Հայկական բանակը 1918-1920 թվականներին. պատմական ակնարկ

Հայկական բանակը 1918-1920 թվականներին. պատմական ակնարկ

Հայկական բանակը 1918-1920 թվականներին. պատմական ակնարկ

Հայկական ազգային բանակ, ստեղծվել է Հայաստանի առաջին հանրապետության օրոք՝ 1918 թվականին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո։ Գոյատևել է մինչև հանրապետության խորհրդայնացումը՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ը։

Հայաստանի Հանրապետության բանակի սպայական կազմը հիմնականում ռուսական զինվորական գիմնազիաներ ավարտած, Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած կադրեր էին։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1917 թվականի դեկտեմբերի 13-ին, կովկասյան բանակի գլխավոր հրամանատարի 136 հրամանով արտոնվում է հայկական կորպուսի ստեղծումը, որն էլ հետագայում դարձավ Հայկական ազգային բանակի կորիզը։

Ռուսական զորքերի դուրս գալուց հետո Հայկական կորպուսը կազմավորվեց ռուսական բանակի հայկական գնդերի և հայդուկային ջոկատների հիման վրա՝ ժառանգելով ռուսական բանակի կառուցվածքային սկզբունքները և սպառազինությունը՝ զենքն ու զինամթերքը։ Նրա բարձրագույն սպայական և հրամանատարական կազմը բաղկացած էր հիմնականում ռուսական բանակի հայ բարձրաստիճան, ավագ և կրտսեր սպաներից, քիչ չէին նաև ֆիդայական շարժմանը մասնակցած խմբապետները։ Ձևավորված կանոնավոր զորամասերի հետ համատեղ բանակի կազմում գործում էին նաև աշխարհազորային ջոկատներ։

Հայկական բանակային կորպուսի կազմում կային երկու հրաձգային դիվիզիա՝ յուրաքանչյուրը կազմված չորս հրաձգային գնդից և մեկ հրաձգային-հրետանային բրիգադից, առանձին հեծելազորային բրիգադ՝ կազմված երկու հեծելազորային գնդից, բերդապահ-հետևակային բրիգադ՝ կազմված հինգ հետևակային գնդից, պահեստազորային բրիգադ՝ բաղկացած երկու հետևակային գնդից և չորս գումարտակից, հավաքական զորաջոկատ ու մի շարք այլ առանձին և մասնագիտական զորամասեր ու ստորաբաժանումներ։

Ձևավորված կանոնավոր զորամասերի հետ համատեղ բանակի կազմում գործում էին նաև աշխարհազորային ջոկատներ, կամավորական խմբավորումներ, որոնցից էին Անդրանիկի զորամասը, Պանդուխտ մշեցիների խումբը, սասունցիների ջոկատները և այլն։

1918 թվականի մարտի վերջին հայկական կորպուսի մարտական անձնակազմի թվաքանակը կազմում էր շուրջ 20.000, որից մոտ 800-ը՝ սպա։ 1918 թվականի ամռանը հայկական կորպուսը վերակազմավորվեց մեկ հետևակային դիվիզիայի, որի հրամանատար նշանակվեց գեներալ Մովսես Սիլիկյանը (1862-1937)։ Դիվիզիայի թվակազմը հասնում էր մոտ 16 հազարի։ 1919 թվականի հունվարի դրությամբ այդ քանակը գրեթե անփոփոխ էր։ Նույն թվականի վերջին արդեն հայկական բանակի թվաքանակը կազմում էր ավելի քան 30.000։ Արդեն 1920 թվականի հունվարին հանրապետության բանակի թվաքանակը հասնում էր 25.000-ի, իսկ աշնանը՝ թուրք-հայկական պատերազմի շրջանում, շուրջ 40 հազարի։

Բանակը սկզբից ևեթ հիմնականում զինված է եղել ռուսական բանակի հիմնական սպառազինությամբ՝ կարճափող և երկարափող հրազեն, գնդացիրներ, հրետանի, զրահագնացներ, իսկ հայկական միակ ավիաջոկատն ուներ երեք ինքնաթիռ, երեքն էլ՝ տարբեր մակնիշների՝ «Nieuport», «Morane-Saulnier L» և «Voisin III» կամ «Voisin V»: 1918 թվականի օգոստոսին ձևավորվեց ռադիոհեռագրական բաժանմունքը, որի համար մասնագետներ պատրաստելու նպատակով դիվիզիոնին առընթեր բացվեց հատուկ դպրոց։

Սպառազինության մեջ կային նաև կովկասյան վարպետների կողմից պատրաստված սառը զենքի (ձեռնամարտի զենքեր) տեսակներ, թե՛ աշխարհազորային ջոկատներում, և թե՛ կանոնավոր ստորաբաժանումներում հաճախ օգտագործվում էին նաև կովկասյան վարպետների պատրաստած ամենատարբեր թրասուսերներ, կոր սրեր և դաշույններ։

Հետաքրքրաշարժ է, որ Ազգային բանակն ուներ նաև նավատորմիղ, որը կազմավորվել էր 1919 թվականի մայիսին Ելենովկա գյուղում (այժմյան Սևան քաղաքում)։ Սևանա լճի նավատորմիղի կազմավորողն ու հրամանատարը ռուսական ծովակալության սպա Սերգեյ Թումանյանն էր: Հիմնվել էին նավահանգստային դարբնոց, փականագործական և ատաղձագործական արհեստանոցներ։ Հետագայում կառուցվում է «Աշոտ Երկաթ» ռազմաբեռնատար երկկայմ առագաստանավը, որի տարողությունը 1000 փութ (ծանրության ռուսական չափ, որը հավասար է 16.3 կգ) էր՝ զինված մեկ թնդանոթով, երկու գնդացիրով և լուսարձակով։

Նավատորմիղը կոչված էր զորք և ռազմական բնույթի բեռներ փոխադրելու համար։ Բացի «Աշոտ Երկաթ» ռազմանավից՝ նավատորմիղն ուներ նաև մի քանի շարժիչային թիանավ, իսկ 1920 թ. սեպտեմբերին Շահթախթից Սևանա լիճ փոխադրվեց ռուսական նավատորմի «Սեստրիցա Նյուշա» նավը, որը Հայաստան էր բերվել դեռևս Առաջին աշխարհամարտի տարիներին՝ Վանա լիճ փոխադրելու համար։ Այն վերանվանվել էր «Գեղանուշ»։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author