վդասբ

Պարտվել նաև քարոզչակա՞ն պատերազմում 

Այս օրերին հայկական լրատվամիջոցներում հաճախակի կարելի է հանդիպել հայկական տեղանունների ադրբեջանական անվանումների օգտագործման դեպքեր: Աղդամի (Ակնա) և Լաչինի (Բերձոր) կիրառությունը, կարծես, սովորական է դարձել, այժմ էլ Ստեփանակերտն են կոչում Խանքենդի:

Թշնամի պետությունը, որը տարիներ շարունակ միլիոնավոր դոլարներ է ծախսել հայկական տեղանունների անվանումներն աղավաղելու և իրենց անվանումները քարոզելու վրա, այսօր հասնում է իր նպատակին:

Մի կողմից մենք խոսում ենք Արցախի հայապատկանության ու հայկականության մասին, բայց գործածում ենք թուրքական և ադրբեջանական տեղանուններ: Պարտության մեջ այդ երևույթն էլ ունեցավ իր «ավանդը» ու մեզ կանգնեցրեց դառը իրականության առաջ:

Տեղանունը ժողովրդի պատմության ու աշխարհագրության լեզվական պահոց է, նաև տեղանուններում և տեղանուններով է ամրագրվում տվյալ ժողովրդի պատմությունը: Դրանցով քննելի է դառնում անցյալը, որն էլ մեզ առերեսում է մեր պատմության հետ։

Իսկ թյուրքական «մշակույթի» անբաժան բաղադրիչն է եղել նվաճած տարածքների, տեղանունների թրքացումը։ Այդ քաղաքականության օգնությամբ փորձ է արվել յուրացնել և դրա միջոցով ջնջել, աղճատել, ապա և մոռացության տալ տեղանվան էթնիկ պատկանելությունը։ Նույն քաղաքականությունն իրականացնում է նաև Ադրբեջանը։

Եվ եթե թուրքերն ու ադրբեջանցիները հետևողական են իրենց նենգափոխման մեջ, ապա մենք՝ հայերս, չափազանց անփույթ ենք այդ առումով։ Այդպիսի վերաբերմունքը մեր տեղանունների նկատմամբ ցույց է տալիս հոգեբանական մակարդակում կրած պարտության խնդիրը:

Կարծում ենք` պետական մակարդակով անհրաժեշտ է հստակ քաղաքականություն վարել հայկական տեղանունների պահպանման ու օգտագործման հարցում, այլապես դժվար է ակնկալել, որ երբևէ կազատագրենք մեր հայրենիքի գրավյալ հատվածը և կունենանք ուժեղ պետություն:

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն