Հայաստանի Հանրապետության բանակի օր
Բանակը ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը,
նրա պատմության վերագնահատումը և հայացքը ապագային:
Վազգեն Սարգսյան
Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի օրն է։ Հայաստանի զինված ուժերի տոնը հաստատվել է 2001 թվականի հունվարի 6-ին Հայաստանի նախագահի ստորագրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով։ Հայաստանի բանակի տոնը նշվում է հունվարի 28-ին, քանի որ 1992 թվականի նույն այդ օրն ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» որոշումը։
Յուրաքանչյուր երկրի քաղաքական համակարգի կարևորագույն գործառույթն ու գլխավոր պարտականությունն ազգային անվտանգության ու հասարակության խաղաղ կենսագործունեության ապահովումն է, որի նպատակի իրագործման համար երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն օգտագործում է բոլոր լծակներն ու հնարավորությունները: Այս ամենի համատեքստում առանձնահատուկ տեղ ունի ռազմական ուժը:
Դժվարագույն պայմաններում Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ եղավ ազգային բանակի ստեղծմանը: Հայկական բանակը դարձավ պետության և ժողովրդի անվտանգության երաշխավորը և այսօր էլ շարունակում է պատվով կատարել այդ բարձր առաքելությունը:
Հայոց բանակի ստեղծումը և ընդհանրապես զինված ուժերի գործունեությունն ու
պատմությունն անքակտելիորեն կապված են հայոց պետականության ստեղծման
պատմական իրողության հետ, պետություն-ազգ-բանակ հարաբերությունները եղել ու շարունակում են մնալ փոխկապակցված, քանի որ անհնար է դրանցից որևէ մեկի
չգոյությունը։
«Մենք ապրում ենք մի այնպիսի անկանխատեսելի տարածաշրջանում, ուր «դատապարտված» ենք ուժեղ բանակ ունենալուն»,- ասել է սպարապետ Վազգեն Սարգսյանը` կարևորելով ժողովրդի ներուժն ու ներդրումը զինված ուժերի զարգացման գործում:
Ավելացնել նոր մեկնաբանություն