452

Ինչ ռազմամթերք է Ֆրանսիան ուղարկում Հայաստան 

Օրերս հայտնի դարձավ, որ Ֆրանսիան երկու տասնյակ «Bastion» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներ և դրանց համար նախատեսված սարքավորումներ է ուղարկել Հայաստան Վրաստանով։ Տեղեկությունն այսօր հաստատել է նաև Վրաստանի «Փոթի» նավահանգիստը կառավարող «APM Terminals Poti» ընկերությունը։ 

Հոկտեմբերի 23-ին էլ Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները Փարիզում ստորագրել էին երկկողմ համագործակցության փաստաթղթեր։ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն ավելի ուշ լրատվամիջոցներին հայտնել էր, որ Ֆրանսիան օգնում է Հայաստանին բարելավել իր հակաօդային պաշտպանության ներուժը՝ երեք «GM 200» ռադարների վաճառքի և «Mistral» զենիթային հրթիռների ապագա մատակարարումների վերաբերյալ համաձայնագրի միջոցով։

«Դետք»-ը ուսումնասիրել է բաց աղբյուրներում առկա տեղեկատվությունը վերոնշյալ զինատեսակների, դրանց տեխնիկական բնութագրերի ու արժեքների վերաբերյալ: 

«Bastion» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներ

Image removed.

Ֆրանսիական ժամանակակից զրահամեքենան նախատեսված է հարձակման ժամանակ հետևակային ջոկատի կրակային աջակցության, հետախուզություն իրականացնելու և տարածքի պարեկության համար։

2010 թվականին շուկա դուրս բերված «Bastion» զրահամեքենան մշակվել է VLRA2 արտաճանապարհային բեռնատարի շասսիի հիման վրա։ Նշվում է, որ «Bastion»-ը ստեղծվել է հիմնականում Աֆրիկայում գործող ֆրանսիական հատուկջոկատայինների համար և համապատասխանում է Եվրոպայի, Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի զինված ուժերի բոլոր պահանջներին։ «Bastion»-ը լիովին հարմարեցված է Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի կլիմայական պայմաններին ու կարող է օգտագործվել նաև գիշերային ժամերին: 

Իր հիմնական տարբերակում այս մեքենան ունի բաց վերնամաս թիկունքում, ինչը թույլ է տալիս նրան տեղավորել տարբեր զինատեսակներ (օրինակ՝ 81 մմ տրամաչափի TDA ականանետ)՝ ներառյալ հրթիռային կայաններ, հետախուզական, հսկողության և թիրախային նշանակման համակարգեր:

Համացանցում հրապարակված բաց տեղեկությունների համաձայն` PATSAS մոդիֆիկացիայի մի քանի «Bastion»-ներ օգտագործվել են 2013 թվականին Չադի արագ արձագանքման ուժերի կողմից (D'action Rapide) Մալի ներխուժման համար: Մեքենան օգտագործվել է նաև Կամերունի հյուսիսում Արագ արձագանքման գումարտակի կողմից, իսկ դրա որոշ քանակություն էլ օգտագործել է Սաուդյան Արաբիան 2015 թ. Եմեն ներխուժելու ժամանակ։

2017 թվականի տվյալներով՝ մեկ միավոր «Bastion»-ն արժեցել է 403.000 դոլար:

«GM 200» ռադար

Image removed.

Հայաստանը ձեռք է բերել ֆրանսիական «Thales Group» ընկերության արտադրության երեք «GM 200» (Ground Master) ռադար: Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը Հայաստանի գործընկերոջ հետ համապատասխան պայմանագիրը կնքելուց հետո հայտնել է, որ ֆրանսիական բանակը լայնորեն կիրառում է նշված ռադարները, քանի որ դրանք հայտնաբերման ու վերլուծության մեծ կարողություն ունեն և լավագույնն են շուկայում։ 

«Միջին հզորության այս ռադարները, որոնցից մատակարարել ենք նաև Ուկրաինային, հայտնաբերման նշանակալի կարողություններ ունեն։ Դրանք կարող են 250 կմ հեռավորությունից հայտնաբերել թշնամական ինքնաթիռը, եթե այն թուլացնի արագությունը և իջեցնի բարձրությունը, ինչպես դրոնները, կամ բարձրանալ, ինչպես մարտական ինքնաթիռները»,- հստակեցրել է Սեբաստիեն Լըկորնյուն։

Բաց աղբյուրներում եղած տեղեկության համաձայն՝ «Ground Master 200»-ը (GM 200) բազմաբնույթ մարտավարական 3D միջին հեռահարության հակաօդային պաշտպանության ռադար է: Այն օժտված է բարձր շարժունակությամբ, նախատեսված է ռադարի, կայմի, էներգիայի գեներատորի միավորի (PGU) և գործառնական խցիկի տեղադրման համար՝ երկու օպերատորների տեղավորելու նպատակով 20 ֆուտ ISO ապաստարանում: Փոխադրելի է բեռնատարով և կարող է գործարկվել 15 րոպեի ընթացքում: 

Նշվում է, որ ռադարն ի վիճակի է միաժամանակ դիտարկելու օդը և գետնի մակերևույթը, հայտնաբերելու օդային թիրախներն ուղղահայաց մինչև 24 կմ և հորիզոնական մինչև 250 կմ (մարտական ռեժիմում՝ մինչև 100 կմ)՝ 70 աստիճան ծածկույթի անկյան տակ։

Այս ռադարներից 12 միավոր ունի Նիդեռլանդները, 5 միավոր՝ Նորվեգիան, 2 միավոր՝ Ուկրաինան, 1 միավոր՝ Վրաստանը, և 3 միավոր տրամադրվելու է Հայաստանին: 
Բաց աղբյուրների համաձայն՝ մեկ համակարգի մոտավոր արժեքը կազմում է 14 մլն եվրո։

«Mistral» համակարգեր 

Image removed.

«Mistral» զենիթահրթիռային համակարգն ամերիկյան «Ստինգերի» և ռուսական «Իգլայի» ֆրանսիական անալոգն է: Այն այժմ առկա է Ֆրանսիայի և եվրոպական մի շարք այլ երկրների ԶՈՒ սպառազինությունում: «Mistral» սկսել է շահագործվել 1988 թվականից: Ի տարբերություն ամերիկյան և ռուսական ԶՀՀ-ների՝ այն նախատեսված է հատուկ հաստոցի վրա տեղադրած վիճակում կրակելու համար. «Իգլան» և «Ստինգերը» կրակում են ուսի վրա դրած: 

«Mistral»-ը նախատեսված է խոցելու թիրախները, որոնք գտնվում են ցածր բարձրության վրա (մինչև 3 կմ), մասնավորապես՝ ուղղաթիռներ և ինքնաթիռներ։ Սակայն այս զենքի վերջին փորձարկումները ցույց են տվել, որ այն հեշտությամբ կարող է ոչնչացնել նավերն ու նավակները։
Տարբեր մոդիֆիկացիաների «Mistral» հակաօդային պաշտպանության համակարգը սպասարկում է 25 երկրների ցամաքային և ռազմածովային ուժեր՝ Բելգիա, Չիլի, Կիպրոս, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Ինդոնեզիա, Նոր Զելանդիա, Օման, Սինգապուր, ԱՄԷ և այլն:

Բաց աղբյուրներից հայտնի դարձավ, որ նշված զենիթահրթիռային համակարգի արժեքը գաղտնի է, սակայն համալիրի մեկ հրթիռի արժեքը 300 հազար եվրո է։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն