ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ԱՄՆ-ին հորդորել է չեղարկել Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2231 բանաձևի վերաբերյալ իր 15-րդ զեկույցում անդրադարձել է Իրանի միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու որոշմանը և այդ երկրին կոչ է արել չեղարկել Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ 2231 բանաձևի վերաբերյալ Անտոնիո Գուտերեշի 15-րդ զեկույցը քննարկելու նպատակով հուլիսի 6-ին կայացել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում ելույթ են ունեցել ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն ու մշտական ներկայացուցիչը։
Գուտերեշն ընդգծել է, որ Իրանի հետ ձեռք բերված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը շարունակում է մնալ լավագույն տարբերակը։ Նա այս համատեքստում ԱՄՆ-ին հորդորել է նաև երկարաձգել Իրանի հետ նավթի առևտուր իրականացնելու հարցում կիրառված բացառությունները։
Նշենք, որ 2231 բանաձևի համաձայն՝ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի զեկույցը ներկայացվում և քննարկվում է Անվտանգության խորհրդի հերթական նիստում։ Բանաձևի և Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացման վերաբերյալ 14-րդ զեկույցը ներկայացվել էր 2022 թվականի դեկտեմբերի 19-ին անցկացված նիստում։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները կարևորում են 2015 թվականի միջուկային համաձայնագրին վերադարձը, որը ձեռք էր բերվել երկարատև բանակցություններից հետո, սակայն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին միակողմանիորեն դուրս եկավ գործարքից։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նման հորդորը վկայում է այն մասին, որ իրանական կողմը կատարում է իր պարտավորությունները և ցանկանում է հասնել գործարքի վերականգնմանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն