asyh

Ադրբեջանական դասագրքերը՝ որպես քարոզչության միջոց

Դպրոցական կրթությունն ու դասագրքերը կարևոր գործիքներ են ազգային լինելը խթանելու և նույն ինքնությունը կիսող քաղաքացիների դաստիարակության գործում: Ներկայումս Ադրբեջանում որպես ազգաշինության հիմնական գաղափարախոսություն ընդունված է «ադրբեջանականությունը», որն ազգի քաղաքացիական հասկացությունն է։

Ադրբեջանի դեպքում բոլոր դպրոցների համար միասնական ուսումնական ծրագիր ունեցող կենտրոնացված կրթական համակարգը պահանջում է օգտագործել նույն դասագրքերը: Վերահսկողությունն ավելի հեշտ է այս դեպքում։

2020 թվականի հոկտեմբերին «Կրթության մասին» Ադրբեջանի օրենքը փոփոխվել է, և տարրական դպրոցների նպատակների ցանկում ավելացվել է ևս մեկը՝ «աշակերտներին հայրենասիրություն և հարգանք սովորեցնել ադրբեջանական ազգի արժեքների և խորհրդանիշների նկատմամբ»:

Ադրբեջանական գրականության 5-րդ դասարանի դասագրքում թուրք-ադրբեջանական տանդեմն այսպես է ներկայացվում.

- Իսկ թուրքն ո՞վ է։

- Թուրքը մենք են, աղջիկս։

- Բայց մենք ադրբեջանցի չե՞նք։

- Ոչ, աղջիկս, Ադրբեջանը մեր հողի անունն է։ Մեզ թուրքական աշխարհից բաժանելու համար նրանք մեզնից զավթեցին մեր կրոնը, այբուբենը։ Երբ մեծանաս, կիմանաս այս ամենը...

Ադրբեջանը փորձում է օգտագործել կրթական ոլորտը՝ սերմանելու այն քարոզչությունը, որը պետական մակարդակով կեղծվել է: Տարածքային հավակնություններ դրսևորելու հետ կապված այստեղ բացառություն է կազմում թերևս միայն Թուրքիան, որի հետ ունեն հատուկ հարաբերություններ և որտեղ բնակվող ժողովրդի հիմնական հատվածին ամեն կերպ փորձում են նույնացնել իրենց հետ:

Ադրբեջանի պատմության 5-րդ դասարանի դասագրքի կազմի վրա պատկերված է քարտեզ, որը ներառում է և՛ Հայաստանի, և՛ Արցախի Հանրապետության զգալի մասը:

Դասագրքերը հարմար առիթ են, որպեսզի աշակերտների մեջ սերմանեն պատմական խեղաթյուրված իրողությունները՝ հատկապես պատկերների միջոցով: Ադրբեջանցիները կեղծարար են, և դասագրքերի այն հատվածը, որտեղ ներկայացվում են իբրև Ադրբեջանի կազմավորման փուլերը, հակասում է իրական պատմությանը:

Ադրբեջանն առաջ է տանում այն դրույթը, ըստ որի՝ ադրբեջանցի ժողովրդի ձևավորումը, սկսվելով հնագույն շրջանում, ավարտվել է 9-րդ դարում, իսկ 19-րդ դարի վերջին, կապված ադրբեջանցի ժողովրդի ազգային ինքնության հստակեցման հետ, ի հայտ է եկել ադրբեջանական ազգը:

Համաձայն թշնամու կեղծ պնդումների՝ իբր ներկայիս Ադրբեջանի տարածքում բնակված բնիկ և եկվոր բոլոր ցեղերն ու ժողովուրդները պատմության ընթացքում միաձուլվել են այդ տարածքում բնակվող թյուրքական ցեղերի հետ, ինչի արդյունքում ձևավորվել է այսպես կոչված ադրբեջանական ժողովուրդը: Նաև նշվում է, որ ադրբեջանական ժողովրդի կազմավորման գործընթացն ավարտվել է 7-9-րդ դարերում:

Ադրբեջանը, իր «պատմական հայրենիքի» սահմանները գծելով, իրեն է վերագրում պատմության ընթացքում այնտեղ տեղի ունեցած գրեթե բոլոր իրադարձությունները: Միևնույն ժամանակ այդ տարածքները համարելով իրենցը՝ ադրբեջանցի հեղինակները բացահայտ տարածքային նկրտումներ են դրսևորում հարևան բոլոր պետությունների նկատմամբ:

7-րդ դասարանի ադրբեջանական «Ղարաբաղի պատմություն» դասագրքում ներկայացվում է, որ մուսուլման բնակչության նկատմամբ ցեղասպանություն է իրականացվել, իսկ որպես հնագույն ադրբեջանական հողեր են ներկայացվում ոչ միայն Գյանջան, Բաքուն, այլև Երևանը:

Ադրբեջանի 6-րդ դասարանի պատմության գրքում՝ քարտեզի վրա 1-4 նշված է Արցախ անունը և տեղանքը։

Ինչ վերաբերում է հայագիտությանը, այն Ադրբեջանում վաղուց է հայտնվել պետական ուշադրության ներքո։ Բաքվի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, ռազմական բուհերում, անվտանգության ծառայություններում թիրախային ուսուցում են կազմակերպում։

«Պատմություն» առարկայի առանձնահատկությունները հատկապես դասագրքերում պետք է ներկայացվեն ճշգրիտ՝ առանց ավելորդ խեղաթյուրման: Հայոց պատմության դասագրքերը, ի տարբերություն Ադրբեջանի պատմության դասագրքերի, կարիք չունեն խեղաթյուրման, հայերը բնիկներ են, ոչ թե եկվոր, և որևէ կերպ այդ փաստը հնարավոր չէ կասկածի տակ դնել։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Mektub
Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել
Salmına
Ներկայումս ամենամեծ նպատակներից մեկը «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալն է․ Սաբինա Սալմանովա