ՀԱՄԱՍ-ը անդրդվելի է Իսրայելը ճանաչելու հարցում
Որպես ահաբեկչական կազմակերպություն՝ ՀԱՄԱՍ-ն ԱՄՆ «սև» ցուցակում է, քանի որ գործել է Միջին Արևելքում ԱՄՆ հետաքրքրությունների դեմ և, որ ամենավտանգավորն է, ֆինանսավորվել է Իրանի կողմից ու համագործակցել լիբանանյան «Հիզբալլահի» հետ:
Չնայած ՀԱՄԱՍ-ը սուննիական ուղղվածություն ունի, սակայն արդյունավետորեն համագործակել է շիական «Հիզբոլլահի» հետ, ինչը փաստում է, որ Իսրայելին չի հաջողվել շահարկել շիա-սուննի երկփեղկվածությունը։
ՀԱՄԱՍ-ի հաջողությունը շատ դեպքերում կապված էր այն իրողության հետ, որ Արևմտյան ափին և Գազայում ապրող պաղեստինցիները հուսախաբ էին եղել Պաղեստինյան հարցի կարգավորման առաջատարը համարվող ՖԱԹՀ-ի գործունեությունից, որն աստիճանաբար կոռումպացվում էր: ՀԱՄԱՍ-ը մշտապես վիճարկել է Յասիր Արաֆաթի իրավունքը՝ լինելու պաղեստինցի ժողովրդի շահերի միակ արտահայտիչը: ՀԱՄԱՍ-ի առաջնորդների պատկերացմամբ՝ պաղեստինյան խնդրի կարգավորման միակ տարբերակը ռազմական ճանապարհն է, որին պետք է մասնակցեն ոչ միայն պաղեստինցիները, այլև ողջ արաբական աշխարհը: ՀԱՄԱՍ-ը դեմ էր Իսրայելի հետ ցանկացած շփման, մանավանդ որ այն տեղի էր ունենում ԱՄՆ հովանավորությամբ: Ահա այս տրամաբանության պատճառով էլ ՀԱՄԱՍ-ի պայքարը մի ծայրով ուղղված էր Իսրայելի հետ բանակցող ՖԱԹՀ-ի դեմ, ինչը գնահատվում էր որպես դավաճանություն:
Կողմերի միջև բանակցությունների և առանձին դեպքերում դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ձախողումն ինչ-որ չափով նպաստում էր ՀԱՄԱՍ-ի իշխանության գալու հնարավորությանը:
2006 թ. հունվարի 25-ին Պաղեստինյան ինքնավարությունում՝ Հորդանան գետի Արևմտյան ափին և Ղազայի շրջանում, վերջին 12 տարիների ընթացքում անցկացված երկրորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀԱՄԱՍ շարժումն աննախադեպ հաղթանակ տարավ:
Թեև ՀԱՄԱՍ-ի հաղթանակը Պաղեստինում օրենսդիր մարմնի ազատ և արդար ընտրությունների արդյունք էր, սակայն այն լուրջ մտահոգություն առաջացրեց Իսրայելում, ԱՄՆ-ում և արևմտյան մի շարք երկրներում։ Նրանց կողմից ահաբեկչական կազմակերպություն դիտարկվող ՀԱՄԱՍ-ի իշխանության գալը նշանակում էր, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը կարող է հարցականի տակ դրվել։ Ընտրության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո իսրայելական իշխանությունները հայտարարեցին, թե չեն պատրաստվում բանակցել ահաբեկիչների հետ, եթե նրանք չհրաժարվեն ահաբեկչությունից, ճանաչեն Իսրայել պետության գոյության իրավունքը, ընդունեն նախկինում կողմերի միջև կնքված պայմանագրերը: Ներկայումս ՊԻ օրենսդիր մարմնի և կառավարության՝ ՀԱՄԱՍ-ը ներկայացնող մի շարք անդամներ իսրայելական բանտերում են։
ՀԱՄԱՍ-ը դեռևս անդրդվելի է Իսրայելը ճանաչելու հարցում: Նշենք, որ իր գործունեության սկզբում նման կեցվածք ուներ նաև ՖԱԹՀ-ը: Սակայն 1989 թ. այն իր կանոնադրության մեջ փոփոխություններ մտցրեց. ճանաչեց Իսրայել պետությունը և պատրաստ էր բանակցել նրա հետ:
#Դետքի_հետագծով
Ավելացնել նոր մեկնաբանություն