Վիեննայի համակարգ (մաս 1)
Վիեննայի կոնգրեսը բավականին ներկայացուցչական էր. այնտեղ ժամանել էին 2 կայսր, 4 թագավոր, 2 թագաժառանգ, 3 մեծ դքսուհի, 215 իշխանական տների ներկայացուցիչներ և շուրջ 450 դիվանագետ ու պաշտոնյա: Պետության ղեկավարների և դիվանագիտական ներկայացուցիչների հետ միասին Վիեննա էին ժամանել նաև նրանց կանայք, բարեկամները, վաճառականներ, բանկիրներ, նկարիչներ, բանաստեղծներ և այլք: Շատերի համար գրավիչ էր եղել այն հանգամանքը, որ հնարավորություն էին ունենալու իրենց աչքերով տեսնելու մի վայրում հավաքված այդքան մեծաթիվ պաշտոնյաների: Կոնգրեսը հետաքրքիր էր նաև նրանով, որ այնտեղ մեծ դեր են խաղացել ոչ պաշտոնական հանդիպումները, թատերական ներկայացումները, պարահանդեսները, որոնց շնորհիվ էլ Վիեննայի կոնգրեսը բավականին մեծ ճանաչում է ստացել: Ժամանակակիցներն այս կոնգրեսը կեսկատակ անվանել են «պարող»: Վիեննայի կոնգրեսի կարևորագույն խնդիրներն էին Ֆրանսիական մեծ հեղափոխությամբ և նապոլեոնյան պատերազմների ժամանակ վերացված ֆեոդալամիապետական կարգերի վերականգնումը, մի շարք տապալված դինաստիաների վերահաստատումը, պայքարն ազգային-ազատագրական և հեղափոխական շարժումների դեմ, դաշնակից պետությունների հաղթանակի ամրապնդումը, Եվրոպան Ֆրանսիայի նոր զավթողական պատերազմներից ապահովագրելու ամուր երաշխիքների ստեղծումը, հաղթողների տարածքային հավակնությունների բավարարումը և Եվրոպայում նոր պետական սահմանների հաստատումը: Կոնգրեսի մասնակիցները հավանության արժանացրին Ավստրիայի կանցլեր Մետերնիխի առաջարկը «Գերմանական միություն» ստեղծելու մասին: Դրա կազմի մեջ էր մտնելու գերմանական 38 պետություն, այդ թվում՝ Ավստրիան և Պրուսիան: Այս սեյմում նախագահելու էին Ավստրիայի ներկայացուցիչները, և ձայներն այնպես էին բաշխվել, որ վերջնական որոշում կայացնողն Ավստրիան էր: Փաստորեն Ավստրիան ավելի մեծ ազդեցություն ուներ, և սա հետագայում չէր կարող խնդիրներ չառաջացնել այս երկու պետությունների մեջ առաջատար դերը զբաղեցնելու հարցում: Գերմանիան կրկին հայտնվեց, Էնգելսի խոսքերով, այն «հավատարիմ ծառայող տաշտի» առջև, որի արևմտյան կեսն արդեն ոչնչացված էր Նապոլեոնի կողմից Ֆրանսիական հեղափոխության ժամանակ: Առանձին հոդվածներով կարգավորվեց նաև խոսքի ազատության սկզբունքը: Վիեննայի կոնգրեսի «եզրափակիչ ակտը»՝ բաղկացած 121 հոդվածից և 17 հավելվածից, ստորագրվեց 1815 թ. հուլիսի 15-ին ութ պետության ներկայացուցիչների՝ Ռուսաստանի, Անգլիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Պրուսիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի և Շվեդիայի կողմից: Այդ փաստաթուղթը, որի հիմքում ընկած էր Ֆրանսիայի արտգործնախարար Թալեյրանի առաջ քաշած լեգիտիմության սկզբունքը, եզրափակեց Եվրոպայում 25 տարի տևող պատերազմների շրջանը և արտացոլեց Եվրոպայում ձևավորված քաղաքական իրադրությունը: Այսպիսով՝ Վիեննայի կոնգրեսի արդյունքում Եվրոպայի քաղաքական քարտեզը ձևափոխվեց. Ֆրանսիան զրկվեց իր բոլոր նվաճումներից: Բելգիան և Հոլանդիան միավորվեցին՝ կազմելով Նիդեռլանդական թագավորությունը, որին հետագայում միացավ Լյուքսեմբուրգը: Մասնակից պետությունները երաշխավորեցին Շվեյցարիայի չեզոքությունը: Ավստրիան ստացավ Վենետիկը, Լոմբարդիան և իտալական այլ դքսություններ: Պրուսիային անցան Հյուսիսային Սաքսոնիան, ինչպես նաև Պոզնանը և Ռյուգեն կղզին: Նորվեգիան անցավ Շվեդիային: Անգլիան տիրացավ Իոնյան կղզիներին, Մալթային և Հոլանդիայի գաղութներին Ասիայում: Ռուսաստանին բաժին ընկավ Վարշավայի հերցոգության մեծ մասը: Իսպանիայում վերականգնվեց Բուրբոնների դինաստիան: Անցում կատարենք մի պահ Վեստֆալյան համակարգին. դիվանագիտական էթիկետը հիմնված էր ֆեոդալական կոչումների և դինաստիաների ավանդական ձևերի վրա: Եվրոպական միապետների շարքում ամենաբարձրը համարվում էր Հռոմեական սրբազան կայսրության կայսրը: Բայց այս կոչումը գործածությունից դուրս եկավ այն ժամանակ, երբ կայսրությունը վերացվեց Նապոլեոնի կողմից: Երկար ժամանակ՝ մինչև Վիեննայի կոնգրեսը, միջազգային հարաբերությունների բնութագիրը սահմանվում էր արդեն ոչ թե տիրակալների կոչումներով կամ դինաստիաների հնությամբ և ազնվականությամբ, այլ նրանց իրական քաղաքական, ֆինանսական և ռազմական իշխանությամբ: Վիեննայի կոնգրեսում ընդունված փաստաթղթերի շարքում հատուկ տեղ է զբաղեցնում 1815 թ. մարտի 9-ին ստորագրված «Դրույթներ դիվանագիտական ներկայացուցիչների կարգերի մասին» ակտը: Այս փաստաթղթի վրա մասնագետներն աշխատել են 2 ամիս: Այս որոշումը վերջ դրեց ավագության հետ կապված անվերջ վեճերին և կոնֆլիկտներին: Որոշվեց դիվանագիտական բոլոր ներկայացուցիչներին բաժանել տարբեր դասի կամ կարգի՝ դեսպան, պապական լեգատ և նունցիա, դեսպանորդ, ժամանակավոր հավատարմատար: 1818 թ. այս երեք կարգերին ավելացավ նախարար-ռեզիդենտի աստիճանը, որի լիազորությունները գտնվում են պատվիրակի և ժամանակավոր հավատարմատարի միջև: Երկար տարիներ դիվանագիտական պրակտիկայում այս կարգերն օգտագործվել են որպես միջազգային իրավունքի նորմեր: Այս նորմերին հավատարիմ էին նույնիսկ այն պետությունները, որոնք պաշտոնապես չէին միացել վերոնշյալ ակտին: Դեսպանները և դեսպանորդները հավատարմագրվում էին պետության ղեկավարի, իսկ ժամանակավոր հավատարմատարները՝ երկրի արտգործնախարարի կողմից: Եվ պետությունը ներկայացնում էր դիվանագետը, ոչ թե միապետը: Աշխարհի քաղաքականությունը կենտրոնացած էր Եվրոպայում, իսկ դեսպանները ստեղծում էին դաշինքներ՝ գերպետությունների միջև հավասարակշռությունը պահպանելու համար: Պարզաբանվում են դիվանագիտական պարտավորությունները, և հաստատվում է, որ միայն դիվանագիտական գործակալներն ունեն ներկայացուցչական բնույթ: Վիեննայում արձանագրվեց նաև պետությունների անհավասարությունը: Վերջիններս դասակարգվեցին հետևյալ կերպ. պետություններ, որոնք ունեն շահերի մեծ շրջանակ (միայն այս պետությունները կարող էին փոխանակվել դիվանագիտական ներկայացուցիչներով՝ դեսպանի աստիճանում), դրանք էին, առաջին հերթին, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Պրուսիան, Ավստրիան և Ֆրանսիան, պետություններ, որոնք ունեն շահերի սահմանափակ շրջանակ (կարող էին փոխանակել դեսպանորդներ և ժամանակավոր հավատարմատարներ), նրանց ավելացան նաև հերցոգությունը, դքսությունը և 2 հանրապետություն՝ Շվեցարիան ու Հյուսիսային Ամերիկան, Իտալիայի թագավորությունը, Գերմանիայի կայսրությունը, Ճապոնիան և այլն: Այստեղ առաջին անգամ ձևավորվեց «մեծ տերություններ» տերմինը, որը գերմանական գրականության մեջ ընդունվեց «համաշխարհային տերություններ» անվամբ (Weltmacht): Քննարկվեց նաև այն հարցը, որ գործնականում օգտագործվի պայմանագրերի կնքման այբբենական սկզբունքը: Սակայն կոնգրեսի ժամանակ էլ խախտվեց դա, քանի որ հաղթող պետությունները պնդեցին, որ պայմանագրերը կնքվեն անկախ այն տառի անունից, որով սկսվում է պետության անունը:
Չանցած 5 տարի՝ հեղափոխական շարժը նորից բռնկվեց Եվրոպայի տարբեր մասերում՝ միջազգային հարաբերությունների համակարգում հարցականի տակ դնելով Վիեննայի կոնգրեսի գոյությունը: Այն շատ անկայուն էր, և դա շատ լավ էին հասկանում վեհաժողովի մասնակիցները: Իրականում միջազգային քաղաքականության ուղղությունը կենտրոնացած էր Ռուսաստանի, Ավստրիայի և Անգլիայի ձեռքում: Ավստրիայի կանցլեր Մետերնիխը հենց սկզբից գոհ էր վեհաժողովի արդյունքներից: Իսկ Լորդ Քեստլրին Լոնդոն վերադառնալուց առաջ ասել էր, որ գոհ կլինի, եթե խաղաղությունը Եվրոպայում պահպանվի գոնե մոտ 7 տարի: Վիեննայի կոնգրեսի ընդունած որոշումներն արտացոլեցին եվրոպական պետությունների միջև ձևավորված ուժային փոխհարաբերությունը և ողջ Եվրոպայում վերահաստատեցին նախկին միապետաավատատիրական կարգերը` առաջացնելով լուրջ հակասություններ եվրոպական պետությունների փոխհարաբերություններում:
Ավելացնել նոր մեկնաբանություն