Սեն-Ժերմենի պայմանագիր (մաս 2)
Եթե վերոնշյալ վտանգները սպառնային որևէ այլ՝ պայմանագրի կողմ չհանդիսացող պետության, պայմանագիրը ստորագրող պետությունները պետք է համատեղ քննարկումների միջոցով հասնեին խնդրի լուծման լավագույն տարբերակին։
Պայմանագիրն ուժի մեջ էր տասը տարի և ժամկետի ավարտից հետո էլ մնալու էր ուժի մեջ, մինչև ստորագրող կողմերից մեկը 12 ամսվա ընթացքում չդիմեր այն դադարեցնելու պահանջով։
Պայմանագիրը պետք է վավերացվեր հնարավորինս շուտ՝ համապատասխանեցնելով ստորագրող կողմերի սահմանադրություններին: Եվ այն ուժի մեջ էր մտնում վավերագրերի պահպանմամբ, որը տեղի էր ունենալու Վաշինգտոնում:
Այսպիսով՝ Լոնդոնում կնքված անգլո-ճապոնական պայմանագիրը դադարում էր գոյություն ունենալուց: 1922 թվականի փետրվարի 6-ին կնքված լրացուցիչ պայմանագրով Ճապոնիային էին տրվելու մի շարք կղզային տարածքներ, այդ թվում՝ Կարաֆուտոն (Հարավային Սախալին), Ֆորմոզին (Թայվան), Պեսկադորին (Պենխուլեդար) և այլն։
Հինգ տերությունների պայմանագիր
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և հետո էլ աշխարհի մեծ տերությունները սկսել էին ռազմածովային ուժերի մրցավազք: Նույնիսկ Առաջին աշխարհամարտից հետո Մեծ Բրիտանիան ուներ աշխարհի ամենաուժեղ և մեծաքանակ ռազմածովային ուժերը: Երկրորդ տեղում ԱՄՆ-ն էր, որը չէր կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ նման արյունալի պատերազմից հետո էլ ամենաուժեղ նավատորմը Մեծ Բրիտանիայինն է: Այս մրցավազքին մասնակցում էր նաև Ճապոնիան, որի ռազմածովային ուժերն աշխարհում երրորդն էին: 1919 թ. ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը հայտարարում է, որ ԱՄՆ նավատորմն ընդարձակվելու է: Որպես արդյունք կառուցվում են 6 գծանավ և 6 հածանավ: Սրան ի պատասխան՝ Ճապոնիան իր առջև խնդիր է դնում, որը հայտնի է նավատորմի «8-8» ծրագիր անունով, որի նպատակն էր հարստացնել ճապոնական նավատորմը ժամանակակից 8 գծանավով և 8 հածանավով: Մեծ Բրիտանիան իր հերթին հայտարարում է, որ պատրաստվում է այդ տարի կառուցել 4 գծանավ և 4 հածանավ, իսկ մյուս տարի ևս չորսով ավելացնել դրանց թվաքանակը: 1921 թ. վերջին ԱՄՆ-ում հայտնի է դառնում, որ Մեծ Բրիտանիան պատրաստվում է հրավիրել համաժողով, որը վերաբերելու էր Խաղաղ օվկիանոսին և Հեռավոր Արևելքին: Այդ համաժողովը չէր բխում ԱՄՆ-ի շահերից, մյուս կողմից էլ ԱՄՆ-ին անհանգստացնում էր անգլո-ճապոնական երկու տասնամյակ տևող դաշինքը: Համաժողովը կանխելու համար Վուդրո Վիլսոնին հաջորդած ԱՄՆ 29-րդ նախագահ Ուորեն Հարդինգի վարչակազմը 1921 թ. նոյեմբերին հրավիրում է Վաշինգտոնի ռազմածովային համաժողովը, որի շրջանակում 1922 թ. փետրվարի 6-ին կնքվում է Վաշինգտոնի ռազմածովային պայմանագիրը՝ հայտնի նաև «Հինգ ուժերի պայմանագիր» անվամբ: Պայմանագիրը կնքվում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի և Իտալիայի միջև: Նպատակն էր սահմանափակել ռազմածովային ուժերը և լուծել խաղաղօվկիանոսյան ու հեռավորարևելյան խնդիրները: Սահմանափակվելու էր գծանավերի, հածանավերի, ավիակիրների կառուցումը, սուզանավերի և մյուս տեսակի ռազմանավերի համար քանակային սահմանափակում չկար, բայց դրա փոխարեն տարողության սահմանափակում կար: Պայմանագրի համաձայն՝ 10 տարով դադարեցվում էր խոշոր ռազմանավերի կառուցումը, սրա հետ մեկտեղ պայմանագիրը կնքող 5 ուժերի համար ռազմանավերի տոննաժ էր սահմանվում (տարողությունը տոննաներով). 