Երրորդ համաշխարհային պատերազմ կամ 2023 թվականի հակամարտությունները
2023 թվականին վերջին 30 տարվա ընթացքում աշխարհում գրանցվել է տարածաշրջանային հակամարտությունների ռեկորդային թիվ՝ 183 հակամարտություն։
Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի վերլուծաբանների տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում բռնության դեպքերն աճել են 28%-ով, իսկ մահվան դեպքերը՝ 14%-ով։ Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ ժամանակակից գլոբալ հակամարտությունների ընդհանրությունն այն է, որ դրանց լուծման ուղիները տեսանելի չեն։
«Դետքը» առանձնացրել է 2023 թվականի տարածաշրջանային և համաշխարհային ամենամեծ հակամարտությունները, որոնց հանգուցալուծումը դեռևս անհայտ է։
Եթե Ամերիկայում տարածաշրջանային հակամարտությունների մեծ մասը պայմանավորված է հանցավոր խմբերի միջև բախումներով, ապա Եվրասիայում դրանց պատճառ են դարձել տարածքային վեճերը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո։ Անցած տարում հակամարտությունների մեջ են գտնվել Արցախը, Ուկրաինան, Գազայի հատվածը, Սիրիան, Բրազիլիան, Մյանմարը, Մեքսիկան, Իրաքը, Հարավային Սուդանը, Հարավային Լիբանանը, Սոմալին և Աֆղանստանը:
Արցախում էթնիկ զտումներ
Թերևս Հայաստանի համար 2023 թվականի ամենամեծ հարվածն Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակումն ու արցախահայության դեմ աշնան սկզբին նախաձեռնած էթնիկ զտումներն էին, որոնք ունեցել են ակնհայտ հայատյացության ու ցեղասպանական դրսևորումներ։
Այդ շրջանում հայերի նկատմամբ իրականացվող հանցագործություններն ուղեկցվել են քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների զանգվածային սպանություններով, զոհերի նկատմամբ ուղեկցվող դաժան վերաբերմունքով, իգական սեռի նկատմամբ կատարված բռնություններով, առևանգումներով, գերեվարումներով, երեխաներին սպանելու սպառնալիքներով, տասնյակ հազարավոր հայերի իրենց բնակավայրերից բռնի տեղահանությամբ։
44-օրյա պատերազմից հետո 2021 թվականին վերսկսված հայ-ադրբեջանական սահմանային բախումները հանգեցրին նրան, որ Ադրբեջանն ապօրինի անցակետ տեղադրեց Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհին՝ 9 ամսով հումանիտար ճգնաժամի մատնելով արցախահայությանը։ Այդ ընթացքում առևանգումներով, ֆիզիկական և հոգեբանական հալածանքով, բնակչությանը զանգվածային սովի հարկադրելուց հետո 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը հարձակում սկսեցին Արցախի Հանրապետության դեմ։
Հումանիտար ճգնաժամից և իննամսյա ամբողջական շրջափակումից հետո ռազմական ագրեսիայի հետևանքով արցախահայությունը բռնեց հարկադրված գաղթի ճանապարհը, որի ժամանակ մահացավ 64 մարդ։ Ավելի քան 100.000 մարդ մնաց առանց տուն ու հայրենիք։
Արցախյան հակամարտությունը դեռևս հանգուցալուծված չէ։
Ռուս-ուկրաինական պատերազմ
2022 թվական փետրվարի 21-ին Ռուսաստանը ճանաչում է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը, որին հաջորդում է զինված ուժերի մուտքն Ուկրաինայի տարածք։ Այս հակամարտությունը դարձավ Եվրոպայում ամենամեծ ռազմական հակամարտությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ավելի քան 2.9 մլն ուկրաինացիներ լքեցին երկիրը, գրանցվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում փախստականների ամենամեծ ճգնաժամը։
Պատերազմի ընթացքում Ուկրաինան Եվրոպայից և հիմնականում ԱՄՆ-ից ստացավ միլիարդավոր դոլարների հումանիտար ու ռազմական օգնություն։ 2023 թվականի ավարտին Միացյալ Նահանգները այս օգնությունը ավելացրեց ևս 250 միլիոն դոլարով։
Ուկրաինային տրամադրվող օգնությանը զուգահեռ Ռուսաստանի դեմ ընդունվեցին մի շարք պատժամիջոցներ։ Տարեվերջին ԵՄ-ն ընդունեց այդօրինակ պատժամիջոցների 12-րդ փաթեթը։
Ռուս-ուկրաինական հակամարտության հանգուցալուծումը, ըստ կողմերի և վերլուծաբանների, դեռևս չի երևում։
«Երկաթե սուր» գործողությունը Գազայի հատվածում
2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի գլխավորած պաղեստինյան զինված խմբերը Գազայի հատվածից ներխուժեցին Իսրայել։ Ռեյմի մոտ «Nova» փառատոնի ժամանակ սպանվեց 1200 իսրայելցի (ներառյալ երաժշտական փառատոնի հարյուրավոր մասնակիցներ), 364-ը պատանդ վերցվեցին, սեռական բռնության բազմաթիվ դեպքեր գրանցեցին իսրայելցի կանանց և աղջիկների, ինչպես նաև տղամարդկանց նկատմամբ: Հարձակումը Հոլոքոստից ի վեր հրեաների ամենամեծ զանգվածային սպանությունն էր և պատմության մեջ պաղեստինյան ահաբեկչության ամենամեծ գործողությունը:
Ի պատասխան այդ ամենի՝ Իսրայելի կառավարությունը հայտարարեց ռազմական դրություն և սկսեց «Երկաթե սուր» գործողությունը Գազայի հատվածում։ Մինչ արևմտյան երկրները (Ուկրաինան, Ղազախստանը, Հնդկաստանը, Սինգապուրը, Ճապոնիան) դատապարտեցին ՀԱՄԱՍ-ին ջարդերի և ռազմական հանցագործությունների համար, գրեթե բոլոր արաբական և մահմեդական երկրները, ընդհակառակը, մեղադրեցին Իսրայելին՝ պնդելով, որ հակամարտության պատճառը Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների օկուպացիան էր։
Ռազմական գործողությունների արդյունքում, դեկտեմբերի 12-ի տվյալներով, Իսրայելի զինուժն ունեցել է 105 զոհ։ Նոյեմբերի 22-ի դրությամբ Գազայի հատվածում զոհվել է 14.000-ից ավելի պաղեստինցի, 35.000-ը վիրավորվել է, իսկ 7000-ը համարվում է անհետ կորած։
Հակամարտության ավարտը, թվում էր, նշմարվեց տարեվերջին, երբ պայմանավորվածություն ձեռք բերվեց գերիների փոխանակության վերաբերյալ։ Նոյեմբերի 24-ին Գազայի հատվածից ազատ արձակվեց 105 պատանդ, այդ թվում՝ ոչ միայն իսրայելցիներ, այլև այլ երկրների քաղաքացիներ։ Ըստ պայմանավորվածության՝ գերիների փոխանակման ժամանակ պիտի պահվեր հրադադարի ռեժիմը, և ՀԱՄԱՍ-ի կողմից ազատ արձակվող յուրաքանչյուր 10 պատանդի դիմաց այն կերկարաձգվեր ևս մեկ օրով։ Սակայն դեկտեմբերի 1-ին ՀԱՄԱՍ-ը վերսկսեց Իսրայելի հրետակոծումը։
Մինչ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարում էր, որ Գազայի հատվածում մարտերը կշարունակվեն ևս մի քանի ամիս, Համաշխարհային սիոնիստական կազմակերպությունը նշում է, որ հակասեմիտիզմի (ազգային և կրոնական անհանդուրժողություն հրեաների նկատմամբ) դրսևորումների թիվն ամբողջ աշխարհում 2022 թվականի համեմատ աճել է 500%-ով։
Սիրիացի իսլամիստների խոշոր գործողությունը
2023 թվականի դրությամբ սիրիական կառավարության և ապստամբ խմբերի միջև հակամարտությունում ակտիվ մարտերը հիմնականում թուլացել են, սակայն երբեմն-երբեմն բռնկումներ են եղել Սիրիայի հյուսիս-արևմուտքում։ Թեև 2023 թվականի սկզբին զեկույցները ցույց են տվել, որ Սիրիայում «Իսլամական պետության» ուժերը հիմնականում ջախջախվել են, և միայն մի քանի բջիջներ են մնացել տարբեր հեռավոր վայրերում, բայց տարեսկզբին՝ փետրվարի 17-ին, սիրիական Հոմս նահանգի Սուխնա քաղաքի հարավ-արևմուտքում գտնվող անապատում ԻՊ-ի զինյալների ջոկատը հարձակվեց մի խումբ ֆերմերների և սիրիացի զինվորականների ուղեկցողների վրա: Հարձակման հետևանքով զոհվեցին առնվազն 61 խաղաղ բնակիչ և 7 կառավարական զինվոր։ Հարձակումը տեղի ունեցավ նույն տարածքում ԻՊ-ի նախորդ հարձակումից անմիջապես հետո, երբ զինյալներն առևանգեցին և մահապատժի ենթարկեցին 16 խաղաղ բնակչի:
Այս միջադեպը դարձավ սիրիացի իսլամիստների ամենախոշոր գործողություններից մեկը 2018 թվականից ի վեր։
Պատերազմը Աֆղանստանում
Աֆղանստանում պատերազմը սկսվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո։ Ամերիկյան կոալիցիան ՆԱՏՕ-ի աջակցությամբ մտավ Աֆղանստան՝ թալիբների ռեժիմը տապալելու և «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորումը վերացնելու համար։ Երկար տարիներ տևած պատերազմից հետո 2021 թվականին ԱՄՆ-ն դուրս բերեց զորքերն Աֆղանստանից, որի արդյունքում մինչև օգոստոսի 15-ը երկրի գրեթե ողջ տարածքը հայտնվեց «Թալիբան» իսլամական շարժման վերահսկողության տակ։
Այսպես՝ 2023 թվականի գարնանը կրկին սկսվեցին բախումները թալիբների և Իրանի սահմանապահների միջև։ Դրան ի պատասխան՝ իրանական բանակը հրետանային հարված հասցրեց թալիբների դիրքերին, ինչի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 3 մարդ, ոչ պաշտոնական տվյալներով՝ առնվազն 14։ Մի քանի բախումներից հետո կողմերը կարգավորեցին իրավիճակը։
Ավելացնել նոր մեկնաբանություն