42

Ինչ ռազմատեխնիկա է Հայաստանը գնում Հնդկաստանից  

Վերջին ամիսներին ակտիվ քննարկվում է Հնդկաստանից ռազմատեխնիկայի ձեռքբերման թեման: Թեև Հայաստանի իշխանությունները պաշտոնապես չեն հաստատել մատակարարումների մասին լուրերը, սակայն դրանց վերաբերյալ տեղեկությամբ են կիսվում հնդկական լրատվամիջոցները: «Դետք»-ը ուսումնասիրել է բաց աղբյուրներում եղած տեղեկությունն այն զինատեսակների մասին, որոնք, ըստ լուրերի, Հայաստանը ձեռք է բերել Հնդկաստանից: 

«MArG 155» անվավոր ինքնագնաց հաուբիցներ

Image removed.

Ամենաթարմ տեղեկությունը Հնդկաստանից զինտեխնիկայի գնման մասին հրապարակվեց օրերս՝ նոյեմբերի 19-ին: idrw.org (Indian Defense Research Wing) պորտալը հաղորդում էր, որ հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական «Bharat Forge» ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված «MArG 155» անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: 

Այն արդիական հրետանային համակարգ է՝ 155 միլիմետր/39 տրամաչափի թնդանոթով: Քարշակող 4 անիվներով համակարգը բացառիկ մանևրելիություն է ապահովում ցանկացած տեղանքում: Նշվում է, որ մինչև 30 աստիճան անկյունները հաղթահարելու, «կրակել և փախչելու» կարողություններն այն դարձնում են ունիվերսալ և ահեղ զենք մարտական ժամանակակից սցենարներում:

Բաց աղբյուրներում եղած տեղեկության համաձայն՝ «MArG 155-ն» ունակ է երկարաժամկետ կրակ վարելու 60 րոպեում 42 կրակոց արագությամբ, ինտենսիվ կրակի ռեժիմում կրակի արագությունը 12 կրակոց է երեք րոպեում, իսկ առաջին երեք կրակոցը, ըստ լուրերի, առաջին 30 վայրկյանում է։ Հրացանի բարձրության առավելագույն անկյունը 72 աստիճան է, կրակելը հնարավոր է կենտրոնական հարթությունից 25 աստիճանի հատվածներում։
Զինտեխնիկայի գնի վերաբերյալ տվյալներ չեն նշվում: 

«Pinaka» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր

Image removed.

«The Economic Times»-ը դեռ նախորդ տարի հայտնել էր, որ Հայաստանը պատվիրել է «Pinaka»-ի 4 մարտկոց, որոնցից 2-ն առաքվելու են սկզբում, իսկ ևս 2-ը՝ հետո: «Pinaka»-ն ունի երկու տարբերակ՝ 122 մմ և 214 մմ տրամաչափով: Ի դեպ, դրանցից առաջինը համապատասխանում է ռուսական «Գրադին»։ 

Նշվում է, որ «Pinaka»-ի հրթիռի առավելագույն խոցման հեռավորությունը 37.5-ից մինչև 75 կմ է՝ կախված տեսակից։ «Pinaka» ՀԿՌՀ-ն 44 վայրկյանում կարող է 12 հրթիռ արձակել: Հնդկական համազարկային կրակի ռեակտիվ համակարգը բաղկացած է վեց կայանքից, վեց վերալիցքաթափման տրանսպորտային միջոցից և հրամանատարական մեքենայից, կրակի կառավարման համակարգից և ռադարից։

Համակարգն օգտագործվում է 30-40 կիլոմետր շառավղով հրետանային գործողություններին աջակցելու համար։ Վերջին փորձարկումների ժամանակ օգտագործվել են 70 կիլոմետր բարձրացված հեռահարությամբ լիցքեր։ «Pinaka» բազմակի արձակման հրթիռային համակարգի հիմնական առավելություններն են նրա շրջադարձի արագությունը և կրակի արագությունը: Բոլոր հրթիռները կարող են արձակվել 50 վայրկյանից պակաս ժամանակում։

Այս զինատեսակի գնի վերաբերյալ տվյալներ ևս չեն հրապարակվել: 

«Akash» հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համալիրներ

Image removed.

Համալիրները նախատեսված են փոքր և միջին՝ 3.5-ից 20 կիլոմետր հեռավորությամբ տարածությունների համար։ 

Նախատեսված է մինչև 8 միավոր գերբեռնվածությամբ մանևրող աերոդինամիկ օդային թիրախներ ոչնչացնելու համար՝ հակառակորդի կողմից էլեկտրոնային ճնշող միջոցների ակտիվ կիրառման պայմաններում։ Համալիրն ապահովում է օբյեկտների և զորքերի խմբերի հակաօդային պաշտպանություն:

«Akash» զենիթային կառավարվող հրթիռն արտաքին տեսքով և դիզայնով նման է ռուսական «Կուբ» միջին հեռահարության համալիրի հրթիռին։ Այն պատրաստված է «պտտվող թևի» սխեմայով: Հրթիռի միջին մասում տեղակայված չորս աերոդինամիկ մակերեսներ ծառայում են որպես թև և ղեկ։

«Akash» համալիրը ներառում է կրակի կառավարման վահանակ, «Rajendra» բազմաֆունկցիոնալ ռադիոտեղորոշիչ կայան, արձակման շարժական կայանքներ՝ յուրաքանչյուրի վրա երեք զենիթային կառավարվող հրթիռով, ինչպես նաև կապի և պահպանության մեքենաներ։
Այս զինատեսակի գնի վերաբերյալ թարմ տվյալներ չկան: 2009 թվականի հրապարակումներից մեկի համաձայն՝ այն ժամանակ հակաօդային պաշտպանության մեկ համակարգի արժեքը, ըստ հնդկական լրատվամիջոցների, կազմել է մոտ 260 հազար դոլար։

Շարունակելի 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն