jıuhıouh

Թուրքիան շարունակելու է իր քաղաքական կամքը թելադրել Հայաստանին

Թուրք ազգայնամոլ քաղաքական գործիչ, «Գորշ գայլերի» ղեկավար Դևլեթ Բահչելին, որի գլխավորած կուսակցությունն այժմ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կոալիցիոն գործընկերն է, հետևյալ հայտարարությունն է արել.

«Ղարաբաղը թյուրքի բնօրրանն է, Ադրբեջանի անբաժան հողը: Հայաստանը պետք է խելքը գլուխը հավաքի, դադարի կրակի հետ խաղալուց։ Երբ տեղն ու ժամանակը գան, Երևանի ղեկավարությունը ստիպված կլինի կրկին համակերպվել յուրաքանչյուր սադրանքի ծանր հետևանքների հետ, որոնք կարող են տապալել խաղաղ բանակցությունները և խաթարել կայունության նրանց ձգտումը։ Այն, որ Թուրքիան դիմադրում է կոշտ օրենքներին և անօրինական վերաբերմունքին ու միջամտություններին, որոնք սպառնում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխան իրավունքներին, երկու պետության և մեկ ազգի պատվի գործն է»։

«Գորշ գայլերի» պարագլուխ, էրդողանի մոտ մեծ հեղինակություն վայելող այս անձը, իր ելույթի մեջ անսքող կերպով սպառնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը։

Ակնհայտ է, որ Արցախը վերջնականապես վերահսկողության տակ առնելուց, հայաթափումից հետո թիրախում Սյունիքն է լինելու։ Այս համատեքստում մեջբերենք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթից հետևյալ հատվածը.

«Ի սկզբանե աջակցել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացին։ Սակայն տեսնում ենք, որ Հայաստանն այս պատմական հնարավորությունը բավականաչափ չի գնահատում։ Սպասում ենք, որ Հայաստանը կատարի իր խոստումները «Զանգեզուրի միջանցքի» բացման գործում»։

Թուրքիայի աշխարհաքաղաքական նպատակները չեն փոխվել, այն է՝ Հայաստանի՝ որպես քաղաքական գործոնի չլինելիությունն այս տարածաշրջանում։ Թուրքիան հետևողական կերպով շարունակելու է իր քաղաքական կամքը թելադրել Հայաստանին։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակման են անցել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով: Այսպիսով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները:

Հարձակումն ադրբեջանական կողմը որակում է իբրև «հակաահաբեկչական գործողություն»՝ միայն «զինված խմբավորումների» և ռազմական օբյեկտների դեմ:

Սակայն, ի հակառակ այս պնդումների, սոցցանցերում հրապարակված բազմաթիվ տեսանյութեր փաստում են այն մասին, որ Ադրբեջանը թիրախավորել է խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները:

#Դետքի_հետագծով

Ավելացնել նոր մեկնաբանություն