Տարածաշրջանը եռման կաթսայի է նման. առաջիկայում էական զարգացումներ կարող են լինել. թուրքագետ
Տարածաշրջանում ակնհայտ է, որ Ռուսաստանն ու Իրանը փորձում են Թուրքիային նույնպես ներգրավել իրենց հարթակում, որ տարածաշրջանային հարցերը լուծեն միասին: Այս մասին «Դետք»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը` խոսելով «3+3» ձևաչափով Թեհրանում կայացած արտգործնախարարների հանդիպման մասին:
«Տեսանք, որ Վրաստանը հրաժարվեց այդ հանդիպմանն իր մասնակցությունից, և արդյունքում «3+3»-ը դարձավ «3+2»: Թուրքիայում էլ այսօր ակնհայտ է Էրդողանի իշխանության վարած քաղաքական գիծը` ռուսների հետ ջերմ հարաբերություններ, և Պուտինն էլ իր հերթին առաջարկում է Էրդողանին, որ տարածաշրջանային հարցերը լուծեն միասին: Բայց չմոռանանք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, այսինքն` ամեն դեպքում չի հրաժարելու արևմտյան քաղաքական գծից:
Ակնհայտ է նաև, որ օղակը սեղմվում է Իրանի շուրջը: Թուրքիան և Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ են անում, և բավական լուրջ է իրավիճակը նաև իսրայելա-պաղեստինյան հարաբերություններում: Իրանն արդեն փաստացի զորահավաքային տրամադրության մեջ է և ասել է, որ անհրաժեշտության դեպքում մտնելու է պատերազմի մեջ:
Այստեղ հետաքրքիր է Թուրքիայի դիրքորոշումը, նրանք թեև ցույց են տալիս, թե արտաքուստ համերաշխ են պաղեստինցիների հետ, սակայն իրականում այսօր թուրքական բանակը վարժեցնում են հրեա մասնագետները, և դա էլ առաջինն ուղղվելու է հենց Իրանի դեմ»,- ասաց թուրքագետը:
Տարածաշրջանային այս հարթակին մասնակցությունն օգո՞ւտ էր, թե՞ վնաս Հայաստանի համար` հարց ուղղեցինք մեր զրուցակցին: Խուդավերդյանը հիշեցրեց, որ Հայաստանն այս պահին բանակցում է խաղաղության համաձայնագրի շուրջ, և հենց այդ բանակցություններից է շատ բան կախված:
«Սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ դեռևս արված չեն, հանձնաժողովը ստեղծվել է Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի մասնակցությամբ, սակայն այդ հանձնաժողովը մինչ այսօր որևէ նիստ չի արել: Այդ պարագայում սահմանային տարաձայնություններ առկա են, քանի որ Հայաստանն ունի իր պատկերացրած սահմանները, Ադրբեջանը` իր: Քանի դեռ վերջնականապես չեն ամրագրվել սահմանները, կարծում եմ` սահմանային բախումներ կարող են լինել,- նշեց նա` հիշեցնելով նաև, որ Սյունիքի հատվածում սահմանային լուրջ կուտակումներ կան։- Բլինքենն էլ օրերս հայտարարեց, որ Ադրբեջանը կարող է ցանկացած պահի հարվածել Սյունիքին, իսկ Սյունիքը ռազմավարական առումով իրենց համար շատ կարևոր է: Այսինքն, կախված տարածաշրջանային զարգացումներից, Ադրբեջանը կարող է նաև փորձել ռազմական ճանապարհով լուծել իր հարցերը»:
Իսկ տարածաշրջանը, ըստ թուրքագետի, եռման կաթսայի է նման, և առաջիկայում էական զարգացումներ կարող են լինել. «Կաթսան եռում է, եթե Իրանը մտնի պատերազմի մեջ, հարվածները նրա դեմ են լինելու: Հայաստանից էլ պահանջելու են հստակ դիրքորոշում` կա'մ Ռուսաստանի դաշնակիցն ենք, կա'մ Արևմուտքի»:
Ավելացնել նոր մեկնաբանություն