույն ժամանակ Բալթիկ ծովում գերիշխանության էր ձգտում Շվեդիան: XVII դարում Շվեդիան սկանդինավյան պետություններից ամենահզորն էր, որի երազանքն էր գրավել Բալթիկ ծովի աջ ափը: Վեստֆալյան պայմանագրով Շվեդիան դարձավ եվրոպական քաղաքականության առանցքային դերակատարներից մեկը և հասավ նրան, որ Բալթիկ և Հյուսիսային ծովեր թափվող արևելաեվրոպական գետերի գետաբերանները, որոնցով հացի բեռներն Արևելյան Եվրոպայից գնում էին Հոլանդիա և Անգլիա, հայտնվեցին նրա ձեռքում: Եվ այսպես, XVII դարում ստեղծվեց ֆրանսիական մեծ գաղութային պետությունը, իսկ Անգլիայում տեղի ունեցավ բուրժուական հեղափոխությունը (1640-1660 թթ.): Անգլիայի և Հոլանդիայի միջև ծովում գերիշխանության համար պայքար սկսվեց. այդ վեճը լուծվեց հօգուտ Անգլիայի: XVII դարում Անգլիան ուներ միայն մեկ մրցակից՝ Ֆրանսիան: Ինչո՞վ էր պայմանավորված Անգլիայի՝ հզոր պետություն դառնալը. այն ուներ հարմար աշխարհագրական դիրք. տեղակայված լինելով կղզիների վրա՝ պաշտպանված էր Եվրոպայի որևէ պետության հարձակումից: Անգլիան եվրոպական միակ պետությունն էր, որի ազգային շահերը պահանջում էին ոչ թե ծավալապաշտություն Եվրոպայում, այլ ուժերի հավասարակշռության պահպանում: Նրա քաղաքականության նպատակն էր Եվրոպայում գտնել այն պետությունը, որը կպաշտպաներ Անգլիայի շահերը՝ դուրս գալով գլխավոր թշնամու դեմ՝ XVII դարի Ֆրանսիայի: Նշված հակասությունները լավագույնս դրսևորվեցին երեք խոշորագույն համաեվրոպական հակամարտություններում.

1.     Երեսնամյա պատերազմ (1618-1648 թթ.),

2.     իսպանական ժառանգության համար մղվող պատերազմ (1701-1714 թթ.),

3.     Յոթնամյա պատերազմ (1756-1763 թթ.):

Ֆրանսիայի և Անգլիայի միջև ընթացող պայքարում Ֆրանսիան շարունակում էր մնալ մայրցամաքի ամենաուժեղ պետությունը, սակայն անիմաստ ներքաշվելով պատերազմների, հատկապես յոթնամյա պատերազմի մեջ՝ կորցրեց իր ծովային գաղութները՝ Կանադան և Լուիզիանան: Պետք է նշել, որ դա Ֆրանսիային շատ թուլացրեց: Բայց կար ևս մեկ հանգամանք. Ֆրանսիայում այդ ժամանակ կառավարում էր Լյուդովիկոս XV-ը, որի քաղաքականության հարցում պետք է անդրադառնալ նրա «գաղտնի դիվանագիտությանը»: Նա չէր վստահում իր շրջապատում գտնվող պաշտոնյաներին և իր նախարարներից զատ՝ ստեղծել էր գաղտնի կաբինետ: Հաճախ նրանք թագավորի հրամանով այնպիսի քաղաքականություն էին վարում, որը հակասում էր պաշտոնական դեսպանների վարած քաղաքականությանը: Եվ այն, որ այս արարքներով Ֆրանսիան կրկնակի էր տուժում, շատ քիչ էր անհանգստացնում Լյուդովիկոս XV-ին: Եվ այս պայքարում XVIII դարի վերջում Անգլիան դարձավ ոչ միայն ծովային և գաղութային առաջին պետությունը Եվրոպայում, այլև ձգտեց հասնել համաշխարհային առևտրական գերիշխանության: Պետք է նշել, որ այս շրջանում Եվրոպայի արևելքում որպես միջազգային հարաբերությունների մասնակից հայտնվում է նաև երիտասարդ Ռուսական կայսրությունը, որը XVIII դարի առաջին կեսից սկսեց հզորանալ:

Վեստֆալյան հաշտության նշանակությունն այն էր, որ այն վերջնականապես հաստատեց Գերմանիայի ներքին կառուցվածքը և ամրապնդեց նրա քաղաքական մասնատվածությունը՝ փաստացի կործանելով կայսրությունը: Գերմանական իշխաններն իրավունք ստացան ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու և պայմանագրեր ստորագրելու օտարերկրյա պետությունների հետ: Գերմանիան վերջնականապես մասնատվեց Երեսնամյա պատերազմից և Վեստֆալյան հաշտությունից հետո: Կայսրությունը դարձավ լոկ աշխարհագրական հասկացություն, և նրա տարածքի վրա իբրև քաղաքական միավորներ կայացան Ավստրիան, Բավարիան, Պրուսիան (Բրանդենբուրգ), Սաքսոնիան և այլ փոքր պետություններ: Այդ քաոսային իրավիճակում ավելի ուժեղ գտնվեցին երկու պետություններ՝ Ավստրիան և Պրուսիան: Նրանց միջև երկար ժամանակ պայքար էր գնում Գերմանիան միավորելու համար, ինչը հետագայում հաջողվեց Պրուսիային: Ավելի քան մեկ դար Վեստֆալյան համակարգին հաջողվեց պահպանել ուժերի հավասարակշռությունը մեծ տերությունների միջև: Սակայն Ֆրանսիական մեծ հեղափոխությունը վերջ դրեց այդ հավասարակշռությանը: Բանն այն է, որ Ֆրանսիան, ներքաշվելով գաղութների և համաշխարհային տիրապետության համար մղվող պայքարի մեջ ընդդեմ Անգլիայի, աստիճանաբար կորցրեց երբեմնի հզորությունը: Այս ամենի արդյունքում Ֆրանսիայում մեծացավ դժգոհությունը միապետի վարած ներքին և արտաքին քաղաքականության նկատմամբ: Խոսքն առաջին հերթին բուրժուազիայի մասին էր, որը հզորանում էր և ձգտում իր ձեռքում կենտրոնացնել իշխանությունը՝ բավարարելու համար օրեցօր աճող սեփական պահանջմունքները: 1789 թ. հուլիսի 14-ին Բաստիլի գրավմամբ սկսվեց Ֆրանսիական հեղափոխությունը, որն իշխանության բերեց բուրժուազիայի ներկայացուցիչներին: Իշխանության գալուց կարճ ժամանակ անց բուրժուազիան ձեռնարկեց նվաճողական պատերազմներ, որոնք հակասում էին հեղափոխության հռչակած «համընդհանուր խաղաղության և ազատության» գաղափարներին: Իր շահերն իրացնելու ճանապարհին բուրժուազիայի վարած պատերազմներն էլ աստիճանաբար խարխլեցին Վեստֆալյան համակարգի հիմք հանդիսացող ուժերի հավասարակշռությունը և ստիպեցին մեծ տերություններին համախմբել իրենց ջանքերն ընդդեմ Ֆրանսիայի: Պատմության մեջ Վեստֆալյան համակարգի անկումը հիմնականում կապում են հենց Ֆրանսիական հեղափոխության հետ, որին արդեն հաջորդեց Վիեննական համակարգը:

Հանդիպման վայրը

Հաշտության մասին բանակցություններն անցկացվել են Վեստֆալիա պատմական տարածքում՝ Մյունստերի կաթոլիկական եկեղեցում և Օսնաբրյուկի բողոքական եկեղեցում։ Նպատակն էր քննարկել Հռոմեական կայսրության կայսրի և Շվեդիայի միջև խաղաղ պայմաններում դավանանքային հավասարության հարցը:

Ֆրանսիայի և Գաբսբուրգների միջև բանակցությունները սկսվել են Քյոլնում 1636 թվականին, բայց դադարեցվել են կարդինալ Ռիշելյեի կողմից։ Համբուրգում և Լյուբեկում Շվեդիան և կայսրը բանակցություններ էին վարում հաշտության մասին, բայց Շվեդիան ընդհատում է դրանք և կնքում է Համբուրգյան համաձայնագիրը Ֆրանսիայի հետ։ Այդ ընթացքում Հռոմեական կայսրությունը և Շվեդիան հայտարարում են Քյոլնում բանակցությունների մասին, իսկ Համբուրգի պայմանագիրը դառնում է ներածական մասը համընդհանուր կարգավորման համաձայնագրի, որը պետք է կնքվեր երկու հարևան քաղաքների՝ Մյունդտերի և Օսնաբրյուկի միջև, որոնք բանակցությունների ժամանակ դարձան չեզոք և ապառազմականացված։ Մյունստերը 1535 թվականից եղել է խիստ կաթոլիկական քաղաք։

Հաշտությունը Ֆրանսիայի և Շվեդիայի միջև

Վեստֆալյան հաշտության համաձայն՝ Հռոմեական սրբազան կայսրությունը, Շվեդիային 5 միլիոն թալեր ռազմատուգանք վճարելուց բացի, տալիս էր Ռյուգեն կղզին, ամբողջ Արևմտյան Պոմերանիան և Արևելյան Պոմերանիայի մի մասը Շտետտին քաղաքով, Վիսմար քաղաքը և Բրեմենի արքեպիսկոպոսությունն ու Վերդենի եպիսկոպոսությունը, որոնք վերածվում էին աշխարհիկ իշխանությունների։ Այդպիսով՝ Շվեդիային անցան ոչ միայն Բալթիկ, այլև Հյուսիսային ծովի կարևորագույն նավահանգիստները։ Ֆրանսիան վերջնականապես իրեն միացրեց լոթարինգյան Մեց, Տուլ և Վերդեն եպիսկոպոսությունները և ամբողջ Էլզասը (առանց Ստրասբուրգի)։ Հաղթող տերությունները՝ Ֆրանսիան և Շվեդիան, հայտարարվեցին Վեստֆալյան հաշտության պայմանագրի իրականացման գլխավոր երաշխավորներ։ Հաղթող տերությունների դաշնակից գերմանական իշխանություններ Բրանդենբուրգը, Մեկլենբուրգը, Բրաունշվայգ-Լյունեբուրգը, Բավարիան ստացան տարածքային չնչին փոխհատուցումներ ի հաշիվ աշխարհականացած եպիսկոպոսությունների ու վանքերի։ Բավարիան ստացավ Վերին Պֆալցը և կուրֆյուրստության իրավունք։ Ինքնուրույն ճանաչվեցին և կայսրության կազմից դուրս եկան Շվեյցարիան և Միացյալ նահանգների հանրապետությունը (Հոլանդիան)։ Գերմանիայի իշխանները ստացան լիակատար անկախություն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության բնագավառում (չէին կարող կնքել արտաքին դաշինքներ կայսեր և կայսրության դեմ)։ Վեստֆալյան հաշտության պայմանագիրն ամրապնդեց և ուժեղացրեց Գերմանիայի քաղաքական մասնատվածությունը։ Կրոնի առումով Վեստֆալյան հաշտությունը կալվինականների իրավունքները հավասարեցրեց կաթոլիկների ու լյութերականների իրավունքներին, օրինականացրեց եկեղեցականների հողերի աշխարհականացումը և այլն։ Վեստֆալյան հաշտությունը, ամրապնդելով հակահաբսբուրգյան խմբավորման նկատմամբ տարած հաղթանակը, ունեցավ միջազգային մեծ նշանակություն։ Ձախողվեցին իսպանական և ավստրիական Հաբսբուրգների գլխավորությամբ համաշխարհային «քրիստոնեական» կայսրություն ստեղծելու փորձը և Արևմտյան Եվրոպայում բարեփոխումների շարժումները ճնշելու, ինչպես նաև բուրժուական Հոլանդիայի հանրապետությունը հպատակեցնելու ծրագրերը։ Արևմտյան Եվրոպայում հաստատվեց Ֆրանսիայի երկարատև գերիշխանությունը։

Պատվիրակություններ

Մյունստերի և Օսնաբրյուկի կոնգրեսում հավաքվել էր 135 դիվանագետ, որոնք ներկայացնում էին տարբեր երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի, Շվեդիայի, Իսպանիայի, Հռոմեական սրբազան կայսրության, Պապական կառավարության հետաքրքրությունները։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն