ՖԱԹՀ և ՊԱԿ

ՖԱԹՀ և ՊԱԿ

Հեղինակ
Մեսրոպ Պողոսյան
ՖԱԹՀ և ՊԱԿ

1950-ականներին Քուվեյթում սկիզբ առավ Պաղեստինի ազգային ազատագրության շարժումը, որն ավելի հայտնի է ՖԱԹՀ անունով: Բայց ստեղծման պաշտոնական օրը համարվում է 1965 թ. հունվարի 1-ը, երբ ՖԱԹՀ-ը իրականացրեց առաջին ահաբեկչական գործողությունն Իսրայելում:

ՖԱԹՀ-ի ձևավորմանը հաջորդեց մեկ այլ կարևոր կառույցի՝ ՊԱԿ-ի՝ Պաղեստինի ազատագրության կազմակերպության ստեղծումը: ՖԱԹՀ-ի հիմնադիրների շարքում էր նաև Յասիր Արաֆաթը, որը 1969 թ. գլխավորեց ՊԱԿ-ը: Մինչև հիմա էլ ՖԱԹՀ-ի ներկայացուցիչները մեծամասնություն են կազմում ՊԱԿ-ում և մեծապես ազդում նրա քաղաքականության վրա:

ՊԱԿ-ը ձևավորվել է 1964 թ. Արաբական երկրների լիգայի որոշմամբ՝ Պաղեստինն ազատագրելու և Պաղեստինի արաբ ժողովրդի իրավունքները պաշտպանելու նպատակով: ՊԱԿ-ի ծրագրային փաստաթուղթը Պաղեստինյան խարտիան է, որն ընդունվել է 1968 թ. Կահիրեում: Ըստ Պաղեստինյան խարտիայի՝

° Պաղեստինի ազատագրումը համարվում է ազգային պարտավորություն՝ ցույց տալու սիոնիստական իմպերիալիստական ագրեսիան արաբ ժողովրդի նկատմամբ և վերացնելու սիոնիստական ներկայությունը Պաղեստինում:

° 1947 թ. Իսրայելի ստեղծումը չի կարող ճանաչվել, որովհետև դա հակասում է Պաղեստինի ժողովրդի կամքին:

° Պաղեստինի արաբ ժողովուրդը մերժում է ցանկացած այլ որոշում՝ բացի Պաղեստինի ամբողջական ազատագրումից:

° Զինված պայքարը միակ ճանապարհն է Պաղեստինի ազատագրման համար:

1968 թ. ՊԱԿ-ի կազմի մեջ մտավ ՖԱԹՀ-ը, վերջինիս առաջնորդ Յասիր Արաֆաթն էլ դարձավ ՊԱԿ-ի ղեկավար: ՊԱԿ-ի կազմում գործում էին նաև «Սև սեպտեմբեր» ահաբեկչական կազմակերպությունը և «Պաղեստինի ազատագրման ազգային ճակատը»:

1960-1970-ականներին պաղեստինցիների ահաբեկչական կազմակերպությունները կենտրոնացել էին Հորդանանում, այնտեղից նրանք պարբերաբար հարձակումներ էին գործում Իսրայելի վրա: 1968 թ. ՊԱԿ-ը համագործակցեց այդ ժամանակ Հորդանանում օրենքից դուրս գտնվող 3 խմբավորման հետ՝ Արաբական ազգային շարժում, բաասականներ և կոմունիստներ: 1970 թ. հորդանանյան իշխանությունների դիմադրությունը պաղեստինյան ուժերի նկատմամբ ի վերջո հանգեցրեց զինված հակամարտության: Սեպտեմբերի 16-ին թագավոր Հուսեյնը երկրում հայտարարեց ռազմական դրություն: Նույն օրն Արաֆաթը դարձավ Պաղեստինի ազատագրության զորքերի հրամանատար, սկսվեց քաղաքացիական պատերազմ: ՊԱԿ-ին ակտիվորեն օժանդակում էր Սիրիան, իսկ Իսրայելը պատրաստ էր օգնություն ցուցաբերել Հորդանանին: Սակայն հորդանանյան զորքերն առավելություն ձեռք բերեցին, և ՊԱԿ-ի զինվորներն Արաֆաթի գլխավորությամբ ստիպված էին փախչել Լիբանան: 1971 թ. էլ Հարավային Լիբանանն ամբողջապես հայտնվեց ՊԱԿ-ի ազդեցության տակ: 1975 թ. ՊԱԿ-ը փաստացի Լիբանանում ստեղծել էր իր պետությունը՝ ՖԱԹՀ-լենդ: 1975 թ. Լիբանանում ևս սկսվեց քաղաքացիական պատերազմ իշխանական ուժերի և պաղեստինյան զինվորների միջև: Սիրիայի նախագահ Ասադը, որ սկզբնապես օժանդակում էր ՊԱԿ-ին, խուսափելով Լիբանանում նրա տիրապետության հաստատումից, զորքեր ուղարկեց ՊԱԿ-ի դեմ: Քաղաքացիական պատերազմի առաջին փուլն Արաֆաթի համար ավարտվեց պաղեստինցիների համար ամենակարևոր ռազմական ճամբարի՝ Թել Զաաթարի գրավումով: Իսրայելը, համագործակցելով Լիբանանի քրիստոնյաների հետ, իրականացրեց 2 ռազմական գործողություն պաղեստինցիների դեմ: Արաֆաթը հարձակման էր ենթարկվել բոլոր կողմերից: Արևմտյան Բեյրութը, որտեղ կենտրոնացած էին ՊԱԿ-ի հիմնական ուժերը, ենթարկվեց Իսրայելի հարձակումներին, Արաֆաթը եվրոպական և ամերիկյան միջամտությամբ ստիպված եղավ թողնել Լիբանանը և հաստատվեց Թունիսում, Իսրայելն ի պատասխան զորքերը դուրս բերեց Արևմտյան Բեյրութից: Սակայն շուտով ՊԱԿ-ի զինված ուժերի կողմից սպանվեց Լիբանանի նոր ընտրված նախագահը, որից հետո Իսրայելը կրկին զորքերը մտցրեց Բեյրութ: 1985 թ. հոկտեմբերի 1-ին ՊԱԿ-ի շտաբը Թունիսում ռմբակոծվեց իսրայելական ուժերի կողմից, բայց Արաֆաթը կարողացավ փրկվել:

1993 թ. սկզբում Իսրայելի արտգործնախարար Շիմոն Պերեսը սկսեց գաղտնի բանակցություններ վարել ՊԱԿ-ի հետ: Արդյունքում 1993 թ. սեպտեմբերի 13-ին Իցհակ Ռաբինը և Արաֆաթը ստորագրեցին հռչակագիր, որով հաստատվում էր Պաղեստինյան ինքնավարություն 5 տարով, ՊԱԿ-ը խարտիայից հանելու էր Իսրայելի ոչնչացման մասին կետը, իսկ Իսրայելը ՊԱԿ-ը ճանաչում էր որպես Պաղեստինի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ: Այս համաձայնագիրը թույլ տվեց 1996-1997 թթ. կոնկրետ քայլեր կատարել Պաղեստինի ազգային վարչության ստեղծման համար: Վերջինիս նախագահ ընտրվեց Յասիր Արաֆաթը:

Ամեն դեպքում, Պաղեստինյան ինքնավար տարածքում ՊԱԿ-ի հովանավորության տակ գործել են ահաբեկչական այնպիսի կառույցներ, ինչպիսիք են ՀԱՄԱՍ-ը, «Իսլամական ջիհադը»: Օսլոյի համաձայնությունից հետո ՊԱԿ-ի ղեկավար Արաֆաթը դատապարտեց ահաբեկչություններն Իսրայելի բնակչության նկատմամբ: 2001 թ. դեկտեմբերին Իսրայելի կառավարությունն Արաֆաթի գլխավորած ՖԱԹՀ շարժումը, միաժամանակ նաև դրա մեջ մտնող «Թանզիմ» ճյուղը հայտարարեց ահաբեկչական կազմակերպություններ:

Մյուս կողմից էլ ՊԱԿ-ը և ՀԱՄԱՍ-ն ու «Իսլամական ջիհադը» միշտ եղել են թշնամական հարաբերությունների մեջ: 2007 թ. հունիսից էլ՝ ՀԱՄԱՍ-ի կողմից Գազայի շրջանի գրավումից հետո, ՊԱԿ-ի և ՀԱՄԱՍ-ի հարաբերություններն ավելի սրվեցին:

 

#Դետքի_հետագծով

Մեսրոպ Պողոսյան

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author