Սեն-Ժերմենի պայմանագիր (մաս 1)

Վերսալ-վաշինգտոնյան համակարգ (միջպատերազմյան համակարգ)

Սեն-Ժերմենի պայմանագիր (մաս 1)

1919 թ. սեպտեմբերի 10-ին Ավստրիայի հետ կնքվեց Սեն-Ժերմենի հաշտության պայմանագիրը: Ինչպես և Երկրորդ աշխարհամարտից հետո կնքված՝ Վերսալյան համակարգի մյուս պայմանագրերը, Սեն-Ժերմենի պայմանագիրն էլ ծանր պարտավորություններ էր նախատեսում Ավստրիայի համար: Տարածքային զգալի կորուստներից բացի՝ Ավստրիան պարտավորվում էր դաշնակիցներին վճարել ռեպարացիաներ: Պայմանագրի նախաբանը հռչակում էր Ավստրո-Հունգարիայի փլուզումը: Նախկին Ավստրո-Հունգարական կայսրության փոխարեն առաջ էին գալու Ավստրիան, Հունգարիան, Չեխոսլովակիան և Սերբա-խորվաթա-սլովենական թագավորությունը (1929 թվականից՝ Հարավսլավիա): Ավստրիայում հաստատվելու էին հանրապետական կարգեր: Չեխոսլովակիան և Հարավսլավիան դաշնակիցների կողմից հռչակվում էին անկախ պետություններ: Ավստրիան նույնպես պարտավորվում էր ճանաչել վերջիններիս անկախությունը: Պայմանագրի 88-րդ հոդվածն արգելում էր Ավստրիայի անկախության ոտնահարումը, այսինքն՝ բացառում էր անշլյուսի հնարավորությունը: Ավստրիական զինված ուժերը պետք է լուծարվեին 3-ամսյա ժամկետում: Ավստրիան բավարարվելու էր 30.000-անոց զորքով: 144-րդ հոդվածի համաձայն՝ Ավստրիան զրկվում էր ռազմական ավիացիայից, իսկ ծովային և Դանուբի նավատորմն անցնում էր դաշնակիցներին: Ավստրիան պարտավորվում էր նաև ճանաչել Վերսալյան համակարգի բոլոր պայմանագրերը: Սեն-Ժերմենի պայմանագիրը հաստատեց Ավստրո-Հունգարական կայսրության փլուզման և նրա տարածքում մի շարք նոր պետությունների առաջացման փաստը: Սակայն պայմանագրի արդյունքում ի հայտ եկան մի շարք հակամարտություններ, այդ թվում՝ միջէթնիկական, որոնք հետագայում բազմիցս սրեցին միջազգային իրադրությունը:

Նեյի պայմանագիր

Երկարատև բանակցություններից հետո Նեյում կնքվեց պայմանագիր Առաջին աշխարհամարտում պարտված Բուլղարիայի և Անտանտի միջև: Այն ստորագրվեց 1919 թ. նոյեմբերի 27-ին Փարիզի արվարձան Նեյսյուր-Սեն քաղաքում: Այս պայմանագրով Բուլղարիան կորցրեց 11.000 քկմ տարածք, որոնք անցան հարևան Սերբա-խորվաթա-սլովենական թագավորությանը, Ռումինիային և Հունաստանին: Բուլղարիայի արևմտյան չորս շրջանների և Մակեդոնիայի մի մասն անցավ Սերբա-խորվաթա-սլովենական թագավորությանը: Արևմտյան Թրակիան անցավ Անտանտին (հետագայում 1920 թ. Սևրի պայմանագրով անցավ Հունաստանի վերահսկողության տակ, որը զրկեց Բուլղարիային դեպի Էգեյան ծով ելքից): Դոբրուջան տրամադրվեց Ռումինիային: Բուլղարիան 37 տարվա ընթացքում պետք է 2250 մլրդ ոսկյա ֆրանկ ռազմատուգանք վճարեր: Ցամաքային զինված ուժերը կրճատվում էին մինչև 33.000-ի, որոնցից 20.000-ը պետք է կազմեր բուլղարական բանակը, 10.000-ը՝ ոստիկանությունը և 3000-ը՝ սահմանապահները: Բուլղարիային արգելվեց ունենալ ռազմական ավիացիա և ծանր զինտեխնիկա:

