Բաքուն մեկ օրվա ընթացքում 30 տարի առաջ անհետ կորած ադրբեջանցիների է գտնում և տալիս հարազատներին
44-օրյա պատերազմից հետո Բաքուն օկուպացված հայկական տարածքներում սկսել է եղբայրական գերեզմանների քանդումը՝ պարզելու Արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած ադրբեջանցիների ճակատագիրը։
Ըստ պաշտոնական Բաքվի տեղեկատվության՝ արդեն նույնականացվել է 15 անհետ կորածի ինքնություն։
Հետաքրքրական է այն, որ նույնականացումը կատարվում է մեկ օրում, գերեզմանոցներում ոսկորների հայտնաբերման հաջորդ օրը հանդիսավոր կերպով կազմակերպվում է արդեն ինքնությունը պարզված ադրբեջանցու հուղարկավորությունը։
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանում պատերազմական իրավիճակներում պատերազմի գոտի են ուղարկվում երկրի միջին և ցածր խավի քաղաքացիները, որոնց ընտանիքներին դրամական փոխհատուցում տրամադրելու խոստումներ է տալիս իշխանությունը։
Դրա վառ օրինակը տեսանք 44-օրյա պատերազմից հետո, երբ զոհվածների և վիրավորների ծնողներն ընդվզեցին՝ հայտնելով, որ պետության կողմից որևէ օգնություն չեն ստացել, իսկ անհետ կորածների ճակատագրի վրա իշխանությունը մեծ հաշվով թքած ունի։ Նրանց միացան նաև Արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների ծնողները։
Բաքվի բեմադրած հերթական թատրոնը նպատակ ունի իշխանությունից բողոքողներին ցույց տալու, որ պետությունը՝ երկրի առաջին դեմքի գլխավորությամբ, ոչ մի ջանք չի խնայում անհետ կորած զինծառայողների ճակատագիրը պարզելու համար, և որ նրա բանակի ամեն զինվոր թանկ է պետության համար։
Գործընթացը սկսել են երեք տասնամյակ առաջ թաղված ոսկորների արտաշիրիմումից՝ անհետ կորածների ծնողներին համոզելու, որ բոլորը գտնվելու են։
Բնականաբար թատրոնի մյուս դերասանները հարազատներն են, որոնք չգիտես թե ում ոսկորներով լցված դագաղի մոտ աղիողորմ արցունքներ են թափում։ Իսկ ադրբեջանական ոչ պաշտոնական էջերում գրում են․ «Շնորհակալություն Ալիևին, նա ոչ միայն որդեկորույս մայրերին վերադարձրեց իրենց որդիներին, այլև դրամական աջակցություն տրամադրեց»։
Բաքվի բռնապետը, սակայն, առիթը բաց չի թողնում կրկին հայկական կողմին մեղադրելու համար։
«Անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանն ուղղված ազգային և միջազգային ջանքերի ավելացում» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում Ալիևը նշել է, որ արտաշիրիմումի աշխատանքներին խանգարում է Հայաստանի կողմից հողերի՝ ականներով և չպայթած զինամթերքով աղտոտումը, որը լուրջ խոչընդոտներ է ստեղծում գերեզմանների հայտնաբերման և արտաշիրիմումի աշխատանքների համար։
«Հետկոնֆլիկտային շրջանում մենք բարձրացնում ենք անհետ կորածների խնդիրը Հայաստանի հետ համապատասխան բոլոր հանդիպումներում և բանակցություններում, մասնավորապես Բրյուսելի և Վաշինգտոնի հարթակներում։ Ցավոք, Հայաստանը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքից բխող իր պարտավորությունները, ադրբեջանական կողմին տեղեկություն չի տրամադրում անհետ կորածների ճակատագրի և զանգվածային գերեզմանների ճշգրիտ գտնվելու վայրի մասին։ Սրա պատճառները պարզ են. Հայաստանը կարծում է, որ դա կբացահայտի իր կատարած պատերազմական հանցագործություններն ու վայրագությունները։ Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա՝ ադրբեջանական կողմին տեղեկություն տրամադրելու անհետ կորածների և զանգվածային գերեզմանների ճակատագրի մասին։ Սա զուտ մարդասիրական խնդիր է, և դրա քաղաքականացումն անընդունելի է»,- ընդգծել է բռնապետն ուղերձում։
Ադրբեջանական իշխանության ներկայացուցիչների նպատակը նման բեմադրությունների շնորհիվ սեփական հանցագործությունների պատասխանատվությունից ազատվելն ու միջազգային հանրության ուշադրությունը շեղելն է։
Ադրբեջանում խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի են ենթարկել ու ենթարկում միջազգային պարտավորությունների խախտմամբ Բաքվում պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց։ Ժնևի երրորդ կոնվենցիան արգելում է ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքն ու նրանց մահապատիժը՝ որակելով դրանք պատերազմական հանցագործություններ։ Իսկ Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործություններն անթիվ են։
#Դետքի_հետագծով
Ավելացնել նոր մեկնաբանություն