Ինչպե՞ս քարոզել պատերազմ. մաս 1՝ սովետական քարոզչություն

Ինչպե՞ս քարոզել պատերազմ. մաս 1՝ սովետական քարոզչություն

Հեղինակ
Մարինե Առաքելյան

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զինված ուժերի և բնակչության մոբիլիզացման, ինչպես նաև թշնամու բանակի և օկուպացված տարածքների բնակչության վրա ազդելու անհրաժեշտությունը հանգեցրին պատերազմող երկրներում քարոզչական տարբեր տեխնոլոգիաների ծաղկմանը: Քարոզչությունը պատերազմող պետության ազդեցության ամենաուժեղ գործիքներից մեկն է, որը ոչ միայն ապահովում է, որ ռազմաճակատում զինվորի ոգու տոկունությունն ու պատրաստակամությունը պայքարեն մինչև վերջ, այլև ապահովում է թիկունքի արդյունավետ ու անձնվեր աշխատանքը։ Այս գործիքը դարձել ու մինչև օրս էլ մնում է բուն պատերազմի անբաժանելի մասը՝ երբեմն հաջողելով ավելի շատ, քան զինվորը։ 

Պատերազմող երկրների քարոզչամեքենան ներառում էր ոչ միայն պաստառներ և թռուցիկներ, այլև ձայնագրություններ, ռադիոհաղորդումներ, ուղղակի քարոզչական աուդիոհեռարձակումներ թշնամու խրամատներում և կոլաբորացիոնիստական կազմակերպությունների ստեղծում: Սա թշնամու վրա հոգեբանական ճնշման, իսկ յուրայինի համար ոգեկոչման գերազանց աշխատող մեխանիզմ էր։ 

«Դետքի» հոդվածաշարում անդրադառնալու ենք տարբեր երկրների վերբալ զենքերին ու դրանց օգտագործման ձևերին՝ ցույց տալով, թե որքան հզոր զենք կարող է լինել քարոզչությունը։

Մաս 1. Քարոզչություն սովետական ոճով

1933-1941 թվականներին նացիստական ​​Գերմանիային որպես թշնամի ներկայացնելու և մարդանց մեջ վերջինիս հանդեպ ատելություն սերմանելու պարտականությունը ստանձնել էին Բոլշևիկների համամիութենական կոմկուսի կենտկոմի քարոզչության և ագիտացիայի բաժինն ու Կարմիր բանակի գլխավոր քաղաքական տնօրինության թշնամական զորքերի հետ աշխատանքի վարչությունը։ Գիտակցելով քարոզչական պատերազմի կարևորությունը՝ այս գործի համար աշխատանքներն օր ու գիշեր չէին դադարում, և դրան լծված էին լավագույն մասնագետները։

Պարբերական մամուլը խորհրդային քարոզչության առաջատար ձևն էր, որն արտացոլում էր ինչպես պաշտոնական իշխանությունների տեսակետը, այնպես էլ զանգվածային տրամադրությունները։ Խորհրդային քարոզչության արդյունքում ձևավորված թշնամու կերպարը՝ ի դեմս Գերմանիայի, նացիստական ​​վերնախավի և նացիզմի, բայց ոչ գերմանական ժողովրդի, կարևոր գործոն էր ԽՍՀՄ-ն բարոյապես և քաղաքականապես պատերազմին նախապատրաստելու գործում: Խորհրդային քարոզչության ամենաէական բաղադրիչը ռասիզմի, նացիզմի, հակասեմիտիզմի և շովինիզմի կտրուկ մերժումն էր, որն արվում էր թշնամուն հնարավոր բոլոր ոլորտներում մեղավոր ճանաչելու համար։

Այսօր գերմանացու սպանե՞լ ես

Այսօր գերմանացու սպանե՞լ ես

Պատերազմի տարիներին տարբեր հանրապետություններից խորհրդային բազմաթիվ արվեստագետներ զբաղվում էին քարոզչական պաստառների ստեղծմամբ, քարոզչական նյութերի տպագրությամբ, որոնք դաստիարակում ու ներշնչում էին հատուկ մտածելակերպ և առաջնագծի զինվորների հանդեպ յուրահատուկ վերաբերմունք։ Ի դեպ, խորհրդային քարոզչամեքենան աշխատում էր երկու ուղղությամբ՝ իր քարոզչական ձեռքերը հավասարապես ուղղելով թե՛ սեփական բնակչությանը, թե՛ բանակին։

Կարմիրբանակայի՛ն, որոշիր՝ մա՞հ, թե՞ կյանք

Կարմիրբանակայի՛ն, որոշիր՝ մա՞հ, թե՞ կյանք 

Սեփական ազգաբնակչությանն ու բանակին ուղղված քարոզչություն

Պատերազմում ներգրավված երկրների բնակիչները կանգնում են առողջության և կյանքի կորստի, սպառման մակարդակի կտրուկ նվազման և իրենց սովորական սոցիալական միջավայրի ոչնչացման վտանգի առաջ։ Քարոզչական աշխատանքը նպատակաուղղված պետք է լինի նվազեցնելու սոցիալական սթրեսի մակարդակն ու նպաստելու բանակում բարոյահոգեբանական վիճակի և թիկունքում արդյունավետության բարձրացմանը:   

Ավելացնենք ուժերը թշնամու դեմ պայքարում, օգնենք առաջնագծին մեր գործով

Ավելացնենք ուժերը թշնամու դեմ պայքարում, օգնենք առաջնագծին մեր գործով

Այս աշխատանքի համար իրականացվող բոլոր քայլերն ուղղված էին սրբացնելու «մերոնց» և ատելություն սահմանելու «մյուսների» նկատմամբ։

Մենք ու նրանք

Մենք ու նրանք

«Մերոնք» քարոզչական նյութերում հանդես էին գալիս որպես ուժեղ, ինքնավստահ մարդիկ, որոնք պայքարում էին հայրենակիցների կյանքի համար։ Այդ նյութերում լայնորեն կիրառվում էին ռազմաճակատում կրած հաղթանակներն ու նվաճումները, մամուլում տպագրվում էին նյութեր հերոսների կյանքի ու պայքարի մասին, գրեթե ոչ մի տեղ չէին երևում կորուստները։  

Դու, ինչո՞վ ես օգնել հայրենիքին

Դո՛ւ, ինչո՞վ ես օգնել հայրենիքին

Որպես գործիք օգտագործվում էր ամեն ինչ՝ երբեմն Ռուսական կայսրության պատմական ժառանգությունը, հայտնի զինվորականների անուններով մեդալները, նույնիսկ եկեղեցին։ Քարոզչական բոլոր հաղորդագրությունները՝ լուրեր, ռադիոհաղորդումներ, մամուլ, պաստառներ, պարունակում էին սովետական զինվորի համար ուղերձ՝ կա՛մ պայքար, կա՛մ մահ։ Ազգաբնակչության համար բոլոր հնարավոր ամբիոններից հնչում էր ամենակարևոր հարցը՝ ի՞նչ ես դու արել այսօր հայրենիքի համար։

Թշնամու ազգաբնակչությանն ու բանակին ուղղված քարոզչություն

Բացի ներքին լսարանում մարտական ոգին բարձրացնելուց ու թիկունքի աշխատանքը հնարավորինս լավ կազմակերպելուց՝ սովետական քարոզչությունն ուղղված էր նաև թնամիներին թևաթափ անելուն, նրանց մեջ զենքը վայր դնելու և կռվից հրաժարվելու ցանկություն առաջացնելուն։

Գերամանացի զինովոր, տես, թե ով է մեղավոր այս պատերազմի մեջ․ Կորչի՛ Հիտլերն ու իր ֆաշիստական ավազակախումբը

«Գերամանացի զինովոր, տես, թե ով է մեղավոր այս պատերազմի մեջ․ Կորչի՛ Հիտլերն ու իր ֆաշիստական ավազակախումբը»

Հակառակորդի դեմ քարոզչական աշխատանքների նպատակն էր թուլացնել նրա ոգին, բարոյալքել, ստիպել հրաժարվել զինված պայքարից և հանձնվել։ Այդ նպատակով առաջնագծում բարձրախոսների միջոցով հեռարձակվում էին քարոզչական հաղորդումներ, հնչեցվում էին հանձնվելու կոչեր, ինքնաթիռներով բաժանվում էին թռուցիկներ։ Ամենից հաճախ նման նյութերը պարունակում էին դիմադրության վտանգի կամ անիմաստության գաղափարը: Քարոզիչները թշնամու զինվորներին հայտնում էին, որ պայքարը շարունակելու դեպքում նրանց մահ է սպառնում, իսկ հանձնվելու դեպքում՝ խաղաղ ու անհոգ կյանք։ Այդ քարոզչության հիմնական գաղափարներից էր նաև այն, որ թշնամի զինվորը կարող է թողնել զենքն ու ողջ-առողջ վերադառնալ ընտանիք, որտեղ իրեն սպասում են։

Ուրախ դեմքերով գերի ընկած գերմանացի զինվորները խորհրդային պաստառի մոտ՝ «Հայրենիք տանող ամենակարճ ճանապարհը ռուսական գերությունն է» գրությամբ։

Ուրախ դեմքերով գերի ընկած գերմանացի զինվորները խորհրդային պաստառի մոտ՝ «Հայրենիք տանող ամենակարճ ճանապարհը ռուսական գերությունն է» գրությամբ։

Խորհրդային քարոզչամեքենան, անշուշտ, աշխատում էր անխափան, սա էր պատճառը, որ այդ քարոզչամեքենայի հեղինակներն ու ձայները դարձան թշնամու համար իրական վտանգ ներկայացնող սուբյեկտներ։ Որոշ նկարիչների, հաղորդավարների ու երգիչների համար սահմանվեց բարձր գլխագին։

Սակայն սա չկանգնեցրեց Խորհրդային միության քարոզչությունը։ Բնակարաններում օրը սկսվում էր «Говорит Москва» հայտարարությամբ, պարբերականներում տպագրվում էին Էրենբուրգի հոդվածները, ռադիոյով ամեն օր հնչում էր «Սրբազան պատերազմ» երգը։ Ի վերջո քարոզչությունը դարձավ բաղձալի հաղթանակին հասնելու ամենաարդյունավետ գործիքներից մեկը։

Հայրենիքը կանչում էՀայրենիքը կանչում է

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author