5-ական ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համար, 3-ական՝ Ճապոնիայի, 1․75-ական՝ Իտալիայի և Ֆրանսիայի: Պայմանագրի հոդվածներից մեկի համաձայն էլ՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ճապոնիան համաձայնվեցին պահպանել Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածներում իրենց ամրությունների և ռազմածովային բազաների ստատուս քվոն: Պայմանագիրն ուժի մեջ էր մինչև 1930-ական թթ., սակայն հենց այդ ժամանակ էլ Ճապոնիան սկսեց պնդել, որ ինքը պետք է ունենա ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային հավասար քանակությամբ և տարողությամբ ռազմանավեր, իսկ երբ մերժում ստացավ, հայտարարեց իր դուրս գալու մասին: 1936 թ. որոշվեց երկարացնել համաձայնագիրը մինչև 1942 թ., սակայն Ճապոնիայի և Իտալիայի բացակայության պայմաններում այն պատշաճ կերպով չէր ծառայելու իր նպատակին: Այնուամենայնիվ, այստեղ պետք է նշել նաև ԱՄՆ-ի գրանցած հաջողությունը, այն է՝ երկարատև պայքարից հետո ԱՄՆ-ն վերջիվերջո կարողացավ Մեծ Բրիտանիային հավասար քանակությամբ ռազմածովային ուժեր ունենալ: Համաժողովի արդյունքում ձեռք բերված հաջողությունն իրականում ժամանակավոր էր. այն չկարողացավ հաստատել երկարատև վերահսկողություն սպառազինությունների նկատմամբ, որը կկարողանար խոչընդոտել ստեղծված բարդ իրավիճակի վերածումը լայնամասշտաբ պատերազմի:
Ինը տերությունների պայմանագիր
Վաշինգտոնի համաժողովում մեծ տեղ էր զբաղեցնում նաև չինական հարցը: Չինաստանը հրաժարվել էր Վերսալյան հաշտությունը ստորագրելուց, որովհետև Չինաստանի տարածքներում գտնվող նախկին գերմանական գաղութներն այդ պայմանագրով ոչ թե վերադարձվեցին Չինաստանին, այլ հանձնվեցին Ճապոնիային: Վաշինգտոնի համաժողովում Չինաստանի պատվիրակությունը պահանջեց վերադարձնել չինական տարածքները: Ամերիկյան դիվանագիտությունը, նպատակ ունենալով թուլացնելու Ճապոնիայի դիրքերը, պաշտպանեց այդ տարածքները (Ցինդաոն և Շանդունը): 1922 թ. փետրվարի 6-ին Վաշինգտոնի համաժողովի մասնակից պետությունները (ԱՄՆ, Ավստրի, Բելգիա, Բրիտանական Թագավորություն, Իտալիա, Ճապոնիա, Չինաստան, Պորտուգալիա և Ֆրանսիա) ստորագրեցին համաձայնագիր Չինաստանում տարվող քաղաքականության մասին, որը հայտնի է «Ինը տերությունների պայմանագիր» անվամբ: Պայմանագիրը նպատակ ուներ կարգավորելու միջազգային հարաբերությունները Հեռավոր Արևելքում և բոլորի համար հավասար պայմաններ ստեղծելու Չինաստանի հետ հարաբերություններում։ Պայմանագրին մասնակցող կողմերը համաձայնվում էին հարգել Չինաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Յուրաքանչյուր պետություն պարտավորվում էր օգտագործել իր ունեցած ազդեցությունը՝ օգնելու Չինաստանին ստեղծել կայուն ղեկավարություն և բոլոր պետությունների համար ապահովել հավասար պայմաններ, խուսափել հատուկ իրավունքներ կամ արտոնություններ ստանալուց, որը նորից կբերեր ազդեցության գոտիների ստեղծման։ Այսպիսով՝ Ինը տերությունների համաձայնագրով հաստատվում էր բաց դռների քաղաքականությունը Չինաստանի նկատմամբ, որն առաջ էր քաշվել դեռևս 1899 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Հեյի կողմից։
Ինը պետություններից յուրաքանչյուրը պարտավորվում էր նաև հարգել Չինաստանի չեզոքությունը բոլոր այն պատերազմներում, որտեղ ինքը կողմ չի հանդիսանում։ Իսկ այն պետությունները, որոնք առանձին կնքած պայմանագիր ունեն Չինաստանի հետ արտոնությունների վերաբերյալ և նշված պայմանագրի կողմ չեն հանդիսանում, պետք է հրավիրվեն ԱՄՆ-ի կողմից անդամակցելու պայմանագրին, որի մասին ԱՄՆ-ն պարտավորվում էր տեղեկացնել մյուս ութ տերություններին։ Այսպիսով՝ ԱՄՆ-ն կարողացավ վերացնել ազդեցության գոտիների բաժանումը Չինաստանում, որը հնարավորություն կտար Ամերիկային մրցակցության հավասար պայմաններում դուրս մղելու մյուս պետություններին շուկայից։ Սակայն այս համաձայնագիրը, ինչպես հետագայում պարզ դարձավ, վերջնական խաղաղություն չբերեց Հեռավոր Արևելքում, իսկ ազգամիջյան մրցակցությունը շարունակվեց նաև հետագա տարիներին։ Սրանով ավարտվեց Վաշինգտոնի համաժողովը, որը վերջ դրեց աշխարհի վերաբաժանմանը Հեռավոր Արևելքում: Այս իմաստով այն լրացրեց Վերսալին: Եթե Փարիզի համաժողովում անգլիական և ֆրանսիական դիվանագիտությանը հաջողվեց մի շարք հարցերում շրջանցել ԱՄՆ-ին, ապա Վաշինգտոնի համաժողովում ամերիկյան դիվանագիտությունը հասավ նշանակալից հաջողությունների: Այն նշանավորեց նաև միջազգային հարաբերությունների Վերսալ-վաշինգտոնյան համակարգի ձևավորման ավարտը:
Ավելացնել նոր մեկնաբանություն