fgföıy

Հայկական թեմատիկան թուրքական սերիալներում

Ֆիլմերը համարվում են «փափուկ ուժի» կիրառման կարևորագույն ռեսուրս։ Թուրքական սերիալների բովանդակության ձևավորման գործում կարևորագույն դերակատարում ունի քաղաքական պատվերը։

Թարգմանվելով մի քանի լեզուներով և տարածում գտնելով տարբեր երկրներում՝ թուրքական սերիալները փոխում են թուրքական պետության մասին իրական պատկերացումները: Այդ սերիալները չնայելու պատճառները բազմաթիվ են։ Հատկապես պատմական սերիալներում պատմությունը կեղծված է և ներկայացված այնպիսին, ինչպիսին հարմար է թուրքական իշխանությանը։

Պատմական սերիալներից հատկապես մեծ հաջողություն է վայելել «Փառահեղ դարը», որը նվիրված է սուլթան Սուլեյմանի կառավարման տարիներին։ Սերիալում սուլթանը ներկայացված է ասպետական ազնիվ մղումներով, այնինչ իրականում դա ցեղասպանությունների դարաշրջան էր, և օսմանյան զորքերը գրավում էին հսկայածավալ տարածքներ թե՛  արևելքում, թե՛ արևմուտքում, հասել էին ընդհուպ Վիեննա: Այս արշավանքներն ուղեկցվում էին ցեղասպանությամբ, բռնի կրոնափոխությամբ: 

Աբդուլ Համիդին նվիրված ֆիլմը ևս մեծ աղմուկ է բարձրացրել:  Սերիալում հայերը ներկայացվում են որպես դավաճաններ, թիկունքից հարվածողներ: Նման սերիալները պատմությունից լիովին կամ մասամբ անտեղյակ լայն զանգվածների վրա ներգործելու մեծ ներուժ ունեն: Հատկանշական է, որ Աբդուլ Համիդի մասին սերիալում սուլթանի համար երգում են «Այ Լաչին» երգը (Ay Laçın, can Laçın, men sene kurban Laçın): Երգի կատարման ժամանակ սուլթանի մոտ է գալիս ցարական Ռուսաստանի դեսպանը և լսում ադրբեջանական այդ երգը: Դեսպանն իրեն դիմավորող փաշային հարցնում է. «Սա ադրբեջանակա՞ն երգ է»։ Փաշան պատասխանում է, որ թուրքերը երբեք չեն մոռացել Բաքուն, սուլթանը՝ նույնպես։ Երբ դեսպանը հանդիպում է Աբդուլ Համիդին, վերջինս հայտնում է, որ ցանկանում է դիվանագիտական նոր հարաբերություններ սկսել ցարական Ռուսաստանի հետ։ Դեսպանն  ասում է, որ սուլթանի լսած երգերից եզրակացնում է՝ թուրքերը դեռևս երազում են Բաքվի մասին։ Սուլթանը պատասխանում է. «Քանի դեռ Բաքվում երեխաները խոսում են թուրքերեն, իսկ մզկիթներում հնչում է էզան, այն միշտ կլինի մեր սրտերում»։ 
Պատմությունից հայտնի է, որ Աբդուլ Համիդն արյունարբու կառավարող է եղել. հենց նա է իրականացրել հայերի առաջին զանգվածային կոտորածը, և այն հատկանիշները, որոնք ֆիլմում վերագրվում են ցեղասպան սուլթանին, ամենևին էլ չեն համապատասխանում իրականությանը։

«Կազմակերպություն» սերիալը նվիրված է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության գործունեությանը։ Հատկանշական է, որ վերոնշյալ ֆիլմում անդրադարձ կա նաև ԱՍԱLԱ-ի գործունեությանը: Ինչպես «Կազմակերպություն» սերիալում, Թուրքիայի իրականացրած և իրականացվող բոլոր գործողությունները, որոնք զավթողական բնույթ ունեն, օրինակ՝ Սիրիա ապօրինի ներխուժումը, ներկայացված են «արդարացնող» բազմաթիվ փաստարկներով, օրինակ՝ որպես ահաբեկչության դեմ պայքար: 
Թուրքական որոշ սերիալներում ցուցադրված է թուրք-ադրբեջանական եղբայրությունը։ Այդպիսի սերիալներում հաճախակի է հիշատակվում «մեկ ազգ, երկու պետություն» կոնցեպտը։

Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն փաստին, որ «Մարտիկը» սերիալում հատուկ նշանակության ջոկատի հրամանատարը, խոսելով մարտիկների հետ, նշում է, որ Ադրբեջանը, ինչպես և Թուրքիան, պայքարում է ահաբեկչության և անջատողականության դեմ։ Հրամանատարը հետևյալ խոսքերն է ասում. «Թուրքիան երկար տարիներ պայքարում է անջատողական ահաբեկչական կազմակերպությունների դեմ, Ադրբեջանը նույնպես բախվում է տարբեր խնդիրների, որոնցից գլխավորը Ղարաբաղի հարցն է։ Բայց թող բոլորն իմանան, որ թշնամին ինչ էլ անի, այս երկու պետությունները, այս համախմբված ժողովուրդը միշտ ոտքի են կանգնելու և հասնելու բոլոր նպատակներին»։ Այս տեսարանի վերջում երևում են մարտիկները՝ ձեռքներին Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշները և 7 թուղթ, որոնցից յուրաքանչյուրի վրա տպված են «Ղարաբաղ» բառը կազմող տառերը։

«Իմ հայրենիքը դու ես» թուրքական սերիալում ներկայացված են Իզմիրում հույների կողմից թուրքերի հանդեպ իբրև իրականացված բարբարոսությունները։ Այդ նպատակով կիրառվել է Առաջին աշխարհամարտի տարիներին և դրանից հետո հայերի ու հույների նկատմամբ իրականացված ցեղասպանական ողջ գործիքակազմը։ Այս սերիալում հայերը պատկերված են որպես զավթիչներ։

«Թակիր դուռս» ռոմանտիկ կատակերգական ժանրի սերիալում խոսվում է հայ ոսկերչի մասին, որը սերիալի հերոսուհու համար մատանի է պատրաստել։ Սերիալի հերոսը մատանին հերոսուհուն նվիրելիս շեշտում է, որ մատանին հայ ոսկերիչ է պատրաստել, ինչպես նաև ասում է, որ ընտրել է հենց այդ մատանին, որպեսզի հերոսուհին մատանին կրելիս միշտ հիշի իրեն և չմոռանա։ Մատանին անմոռուկի տեսք ուներ։ Սերիալի ցուցադրումից հետո Թուրքիայում և Ադրբեջանում բավականին շատ դժգոհություններ առաջացան՝ անմոռուկի պատկերով մատանու հետ կապված։

Խեղաթյուրված պատմությամբ լեցուն սերիալների նման հաջողությունը նպաստում է նաև թուրքերենի, թուրքական մշակույթի նկատմամբ հետաքրքրության աճին, աշխարհում թուրքի դրական կերպարի ձևավորմանը, խթանում է զբոսաշրջությունը և այլն։ Սերիալներից ստացված եկամուտի մի մասը կազմում է Թուրքիայի բյուջեն, իսկ թե ինչ ուղղություններով է ուղղվում թուրքական բյուջեն, ակնհայտ է։ 

Ավելացնել նոր մեկնաբանություն