Տրիանոնի պայմանագիր

Տրիանոնի պայմանագիրը կնքվել է Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակած պետությունների և այդ պատերազմում պարտություն կրած Հունգարիայի միջև։ Այն ստորագրվել է 1920 թ. հունիսի 4-ին Վերսալի Մեծ Տրիանոնյան պալատում և ուժի մեջ մտել 1921 թ. հուլիսի 26-ին։ Դաշնակից պետությունների կողմից պայմանագիրը ստորագրել են ԱՄՆ-ն, Բրիտանական կայսրությունը, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, ինչպես նաև Բելգիան, Հունաստանը, Չինաստանը, Սերբա-խորվաթա-սլովենական թագավորությունը (1929 թվականից՝ Հարավսլավիան), Կուբան, Նիկարագուան, Պանաման, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սիամը (Թաիլանդ) և Չեխոսլովակիան։ Այս պայմանագիրը համարվում է հետպատերազմյան կարգավորման Վերսալյան համակարգի մի մասը։ Հունգարիայի հետ հաշտության պայմանագրի մշակողների շարքում էր չեխ քաղաքական գործիչ և դիվանագետ Էդվարդ Բենեշը՝ Չեխոսլովակիայի ստեղծման հեղինակներից մեկը, որը պնդում էր, որ Հունգարիայի նկատմամբ մոտեցումն ավելի խիստ լինի, քանի որ կարծում էր, որ Առաջին համաշխարհայինի սանձազերծման գործում պաշտոնական Բուդապեշտն ավելի մեղավոր է, քան Վիեննան։ Ֆրանսիան բանակցային գործընթացում հետամուտ էր լինում, որպեսզի ավելի շատ տարածքներ կորզեր Հունգարիայից հoգուտ իր հարևանների, որոնք էլ զսպող գործոն կլինեին Հունգարիայի համար։ Արդյունքում Չեխոսլովակիայից, Ռումինիայից և Հարավսլավիայից ստեղծվեց հակահունգարական միություն, որը հայտնի է որպես «Փոքր Անտանտ» անվամբ։ Տրիանոնի պայմանագիրը կազմվել է Սեն-Ժերմենի պայմանագրի օրինակին համապատասխան։ Այն կազմված է 364 հոդվածից, որոնք բաժանված են 14 մասի։ Պայմանագրի երկրորդ մասը վերաբերում է Հունգարիայի սահմաններին։ Արդյունքում Հունգարիան ունեցավ տարածքային լուրջ կորուստներ՝

• Տրանսիլվանիան և Բանատի արևելյան մասը միացվեցին Ռումինիային,

• Խորվաթիան, Բաչկան և Բանատի արևմտյան մասը մտան Սերբա-խորվաթա-սլովենական թագավորության կազմի մեջ,

• Սլովակիան և Անդրկարպատյան  միացան Չեխոսլովակիային,

• Բուրգելանդն անցավ Ավստրիային։

Սակայն Բուրգելանդի պաշտոնական միավորումն Ավստրիայի հետ 1921 թ. օգոստոսի 28-ին ճգնաժամ առաջացրեց։ Հունգարացի դիպուկահարները նույն օրը կանգնեցրին ավստրիական ոստիկանների ու սահմանայինների կողմից շրջանի փաստացի զբաղեցումը։ Իտալացի դիվանագետների միջամտության շնորհիվ ճգնաժամը լուծվեց 1921 թ. աշնանը։ Դեկտեմբերի 14-16-ն անցկացվեց հանրաքվե, որում Բուրգելանդի այն մասերում, որտեղ գերիշխում էին հունգարացիները, կողմ արտահայտվեցին Հունգարիայի հետ վերամիավորմանը։ Տրիանոնի պայմանագրի արդյունքում Հունգարիան զրկվեց տարածքների և բնակչության 2/3-ից, ինչպես նաև դեպի ծով ելքից։ Բացի դրանից՝ հունգարական զորքերի թվաքանակը չպետք է գերազանցեր 30 հազարը։ Հունգարիային արգելվեց ռազմաօդային ուժեր, տանկեր և ցանկացած այլ ժամանակակից զենք ունենալ (Սևրի պայմանագիրը կներկայացնենք առանձին հոդվածով)։

Չորս տերությունների պայմանագիր

Դիվանագիտական սուր պայքարից հետո 1921 թ. դեկտեմբերի 13-ին ստորագրվեց Վաշինգտոնի համաժողովի առաջին պայմանագիրն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ճապոնիայի միջև, որը հայտնի է որպես «Չորս տերությունների պայմանագիր» անունով: Պայմանագիրը վերաբերում էր Խաղաղ օվկիանոսում տրակտատը ստորագրած պետություններին պատկանող կղզային տարածքների համատեղ պաշտպանությանը: Այս տասնամյա պայմանագիրը նախանշում էր ԱՄՆ-ի դիվանագիտական հաղթանակը, քանի որ դրա չորրորդ հոդվածն ի չիք էր դարձնում 1911 թ. երկարաձգված անգլո-ճապոնական պայմանագիրը։ Պայմանագրի կնքման համար լիազոր ներկայացուցիչներ էին նշանակվել ԱՄՆ նախագահը, ԱՄՆ քաղաքական գործիչներ Չարլզ Էվանս Հյուզը, Հենրի Քեբոթ Լոջ կրտսերը, Օսկար Անդերվուդը, Էլիու Րութը և ԱՄՆ մի շարք քաղաքացիներ։

Պայմանագիրը կազմված էր չորս կետից։ Ստորագրող կողմերը խաղաղօվկիանոսյան իրենց տարածքներում պարտավորվում էին հարգել մյուսների իրավունքները, մասնավորապես ինքնիշխանությունը։ Եթե պայմանագիրը կնքած պետությունների մեջ խաղաղօվկիանոսյան տարածքների շուրջ դիվանագիտորեն անլուծելի ու պայմանագրին սպառնացող հակամարտություն զարգանար, ապա պայմանագիր կնքած պետությունները պետք է հարցը քննարկեին ու լուծեին կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվող համաժողովի ժամանակ։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն