ֆ

Ինչո՞ւ է Լավրովը փորձում Հայաստանի կենսական շահերի հաշվին ռեինկարնացիայի ենթարկել «եռակողմ հայտարարությունը»

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում Լավրովն ասում է, որ Արևմուտքի նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է, և ո'չ թե խաղաղություն բերելը ի տարբերություն Ռուսաստանի։

Հետո  ավելացնում է, որ միակ ելքը 2020 թվականի եռակողմ հայտարարության կետերի կատարումն է բարձր պայմանավորվող կողմերի կողմից։

Իհարկե, Լավրովը ճիշտ է ասում, երբ ասում է, որ Արեւմուտքի նպատակը Ռուսաստանին Հարավային Կովկասից (և ո'չ միայն) դուրս մղելն է և ազդեցության գոտին նեղացնելը, սակայն Լավրովն ակնհայտորեն իր հայտարարությունը ուղղում է ընդդեմ Հայաստանի ազգային շահերի, երբ խոսում է մի կողմից «եռակողմ հայտարարության» դրույթների կատարման մասին հավանաբար նկատի ունենալով 9-րդ կետը (Հայաստանով անցնող ճանապարհ, որի վերահսկողությունը պետք է իրականացնի ՌԴ ԱԴԾ-ն): Եռակողմ հայտարարությունը Արցախի մասին էր առաջին հերթին և Արցախն ու Հայաստանը միացնող «Լաչինի միջանցքի», բոլոր ռազմագերիներին փոխանակելու մասին էր, որոնցից որևէ մեկը չի պահպանվել Ադրբեջանի կողմից, իսկ ՌԴ-ն չի կարողացել երաշխավորել դրանց պահպանումը։

Եւ ի վերջո` եթե չկա Արցախ, Լաչինի միջանցք, ապա ակնհայտորեն չկա նաեւ եռակողմ հայտարարություն։

Հետաքրքիր է, թե Լավրովը ինչո՞ւ է անընդհատ փորձում Հայաստանի կենսական շահերի հաշվին ռեինկարնացիայի ենթարկել հազարերորդ անգամ սպանված «եռակողմ հայտարարությունը», որը ի միջի այլոց, կարելի է համարել նաեւ «Ռուսաստանի վստահության հանրաքվե Հարավային Կովկասում»։ Ռուսաստանը այդ քննությունը չհանձնեց, ու այստեղ բոլորովին կարեւոր չէ, թե ովքեր են Հայաստանի իշխանությունները, կամ ինչ նպատակներ են հետապնդում։ Գերտերությունները իրենց շահերը սպասարկում են անգամ հազարավոր մարմինների վրայով անցնելով։ 

Նայեք ԱՄՆ-ին, նայեք անգամ Իսրայելին...»: 

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն