1920 թ. այս օրը կնքվեց տխրահռչակ Ալեքսանդրապոլի պայմանագիրը,

1920 թ. այս օրը կնքվեց Ալեքսանդրապոլի տխրահռչակ պայմանագիրը

Ալեքսանդրապոլի պայմանագիր, 1920 թ. դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Հայաստանի Հանրապետության և Քեմալական Թուրքիայի միջև ստորագրված հաշտության պայմանագիր։

Կնքվել է 1920 թ. հայ-թուրքական պատերազմում հայկական կողմի կրած պարտության արդյունքում։ Թուրքիայի կողմից այն ստորագրել է թուրքական բանակի հրամանատար Քյազըմ Քարաբեքիրը, հայկական կողմից՝ Ալեքսանդր Խատիսյանը։

Պայմանագրով Թուրքիային էին անցնում Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ, որոնց հետագա ճակատագիրը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով։ Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքից, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացիրի չափով։ Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին ներքին և արտաքին վտանգի դեպքում` ըստ հայկական կառավարության դիմումի։ Հայաստանի կառավարությունը հրաժարվում էր Սևրի պայմանագրից։ Թուրքիան իրավունք էր ստանում վերահսկելու Հայաստանի տարածքով անցնող երկաթուղիներն ու հաղորդակցության ճանապարհները, ռազմական միջոցառումներ իրականացնելու երկրի ներսում։ Առկա էին այլ` Հայաստանի համար ոչ բարենպաստ դրույթներ։ Ալեքսանդրապոլի պայմանագիրը պետք է վավերացվեր կնքումից մեկ ամիս հետո, սակայն Հայաստանի խորհրդային կառավարությունը, որն անցել էր իշխանության գլուխ գրեթե միաժամանակ պայմանագրի կնքման հետ, այն չճանաչեց։

Այս փաստաթուղթը փոխարինվեց 1921 թ. հոկտեմբերի 13-ին Կարսում կնքված պայմանագրով։ Ինչպես խորհրդային, այնպես էլ ժամանակակից հայ պատմաբանների ճնշող մեծամասնությունը խիստ քննադատաբար է մոտենում դաշնակցական կառավարության կողմից այդ պայմանագրի կնքման փաստին՝ այն որակելով որպես խայտառակ, անօրինական և ամոթալի։

Ըստ միջազգային իրավունքի մասնագետ Արա Պապյանի` «Ալեքսանդրապոլի պայմանագիրն անօրինական է ու անվավեր, նախ այն պատճառով, որ կնքող կողմերից և ոչ մէկը չի ունեցել դրա իրավասությունը: Երկու կողմերն էլ գործել են «ultra vires», այսինքն՝ ակնյայտօրեն գերազանցել են իրենց իրավասությունները: Ալեքսանդրապոլի պայմանագիրն անօրինական է նաև այն պատճառով, որ ստորագրւել է միջազգային իրաւունքի սկզբունքները ոտնահարող ուժի կիրառման բացայայտ սպառնալիքով»:

Ավելացնել նոր մեկնաբանություն