Հայաստանի անկախության տապալումը սկսվեց այն պահին, երբ ազգովի ընդունեցինք, որ Արցախը մերը չէ. Դավիթ Հակոբյան
Մենք կանգնած ենք շատ լուրջ գոյաբանական խնդրի առաջ։ Շատերը չեն գիտակցում այս ամենը, կարծում են՝ եթե Արցախը ճանաչեցինք Ադրբեջանի կազմում, այնտեղից տարհանենք ու փրկենք ժողովրդին, ապահովագրում ենք, այսպես կոչված, անկախությունը, բայց այդպես չէ։
Այս մասին BRAVO.am-ի հետ զրուցում ասել է վաստակավոր արտիստ, Սոս Սարգսյանի անվան համազգային եւ Հենրիկ Մալյանի անվան թատրոնների դերասան, բեմադրիչ Դավիթ Հակոբյանը:
«Նախ այնտեղի մարդկանց է պետք փրկել, դրանում երկու կարծիք լինել չի կարող, բայց Հայաստանի անկախության տապալումը սկսվեց այն պահին, երբ ազգովի ընդունեցինք, որ Արցախը մերը չէ»,- ասել է արվեստագետը, ապա հավելել. «Ազգովի Արցախի թիկունքին դաշույնով հարվածեցինք՝ մենք բոլորս։ Սա ասելիս գետինն եմ մտնում, վատ զգում, բայց չգիտեմ՝ ուրիշ ինչ բառ գտնեմ։ Հիմա եկել է պահը, որ այդ մասին վերջնականապես բացեիբաց խոսենք»:
Դավիթ Հակոբյանը նշել է, որ արդեն չէր ուզում որպես մանկավարժ աշխատել, բայց գիտակցաբար շարունակում է։ «28 ուսանող ունեմ ու էլ չեմ մտածում նրանց դերասան դարձնելու մասին, ձեռի հետ անում եմ, բայց եթե նրանցից գոնե 12-ին բերեմ ազգային դաշտ, հսկայական աշխատանք արած կլինեմ։ Հիսուսն ինչպե՞ս ժողովրդին բերեց իր դաշտ, հավաքեց ընդամենը 12 հոգի, դա տիեզերական թիվ է։ Այդ 12-ից ամեն մեկը հետագայում պետք է բերի եւս 12-ի հոգու, ուրիշ ճանապարհ չկա. կրթությունը սկսվում է ընտանիքից, որը գլոբալիստներն ուզում են խաթարել, վերացնել։ Նրանք շատ լավ են հասկանում, որ հենց ընտանիքը վերացնում են, մարդը դառնում է անկիրթ, նյութապաշտ, եսամոլ, փորապաշտ»,- ասել է նա:
Վաստակավոր արտիստը կարծիք է հայտնել, որ պետք է համախմբվել, որքան հնարավոր է արագ, ու այս գահավիժումը եւ սողանքը կանգնեցնել. «Եթե այն մեծ թափ ստանա, էլ դեմը չենք առնի. հաջորդը Սյունիքը կլինի, Տավուշը եւ Սեւանի ավազանը։ Ամեն մեկիցս շատ ավելի բան է կախված, քան որեւէ վարչապետից, ու ես հավատում եմ մեզ»։
Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուրում
Ավելացնել նոր մեկնաբանություն