Ի՞նչ է հայտնի Թուրքիայում ՀԱՄԱՍ-ի ներկայության մասին

Ի՞նչ է հայտնի Թուրքիայում ՀԱՄԱՍ-ի ներկայության մասին

Թուրքիան այն երկրների թվում է, որոնք ՀԱՄԱՍ-ը համարում են օրինական կազմակերպություն, ոչ թե ահաբեկչական։

ՀԱՄԱՍ-ը չունի պաշտոնական քաղաքական գրասենյակ, որը գործում է Թուրքիայում, ինչպես ունի, օրինակ, Կատարի մայրաքաղաք Դոհայում։

Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին ՀԱՄԱՍ-ի որոշ պաշտոնյաներ հաճախակի են այցելել Թուրքիա կամ մնացել այնտեղ տարբեր ժամանակահատվածով։

Հետաքրքիր է՝ արդյոք այս իրավիճակը կշարունակվի՞ ՀԱՄԱՍ-ի կողմից հոկտեմբերի 7-ին սկսված հարձակումների նոր շրջանում։

Վերջերս թուրքական և միջազգային լրատվամիջոցներում որոշ լուրեր են տարածվել, որոնց համաձայն՝ ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեն և ՀԱՄԱՍ-ի որոշ պաշտոնյաներ հոկտեմբերի 7-ին գտնվել են Ստամբուլում։

Ո՛չ ՀԱՄԱՍ-ը, ո՛չ թուրք պաշտոնյաներն այս լուրերի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չեն արել։ Այնուամենայնիվ, բաց աղբյուրներից հասանելի որոշ տվյալներ մատնանշում են այս տեղեկության հավանական լինելը:

Դրանցից մեկն այն է, որ հոկտեմբերի 7-ի հարձակումներից անմիջապես հետո «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին Հանիեի տված հարցազրույցի ժամանակ էկրանին գրված է եղել «Ստամբուլ»։

Երկրորդն այն է, որ մինչ հոկտեմբերի 7-ի հարձակումները տարածվում էին տեսանյութեր, որտեղ Հանիեն աղոթում էր մի սենյակում, որտեղ կար թուրքական փոքրիկ դրոշ:

 

 

Արդյո՞ք Անկարան խնդրել է Հանիեին և ՀԱՄԱՍ-ի մյուս առաջնորդներին լքել Թուրքիան:

 

Մյուս պնդումը, որ ի հայտ է եկել վերջին օրերին, այն է, որ հոկտեմբերի 7-ի հարձակումներից հետո թուրքական իշխանությունները խնդրել են Իսմայիլ Հանիեին և ՀԱՄԱՍ-ի ղեկավարներին, որոնք այդ պահին գտնվել են Թուրքիայում, լքել երկիրը։

Այս պնդումներից հետո հայտարարություն է տարածվել Թուրքիայի նախագահության ապատեղեկատվության դեմ պայքարի կապի կենտրոնի X սոցցանցի (նախկին «Թվիթեր») էջում։

Ուշագրավ է, որ հայտարարությունն արաբերեն է։

Հայտարարության մեջ ասվում է. «Անհիմն են այն պնդումները, թե նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին հրահանգել է անհապաղ հեռանալ Թուրքիայից»։

 «Al Monitor» լրատվականն ու լրատվական այլ կայքեր գրել են, որ իրենց իսկ  աղբյուրները հաստատել են այն պնդումը, թե ՀԱՄԱՍ-ի առաջնորդները լքել են Թուրքիան թուրք պաշտոնյաների խնդրանքով։

«BBC Turkish»-ի հետ զրույցում ՀԱՄԱՍ-ին մոտ կանգնած աղբյուրն ասել է, որ այն պնդումը, թե Անկարան ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաներին խնդրել է լքել երկիրը, «բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»:

Վերոնշյալ աղբյուրը գրել է․ «Կան ՀԱՄԱՍ-ի և Թուրքիայի հարաբերությունները վատթարացնողներ, և հենց նրանք են, որ ուզում են տարաձայնություններ առաջացնել»։

«BBC Turkish»-ի հետ զրույցում ՀԱՄԱՍ-ին մոտ կանգնած աղբյուրը խոսել է ՀԱՄԱՍ-ի հետ Թուրքիայի շփումներից՝ նշելով, որ Թուրքիան բանակցություններ է վարում բոլոր կողմերի հետ։ ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները շարունակվում են ինտենսիվորեն։

 

 

Էրդողանի հայտարարությունը՝ «ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն չէ»

 

Անկարան, որը ճգնաժամի առաջին օրերին օգտագործեց ավելի հավասարակշռված դիսկուրս և փորձեց արդյունավետ դիվանագիտության միջոցով դադարեցնել պատերազմը մինչև դրա տարածումը, խստացրեց իր որդեգրած քաղաքականությունը հոկտեմբերի 17-ին Գազայի Ալ-Ահլի հիվանդանոցում պայթյունից հետո:

Պաղեստինցի պաշտոնյաները հայտարարեցին, որ իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է մոտ 500 մարդ, Իսրայելը պայթյունի համար պատասխանատու է համարում «Իսլամական ջիհադ» կազմակերպությանը, իսկ կազմակերպությունը հերքում է Իսրայելի մեղադրանքը։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱԶԿ-ի խորհրդարանական խմբի նիստում իր ելույթում ասել է. «Ո՛վ Իսրայել, դու կարող ես կազմակերպություն դառնալ, քանի որ Արևմուտքը քեզ շատ բան է պարտական։ Բայց Թուրքիան ձեզ ոչինչ պարտական չէ։ Արևմուտքը ՀԱՄԱՍ-ը համարում է ահաբեկչական կազմակերպություն։

«ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն չէ, այն ազատագրական և մոջահեդների խմբավորում է, որը փորձում է պաշտպանել իր հողերը»,- ընդգծել է թուրք առաջնորդը։

Նշելով, որ ինքը չեղարկել է «Իսրայել գնալու ծրագիրը», Էրդողանն ասել է, որ Թուրքիան Իսրայել պետության հետ խնդիր չունի, սակայն Իսրայելը Պաղեստինի դեմ «գործում է կազմակերպության պես»։

Իսրայելն արձագանքել է Էրդողանի հայտարարություններին։ Իսրայելի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լիոր Հայաթը X-ի օգտահաշվում իր հայտարարության մեջ նշել է, որ իրենք չեն ընդունում նախագահ Էրդողանի խոսքերը։

Հայաթն ասել է. «ՀԱՄԱՍ-ն ավելի վատն է, քան ԴԱԻՇ-ը, որը դաժանորեն և դիտավորյալ սպանում է երեխաներին, կանանց և ծերերին, պատանդ է վերցնում խաղաղ բնակիչներին և օգտագործում իր ժողովրդին որպես կենդանի վահան։ Նույնիսկ Թուրքիայի նախագահի փորձը՝ պաշտպանել ահաբեկչին, չի փոխի աշխարհի տեսած դաժանությունը և բացարձակ ճշմարտությունը. ՀԱՄԱՍ-ը հավասար է ԴԱԻՇ-ին»:

Ավելացնել նոր մեկնաբանություն