Him

«Վաթան» հեռուստաալիքի հայերեն հեռարձակումը՝տեղեկատվական պատերազմի մի մաս

Ադրբեջանական «Վաթան» հեռուստաալիքն օկուպացված Արցախում սկսել է հեռարձակվել 10 տարբեր լեզուներով՝ ադրբեջաներեն, թուրքերեն, պարսկերեն, արաբերեն, ռուսերեն, վրացերեն, քրդերեն, լեզգիերեն, թալիշերեն և, իհարկե, հայերեն։

Ադրբեջանը երբեք էլ չի թաքցրել իր նպատակները հայերենի ուսումնասիրման համար։ Թշնամու համարհայերեն լրատվական կայքերի ստեղծումը միշտ եղել է օրակարգային։ Նպատակը բնականաբար ոչ միայն հետախուզական և դիվերսիոն գործողությունների իրականացումն է, այլև տեղեկատվական պատերազմն ու քարոզչությունը։

Ըստ ադրբեջանական կողմի՝ «Վաթան» լրատվականի հայերեն հեռարձակումն Արցախում մնացած հայերի համար է։

Հարկ է նշել, որ Ադրբեջանում հայոց լեզվի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է 44-օրյա պատերազմից հետո։ Ադրբեջանում ակտիվ հայերեն են սովորեցնում հանրույթի տարբեր շերտերին, ինչի արդյունքը տեսնում ենք. ստեղծվում են կեղծ հայկական էջեր, որոնց միջոցով հայերենով շատ ակտիվ ապատեղեկություն են տարածում։

44-օրյա պատերազմից հետո ծրագիր մշակվեց 2022-2023 ուսումնական տարում ադրբեջանական դպրոցներում խորացված հայերենի դասավանդման համար՝ շաբաթական երկու ժամով։ Ձեռնարկված քայլերը համակարգված բնույթ կրեցին և մեր դեմ տարվող քաղաքականության կարևոր, բաղկացուցիչ մասը կազմեցին։ Հայատյաց քաղաքականության՝ մեզ ուսումնասիրելու և մեր դեմ օգտագործելու  համար կարևոր գործիք դարձրին հայոց լեզուն։

Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող ինստիտուցիոնալ հիմքերով ատելության ու թշնամանքի քաղաքականության մաս է կազմում իրենց կողմից կեղծ տեղեկությունների տարածումը՝ տեղի հայ բնակչությանը հասանելի լեզվով։

Այսօր թեև օրակարգային է «խաղաղության դարաշրջան մտնելը», սակայն թշնամին շարունակում է հայ մշակույթի նկատմամբ որդեգրած հանցագործ քաղաքականությունը՝ մշակույթի մաս համարվող լեզուն փորձելով օգտագործել մեր դեմ։ Նպատակն է ջնջել հայկական հետքը ողջ տարածաշրջանում, ամբողջ Հայկական լեռնաշխարհում և դրան հարակից տարածքներում։ Չպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությունները մեզ թմրեցնեն կեղծ խաղաղասիրական կոչերով: Չպետք է թույլ տալ մեզ ուսումնասիրելու համար մեր դեմ օգտագործել մեր իսկ լեզուն։  

Վերջում հարկ է նաև նշել, որ թեև ադրբեջանական ջանքերին ու ներդրած միջոցներին՝ թշնամին դեռևս չի կարողացնել յուրացնել ոսկեղենիկ հայերենը, հնչյունների ճիշտ արտասանումն ու ճիշտ շեշտադրումը։

Ավելացնել նոր մեկնաբանություն