2024 թ. լրանում է օսմանյան զավթիչների դեմ Երևանի եռամսյա հերոսամարտի 300-ամյակը. կնշվի՞ այդ օրը պետական ամենաբարձր մակարդակով
Քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2023 թ. դեկտեմբերին «Հայկական քաղաքագիտական հանդես»-ում լույս տեսավ հետևյալ հոդվածս՝ «ԸՆԴԴԵՄ 1724 Թ. ԵՐԵՎԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՂՃԱՏՄԱՆ». – №1 (19) 2023, էջ 127-170։ Հոդվածը նախապես հրապարակել էի համացանցում դեռևս 2023 թ. հուլիսի 22-ին՝ այդ մասին ծանուցելով նաև ՖԲ-իս էջին։
Հիշեցնեմ, որ 2024 թ. լրանում է օսմանյան զավթիչների դեմ Երևանի եռամսյա հերոսամարտի 300-ամյակը։ Պետք է հուսալ (թեև անձամբ լավատես չեմ), որ Երևանի 1724 թ. հերոսական պաշտպանության տարեդարձը նշվելու է պետական ամենաբարձր մակարդակով։ Այդ առթիվ ստեղծվելիք կառավարական հանձնաժողովը, ինչպես նաև Հայկական բանակը, գիտակրթական հիմնարկները, հասարակական կազմակերպությունները և լայն հանրությունը, տարատեսակ միջոցառումներ ծրագրելիս, բնականաբար, ապավինելու են Երևանի պաշտպանության մասին առկա պատմագիտական ուսումնասիրություններին՝ այդտեղից քաղելու համար համապատասխան պատմական փաստերը, ներառյալ հիմնական դեպքերի ամսաթվերը։
Ցավոք, 2022 թ. հրապարակված մի հոդվածում լիովին աղավաղվել են այդ նշանակալի պատմական իրադարձության ժամանակագրությունն ու հարակից հանգամանքները։ Հոդվածը զարմանալիորեն անցել է գիտական տարբեր ատյանների խողովակներով և չի արժանացել պատշաճ բացասական գնահատականի։ Ավելին, հոդվածը հրապարակվել է ԵՊՀ-ի «Հայագիտության հարցեր» հանդեսում (2022, № 2, էջ 55-75), ապա վերահրատարակվել ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտական խորհրդի երաշխավորությամբ լույս տեսած ժողովածուում («Երևանի միջնադարի ու նոր ժամանակների պատմությունը և ադրբեջանական կեղծարարությունը»։ Գիտական հոդվածների ժողովածու։ Խմբագիր՝ Ա․ Եղիազարյան։ Երևան. «Մեկնարկ», 2023, էջ 83-122)։
Տարակուսելի է, թե ինչպես է այդ բազմասխալ հոդվածը ոչ միայն տպագրության հասել, այլև մինչ այդ ստացել ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությունը։ Ի դեպ, ժողովածուի խմբագիրը հենց գրախոսվող սխալաշատ հոդվածի հեղինակն է։ Ժողովածուն ևս լույս է տեսել ՀՀ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։
Գրախոսվող հոդվածում վերահաստատվում է 1724 թ. Երևանի պաշտպանության և հարակից իրադարձությունների ժամանակագրությունն ու ընթացքն այնպես, ինչպես դրանք որոշվել են դեռևս 1991 թ. հրապարակված վերլուծական հոդվածում՝ լրացվելով ու հավաստվելով 2006 և 2022 թթ. հրապարակված հաջորդական ուսումնասիրություններում։ Այդ ժամանակագրությունը ներկայացված է ստորև։
1724 թ. ապրիլի կեսերին օսմանյան բանակը ներխուժում է Արարատյան երկիր:
Ապրիլի 20-ից մինչև 24-ը ընկած օրերից մեկին տեղի է ունենում Եղվարդի ճակատամարտը՝ Երևանի Ալի-կուլի խանի 12000-անոց անկազմակերպ զորքի և օսմանյան 1800-հոգանոց առաջապահ զորագնդի միջև, որն ավարտվում է օսմանցիների հաղթանակով։ Ալի-կուլի խանը նահանջում է և ամրանում Երևանի բերդում:
Ապրիլի 25-ից հունիսի 4-ին տեղի է ունենում Կարբի գյուղաքաղաքի 40-օրյա ինքնապաշտպանությունը:
Հունիսի 14-ին՝ 10-օրյա բանակցություններից հետո Կարբին հանձնվում է օսմանցիներին:
Հունիսի 24-ին օսմանյան բանակն սկսում է Երևանի պաշարումը:
Հունիսի 26-ին օսմանցիները գրավում են Երևանի բերդին կից գտնվող որոշ թաղամասեր, ներառյալ Հին Երևան թաղամասը: Քաղաքի և շրջակա ութ գյուղերի հայության մեծ մասը, կենտրոնանալով Ձորագյուղ (Ձորագեղ) և Կոնդ թաղամասերում, մոտ 11500 զինյալ մարտիկներ տրամադրելով, կազմակերպում է ուժեղ ինքնապաշտպանություն: Երևանի բերդը և «քաղաքը» ենթարկվում են ընդհանուր միասնական պաշարման: Բերդում ամրացած Երևանի խանի հրամանով «քաղաքի» (այն է՝ այդ պահին չգրավված մնացած Ձորագյուղ և Կոնդ թաղամասերի) պաշտպանությանը մասնակցում են նաև Երևանի մուսուլմանա-կան ուժերը (անհայտ է մնում՝ դրանք կայազորի ստորաբաժանումնե՞րն էին, թե՞ քաղաքի մահմեդականներից կազմված աշխարհազորայինները):
Ապրիլ-հունիսին կտրուկ սրվում են նախիջևանահայության և պարսկա-կան իշխանությունների փոխհարաբերությունները:
Հուլիսի երկրորդ կեսին նախիջևանահայության պարագլուխները որոշում են ապստամբել պարսկական իշխանությունների դեմ և անցնել օսմանցիների կողմը:
Հուլիսի 30-ին օսմանյան զորաբանակը գրավում է Նախիջևանը:
Հուլիսի երկրորդ կես-օգոստոսի 27-ին պարսկական ստվարաթիվ զորաբանակով՝ պաշարված Երևանին օգնության շտապող սիփահսալար Մանսուր-խանը հանգրվանում է Օրդուբադում և, կայուն թիկունք ապահովելու նպատակով, միջոցներ ձեռնարկում տեղական մուսուլմանական ուժերին՝ Դավիթ-բեկի (Սյունյաց) իշխանապետության մեջ գտնվող մեղրեցիների հետ հաշտեց-նելու ուղղությամբ:
Օգոստոսի 14-ին օսմանյան զորքերը ձեռնարկում են ընդհանուր գրոհ Երևանի վրա: Ըստ ամենայնի, այդ գրոհը բերդի վրա չէր տարածվում և ուղղված էր միայն պաշտպանության մեջ համեմատաբար թույլ օղակ համարվող «քաղաքի» դեմ: «Քաղաքում» գտնվող մահմեդականները, լքելով պաշտպանական դիրքերը, փախչում են և ապաստանում Երևանի բերդում: Այդ օրվանից ի վեր հայերը միայ-նակ են իրականացնում «քաղաքի», այն է՝ Ձորագյուղ-Կոնդի պաշտպանությունը:
Օգոստոսի 18-ին չորս օր առաջ Ձորագյուղի համար սկսված կատաղի մարտերը ավարտվում են Երևանի հայ պաշտպանների հաղթանակով և օսմանցիների ծանր պարտությամբ: Մասնավորապես, միայն այդ օրը սպանվում է 6000 օսմանցի զինվոր։ Հայկական աշխարհազորից զոհվում է 1300 հոգի:
Օգոստոսի 19-24-ի միջև օսմանցիները նոր կատաղի գրոհ են ձեռնարկում Կոնդի վրա: Հայերը հաջողությամբ հետ են մղում նաև այդ հարձակումը:
Օգոստոսի 27-ին Նախիջևանի հայկական զորաջոկատների օժանդակությամբ օսմանցիները ջախջախում են Երևանի խանի եղբայր Մանսուր-խանի պարսկական զորաբանակը և գրավում են Օրդուբադը:
Սեպտեմբերի 7-ին Սարը-Մուստաֆա փաշայի՝ Թիֆլիսից դուրս եկած բանակը միանում է Երևանը պաշարած օսմանյան զորախմբին:
Սեպտեմբերի 8-ին օսմանցիները գրավում են Երևանի «քաղաքի» վերջին զանգվածը՝ Ձորագյուղը: Շուրջ 30000 հայ կոտորվում է, հազարներ քշվում են գերության:
Սեպտեմբերի 16-ին Երևանի բերդում պատսպարված պարսկական կայազորը, Աստվածատուր Ա Համադանցի կաթողիկոսի միջնորդությամբ, սկսում է օսմանցիների հետ բանակցություններ վարել՝ հանձնվելու պայմանների մասին:
Սեպտեմբերի 23-ին Երևանի բերդը հանձնվում է օսմանցիներին»:
Ավելացնել նոր մեկնաբանություն