ՆԱՏՕ-ն «Ժամանակի դեմ մրցավազքում»՝ պատրաստվելու Ռուսաստանի հետ առճակատմանը
ՆԱՏՕ-ն պետք է ի վիճակի լինի մեծ պատերազմ մղելու Ռուսաստանի դեմ 5-9 տարվա ընթացքում՝ կասեցնելու Մոսկվայի «հնարավորությունների պատուհանն» Ուկրաինայի դեմ իր անժամկետ պատերազմում, որը տանում է դեպի ավելի լայն առճակատում արևմտյան դաշինքի հետ, նախազգուշացվում է «Newsweek»-ի նոր զեկույցում:
ՆԱՏՕ-ն ռիսկի է դիմում Ռուսաստանի հետ «բռնոցի» խաղալ՝ չնայած Մոսկվայի աղետալի պատերազմին Ուկրաինայում, ասվում է արտաքին հարաբերությունների գերմանական խորհրդի վերլուծական կենտրոնի կողմից այս ամսվա սկզբին հրապարակված առաջարկի մեջ: Ըստ վերջինիս՝ Ռուսաստանը «ներկայացնում է ամենամեծ և ամենահրատապ սպառնալիքը ՆԱՏՕ-ի երկրների համար»:
Դաշինքը ժամանակի դեմ մրցավազքի մեջ է․ «Երբ Ուկրաինայում ավարտվեն ինտենսիվ մարտերը, Մոսկվայի վարչակարգից կարող է պահանջվել 6-10 տարի՝ իր զինված ուժերը վերականգնելու համար: Այդ ժամկետում Գերմանիան և ՆԱՏՕ-ն պետք է հնարավորություն տան իրենց զինված ուժերին զսպելու և, անհրաժեշտության դեպքում, պայքարելու Ռուսաստանի դեմ։ Միայն այդ դեպքում նրանք կկարողանան նվազեցնել Եվրոպայում հերթական պատերազմի բռնկման վտանգը»:
Ըստ զեկույցի՝ եթե Մոսկվային հաջողվի իր զինված ուժերի վիճակը կարգավորել ընդամենը վեց տարի հետո, ապա ՆԱՏՕ-ի դեպքում ավելի ու ավելի անհնարին կլինի հասնել դրան:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց ներխուժումն Ուկրաինա բազմիցս որակել են որպես պատերազմ «հավաքական Արևմուտքի» դեմ՝ դա համարելով կանխարգելիչ հարված Ամերիկայի գլխավորած դաշինքին, որը ձգտում է ճնշել և քայքայել Ռուսաստանը:
Մինչ այժմ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև անախորժ խաղաղությունը պահպանվել է: Նույնիսկ այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ի զենքերը փոշիացնում են Ուկրաինայում ռուսական ստորաբաժանումները, Մոսկվան ձեռնամուխ է եղել միայն միջուկային հարվածների սպառնալիքների: Թեև ՆԱՏՕ-ն ընդլայնվում է դեպի ավելի շատ ռուսական սահմաններ և սեղմում է Մոսկվայի ռազմավարական օղակները Եվրամիության օգնությամբ, երկու կողմերն էլ կարծես թե հավատարիմ են սառը, այլ ոչ թե թեժ պատերազմի:
«Նրանք չեն կարծում, որ սա պատերազմ է ՆԱՏՕ-ի դեմ,- «Newsweek»-ին ասել է «Crisis Group» վերլուծական կենտրոնի Ռուսաստանի գծով ավագ վերլուծաբան Օլեգ Իգնատովը։- Նրանք չեն ցանկանում այս հակամարտությունը: Եվ ես կարծում եմ, որ նրանց բոլոր միջուկային սպառնալիքներն ազդանշան են ՆԱՏՕ-ին ուղղակիորեն չմիջամտելու համար»:
Անդրադառնալով Ռուսաստանի և արևմտյան բլոկի միջև հնարավոր բախմանը՝ Իգնատովն ասել է, որ դա իսկական մղձավանջ կլինի․ «Ե՛վ ՆԱՏՕ-ն, և՛ Ռուսաստանն այս պատերազմի սկզբից ամեն ինչ անում են ուղղակի հակամարտությունը կանխելու համար»։
Ավելացնել նոր մեկնաբանություն