Դետք

Անամոթաբար յուրացնելուց առաջ գոնե կողմնորոշվեք. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրել է. «Բաքվի բարբարոսական վարչախումբն իր արհեստածին կազմավորման նույնքան արհեստական ինքնությունը կերտելու նպատակով այլոց մշակութային ժառանգությունը յուրացնելու գործում չունի նույնիսկ միասնական «սկզբունք»:

Դիցուք, թյուրքերեն մի տող անգամ չգրած պարսից գրականության երևելի բանաստեղծներից Նիզամի Գանջավին համարվում է «ադրբեջանական գրականության դասական» միայն այն «հիմնավորմամբ», որ ծնվել է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման կողմից այսօր վերահսկվող տարածքում, իսկ Իրաքում ծնված և ապրած Մուհամմադ Ֆիզուլին յուրացվում է միայն այն «փաստարկով», որ գրել է նաև թյուրքերենով։ Այսինքն՝ մի դեպքում գործածվում է միայն տարածքային «փաստարկը», մյուսի պարագայում՝ լեզվականը։ 

Գրեթե նույնանման պատկեր է տոլմայի և խաշի յուրացման հետ կապված։ Երբ խոսքը գնում է տոլմայի մասին, Բաքվի բարբարոսսկան վարչախմբի կեղծարարները կիրառում են լեզվական «փաստարկը»՝ թե դրա անվանումն ունի թյուրքական ծագում՝ մոռանալով այն մասին, թե, օրինակ, իրենց խաշնարած նախնիներն ինչպե՞ս պետք է աճեցնեին խաղողի թուփ, կաղամբ և լցոնման համար անհրաժեշտ այլ բանջարեղեն։ 

Մինչդեռ խաշի յուրացման ժամանակ լեզվական «կռվանն» ամբողջությամբ դուրս է թողնվում, որովհետև ճաշատեսակի անվանումը բնիկ հայկական է՝ հնդեվրոպական ծագման գրաբարյան «խարշ» արմատից, որից աշխարհաբարում ունեք «խաշել», «խաշ», «խաշիլ» և այլ բառաձևեր, որոնք փոխառվել են ադրբեջաներենում՝ «xaşlamaq»՝ «խաշել», «xaş»՝ «խաշ», «xəşil»՝ «խաշիլ» և այլն։

Այստեղ են ասել՝ անամոթաբար յուրացնելուց առաջ գոնե կողմնորոշվե՛ք»։

Ավելացնել նոր մեկնաբանություն