Ադրբեջանական հեռուստատեսությունը ՀՀ-ն ներկայացնում է իբրև Ադրբեջան, մինչդեռ ՀՀ ՇՄՆ-ն Արցախի փոխարեն նշում է ԼՂՀ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ տարածքն իբրև ադրբեջանական ներկայացնելու հերթական դեպքին:
«Հարևան երկրի սուվերեն տարածքի նկատմամբ հավակնության հերթական բաց քարոզչությունը. ադրբեջանական հեռուստատեսությամբ եղանակի տեսության եթերում Հայաստանի Հանրապետությունը` ներառյալ մայրաքաղաք Երևանը, ներկայացվում է իբրև Ադրբեջան: Ի ցույց դրված հիվանդ պատրանքները և թշնամական հռետորաբանությունը պետք է կտրականապես մերժվեն»,- գրել է նա:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն ամեն օր կայքում հրապարակում է առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվող եղանակի կանխատեսումը։ Եղանակի կանխատեսման մասին տեղեկությունները տեղադրվում էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։ Նախկինում ՀՀ մարզերում սպասվող եղանակը ներկայացնելուց հետո՝ վերջում մարզերին կից ներկայացվում էր նաև Արցախում սպասվող եղանակը։
Վերջին օրերին՝ հունիսի 28-ից սկսած, նախարարությունը եղանակի կանխատեսման մեջ Արցախի փոխարեն նշում է Լեռնային Ղարաբաղ, ավելին՝ այն առանձնացված է ՀՀ մարզերից։ Այս մասին գրում է «Factor.am»-ը, որը ՇՄ նախարարության մամուլի խոսնակից հետաքրքրվել է՝ ինչով է պայմանավորված փոփոխությունը։
«Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ընդունված տերմին է»,- ասել է նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը՝ այլ հարցերի չպատասխանելով։
Այս ամենը վկայում է այն մասին, որ ադրբեջանական ռեժիմը շարունակում է քարոզչությունը՝ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելով իբրև «Արևմտյան Ադրբեջան», ինչը խոսում է վերջինիս հավակնոտ ցանկությունների մասին, մինչդեռ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն Արցախն առանձնացնում է ՀՀ մարզերից և նշում որպես Լեռնային Ղարաբաղ։
Ավելացնել նոր մեկնաբանություն