Հետհայացք թուրք-իսրայելական հարաբերություններին

Հետհայացք թուրք-իսրայելական հարաբերություններին

Երկու երկրների հարաբերությունների վերելքներն ու վայրէջքները հիմնականում պայմանավորված են Պաղեստինի դեմ Իսրայելի գործողություններով:

Թուրքիա-Իսրայել հարաբերությունները սրվել են  2010 թ․ «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո: Մայիսի 31-ին Գազայի հատված մեկնող  թուրքական «Մավի Մարմարա» նավում իսրայելցի հատուկջոկատայինները սպանեցին 9 թուրքի, ինչը հանգեցրեց Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացմանը:

Տեղի ունեցած միջադեպից հետո Թուրքիան 3 նախապայման ներկայացրեց Իսրայելին հարաբերությունների կարգավորման համար․ ըստ դրանց՝ Իսրայելը պետք է ներողություն խնդրեր, փոխհատուցեր և վերացներ Գազայի հատվածի շրջափակումը։

Իսկ Իսրայելը Թուրքիայից պահանջեց վերջ դնել իսրայելցի բարձրաստիճան զինվորականների դատական գործընթացներին և միջազգային ասպարեզում Թուրքիայի հակաիսրայելական քայլերին։

Թեև Իսրայելը հրաժարվեց Թուրքիայի առաջ քաշած նախապայմաններից, այնուամենայնիվ կատարեց դրանցից մեկը․ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն Միացյալ Նահանգների ճնշման տակ ներողություն խնդրեց Էրդողանից։ Չնայած այդ քայլին՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացում չգրանցվեց որևէ էական առաջընթաց, քանի որ բաց էին մնացել մնացյալ հարցերը, որոնք առնչվում էին երկու կողմերին։

Կապված Թուրքիայի ներկայացրած մնացած երկու նախապայմանի հետ՝ 2014 թ. Իսրայելը Թուրքիային առաջարկել է 20 մլն դոլար փոխհատուցում, բայց Թուրքիան պահանջում է 30 մլն։ Բացի դրանից՝ Էրդողանն Իսրայելին ևս մեկ անգամ հիշեցրեց, որ  վերջին նախապայմանը դեռ անկատար է մնացել՝ Իսրայելը պետք է վերջ դներ Գազայի հատվածի շրջափակմանը:

2016 թ. հունիսին հայտնի դարձավ, որ Իսրայելը և Թուրքիան հասել են հարաբերությունների կարգավորման համաձայնության։ Կողմերը հայտնեցին հաշտեցման համաձայնագրի մասին, որը պետք է վերջ դներ հարաբերությունների մեջ վեցամյա խզմանը։ Կողմերը վերանշանակեցին իրենց դեսպաններին։

Թվում էր, թե հարաբերությունների կարգավորման վերջնական փուլը մոտ է, սակայն դեպքերի հետագա զարգացումն այլ բան ցույց տվեց։ 2018 թ․ մայիսի 14-ին ԱՄՆ-ն Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք և որոշեց ԱՄՆ դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ։ Սկսվեցին լայնածավալ անկարգություններ, տասնյակ պաղեստինցիներ սպանվեցին Իսրայելի անվտանգության ուժերի կողմից։ Թուրքիան արտաքսեց Իսրայելի դեսպանին և հետ կանչեց Իսրայելում իր դեսպանին, որին ի պատասխան՝ Իսրայելն արտաքսեց Իսրայելում Թուրքիայի հյուպատոսին։

Կապերը վերականգնելու մի քանի փորձ ձախողվեց մինչև 2022 թ․, երբ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն այցելեց Թուրքիա: Նրա այցը տեղի ունեցավ Անկարայի և տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ Իսրայելի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունների կարգավորման շրջանակում:

Հերցոգի այցից հետո հարաբերություններն արագորեն բարելավվեցին բարձր մակարդակի փոխադարձ այցերով: Թուրքիան և Իսրայելը լիովին վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները՝ անցյալ տարվա օգոստոսին փոխադարձաբար վերանշանակելով դեսպաններին: 2022 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում Էրդողանը հանդիպեց Իսրայելի այն ժամանակվա վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ: Դրանից հետո Իսրայելն ու Թուրքիան հայտնեցին, որ վերսկսում են համագործակցությունը պաշտպանական ոլորտում։

 

Սակայն 2023 թ․ հոկտեմբերի 7-ին Գազայի պատերազմը կրկին սրեց երկկողմ հարաբերությունները։ Այն բացասական ազդեցություն ունեցավ Թուրքիա-Իսրայել հարաբերությունների վրա։ Թուրքիան պատերազմի առաջին օրերին օգտագործեց ավելի հավասարակշռված դիսկուրս։ Գազայի Ալ-Ահլի հիվանդանոցի վրա հարձակումից հետո իրավիճակն ավելի վատացավ, Էրդողանը մեղադրեց Իսրայելին «ցեղասպանությանը» հավասարազոր հարձակումներ կատարելու մեջ։

Ս․թ․ հոկտեմբերի 25-ին Էրդողանը քննադատեց թե՛ Իսրայելին, թե՛ արևմտյան երկրներին, հատկապես ԱՄՆ-ին, և հաստատեց, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջընթաց չի ունենա։

Համագործակցություն ռազմաքաղաքական ոլորտում

Իսրայելի հետ հարաբերությունները Թուրքիային անհրաժեշտ են ռազմատեխնիկական համագործակցության, հետախուզական տվյալների փոխանակման և այլ առումներով: Իր հերթին Իսրայելի համար Թուրքիան անհրաժեշտ է իսլամական աշխարհի հետ իր հարաբերությունների, ՆԱՏՕ-ի միջև համագործակցությանը չխոչընդոտելու և այլ տեսանկյուններից: Իսրայելի և Թուրքիայի շահերը համընկնում են տարածաշրջանում Իրանի ազդեցության աճը թույլ չտալու առումով։ Եվ որպես տարածաշրջանային առաջնորդի դերին հավակնող ուժ՝ Թուրքիայի համար կարևոր է հավասարակշռել այս տարածաշրջանում Իրանի ազդեցությունը։

Ընդհանուր շահերի համատեքստում տարիներ շարունակ երկկողմ հարաբերություններում նկատվել են նաև սերտ համագործակցություններ։ Թուրքիան և Իսրայելը բավական սերտորեն համագործակցում են ռազմական ոլորտում:

•           Իսրայելյան «Tadiran» ընկերությունը 5 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել Թուրքիայի հետ, որով Թուրքիայի օդային ուժերին տրամադրվել են ավիադեսանտային օգնության ուղղաթիռային համակարգեր, որոնք տեղադրվել են ֆրանսիական արտադրության 25 «Cougar» և ԱՄՆ արտադրության 6 «Blackhawk» ուղղաթիռների վրա:

•           Թուրքիան գնել է 200 «Popeye I» տիպի օդ-երկիր 150 կմ հեռահարության հրթիռներ, որոնք կարող են տեղադրվել «F-4» և «F-16»-երի վրա:

•           2007 թվականին Իսրայելը և Թուրքիան քննարկել են Թուրքիային իսրայելական «Օֆեկ» արբանյակների և «Արրո» բալիստիկ հրթիռների վաճառքի հարցը:

•           Իսրայելական պաշտպանական ընկերություններն օգնել են զարգացնել թուրքական օդուժի «F-4 Phantom» նավատորմը:

•           1996 թ․ ռազմական ոլորտում ստորագրված արձանագրությունը ներառում էր օդային, ծովային, ցամաքային և հետախուզական համագործակցություն: Պայմանագրերի շրջանակում եղել է ինքնաթիռների, սպառազինության, հրթիռների արտադրության, ռազմական փոխայցելությունների, ուսուցումների, վարժանքների, դիտորդներ ուղարկելու ծրագրեր ու փոխանակումներ։

•           2011 թվականի սեպտեմբերին Թուրքիայի և Իսրայելի միջև ռազմական համաձայնագրերը կասեցվել են։ 2010 թվականի մարտից Թուրքիան սառեցրել է 16 միլիոնավոր դոլար արժողությամբ անվտանգության պայմանագիրը։ Այն նաև կասեցրել է 5 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիրը 1000 Merkaya Mk 3 տանկի համար:

Թուրք-իսրայելական ռազմական համագործակցության արդյունքում`

•           Իսրայելը շահել է 900 մլն դոլար արժողությամբ տենդերը Թուրքիայի «F-4 Phantoms» և «F-5» ինքնաթիռների արդիականացման համար:

•           Իսրայելը շահել է 500 մլն դոլար արժողությամբ տենդերը Թուրքիայի «M60A1» տանկերի արդիականացման համար:

•           Իսրայելը պատրաստակամություն է հայտնել մատակարարել 500 կմ հեռահարություն ունեցող «Delilah» թևավոր հրթիռներ (բանակցությունների փուլում են):

•           Թուրքիայի և Իսրայելի միջև կնքվել էր համաձայնագիր, ըստ որի՝ տարին ութ անգամ կողմերը պետք է օդաչուներ փոխանակեն: Այս համաձայնագիրը թույլ է տալիս իսրայելցի օդաչուներին վարժանքներ իրականացնել Թուրքիայի Քոնյա ռազմավարժարանում, իսկ թուրք օդաչուներին՝ սովորել Իսրայելի՝ համակարգչային տեխնիկայով հագեցած Նևաթիմ օդանավակայանում:

•           Թուրքական հետևակի «G-3» տիպի փոքր հրացանները փոխարինվել են իսրայելական «Galileo» հրացաններով:

•           Իսրայելն իր «Phalcon» մոդելն ընդգրկել է Թուրքիայի կողմից 800 մլն դոլարի վաղ նախազգուշացման կայանների գնման գործարքում:

•           Իսրայելը Թուրքիայի ԶՈՒ-ին վաճառել է անօդաչու վերերկրյա փոխադրամիջոցներ (Unmanned Aaerial Vehicles):

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն